Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն հիմա որեւէ պատճառ չունի խանգարելու Հայաստանի կայունությանը

Ապրիլ 01,2015 15:00

Ըստ Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանի՝  Սերժ Սարգսյանը պատրաստ է ստորագրել ԵՄ-ի հետ փոխգործակցության քաղաքական մասը:

Kaidz-Minasyan_3-1

– Եվրոպական հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Արլեմ Դեզիրը վերջերս հայտնեց, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ ապրիլի 24-ին եւ 25-ին Երեւան եւ Բաքու այցի ժամանակ։ Ստացվում է, որ Օլանդը Հայաստան է գալու ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մասնակցելու նպատակով, այլեւ Ղարաբաղյան խնդրի համար: Ֆրանսիայի՝ վերջին շրջանի ակտիվությունը հաջողությամբ կպսակվի՞, հնարավո՞ր է առաջիկայում Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպում:

– Լարվածության սրացումը շփման գծում նախ պետք է մեղմել՝ հետո մտածել նոր հանդիպման կազմակերպման մասին: Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը ձգտում են փրկել բանակցային գործընթացը, որպեսզի ցույց տան, որ քաղաքական լուծումից բացի՝ այլ ճանապարհ չկա: Ադրբեջանական կողմը մտորում է այդ բանակցությունների անցկացման շուրջ: Նրանք համարում են, թե նոր համաձայնագրի շուրջ պետք է բանակցել՝ դրանով ձգտելով դուրս գալ մադրիդյան սկզբունքների քննարկումից, քանի որ դեմ են այդ սկզբունքներին արդեն երեք տարի, եթե ոչ՝ ավելի: Այսօր ադրբեջանցիները կարեւորում են առավելապես բանակցությունների տնտեսական ազդակը: Ինչպես հայտնի է, նավթի գները նվազեցին, եւ ներդրումներն ավելի քիչ են, քան ակնկալում էին, ուստի այս երկու պատճառներն են նրանց ստիպում հանդես գալ բանակցությունների նկատմամբ երկակի ձեւով:

 

– Ակնհայտ է, որ Ադրբեջանը վարում է շփման գիծը մշտապես լարված պահելու, դիվերսիաների ու սադրանքների դիմելու քաղաքականություն: Վերջին ամիսներին լարվածությունը պահպանելու այս ձգտումը համարժեք արձագանքի չի արժանանում Արեւմուտքի կողմից: Ձեր կարծիքով՝ ի՞նչ աշխատանք է պետք տանել դիվանագիտական ճակատում, որպեսզի Ադրբեջանի իշխանությունների գործողությունները զսպվեն: Ինչո՞ւ է Ադրբեջանն այպիսի մարտավարություն ընտրել, ինչի՞ է ձգտում:

– Եթե ադրբեջանական կողմն այդ ահավոր ճնշումը չկիրառի հայկական կողմի վրա, այդ լծակը չօգտագործի` դիվերսիաներով, սադրանքներով, ուրեմն նշանակում է, որ հաշտվել է ԼՂ-ի կորստի հետ: Ուրիշ ճար չունեն պարզապես: Քանի որ կտրականապես դեմ են մադրիդյան սկզբունքներին, բայց չեն կարող այդ մասին բաց ասել, մնում է օգտվել մյուս տարբերակից` մշտական դիվերսիաներ ու լարվածություն սահմանին, որպեսզի ցույց տան միջազգային հանրությանը, թե ԼՂ հարցը լուծված չէ, ու քանի դեռ լուծված չէ հարցը` շարունակելու են սադրանքներն ու դիվերսիոն գործողությունները: ՀՀ իշխանությունը, դիվանագիտությունը (նախ` ո՞ւր էր ՀՀ դիվանագիտությունը երեք, եթե ոչ՝ ութ տարի), եթե հակառակորդն այսպիսի ճնշումների է դիմում, պետք է ավելի ակտիվ բարձրաձայնի, որ մինչեւ միջազգային հանրությունը Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդների անվտանգությունը չերաշխավորի, ոչ թե առհասարակ կհրաժարվենք բանակցություններից, այլ որոշակի պասիվություն կդրսեւորենք, որովհետեւ դիվանագիտական ճակատում արել ենք այնքան, որից ավելին այլեւս անհնար է: Երեք տարբերակ գոյություն ունի՝ կա՛մ Հայաստանը հետ է քաշվում, ու Ղարաբաղի իշխանությունները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, կա՛մ պատերազմ, որը որեւէ մեկը չի ցանկանում, կա՛մ երրորդ տարբերակը` Ղարաբաղի ճանաչման գործընթացի մեկնարկ` Հայաստանի կողմից: Ադրբեջանական կողմը միայն տարածքային ամբողջականության սկզբունքի մասին է բարձրաձայնում, մինչդեռ բանակցություններում ինքնորոշման սկզբունքի շուրջ բանակցում են, ընդունում են փաստաթղթեր` ՀՀ իշխանությունների ու համանախագահող երկրների հետ, սակայն Ալիեւի շուրթերից հրապարակային միայն մեկ սկզբունք է հնչում եւ ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերի հիշատակումը:

Հայաստանի դիվանագիտությունը ադրբեջանական դիվերսիաներից հետո պետք է ամեն անգամ հայտարարեր, որ հավատարիմ է մնում բանակցային գործընթացին եւ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափին, սակայն նաեւ պետք է բարձրաձայնի վերոնշված երեք տարբերակների մասին: Պարզ է, որ եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղը` ինքնաբերաբար կնշանակի պատերազմի բռնկում: Բայց այստեղ ներքին խնդիր կա` ներքաղաքական, պետական հաստատությունների առումով. եթե ունենայինք խորհրդարանի երկու պալատ, ապա առավել ճկունություն կկարողանայինք դրսեւորել: Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձեւը կմտցնեինք օրակարգ եւ ամեն անգամ ադրբեջանական կողմի սադրանքներին կպատասխանեինք` ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կբարձրացնեինք ԼՂ ճանաչման բանաձեւը, կքվեարկեինք, որպեսզի արդեն հարցը մտներ մեծ օրակարգ:

Վստահաբար, ադրբեջանական կողմը կսկսեր դժգոհել, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները նույնպես կասեին` այս ի՞նչ եք անում, իսկ մենք կարող էինք պատասխանել` մեր իշխանության ճյուղերը տարանջատված են` գոյություն ունի օրենսդիր, գործադիր իշխանություն, եւ այդ հարցը գտնվում է օրենսդիրի ուսումնասիրության ներքո, ոչ թե գործադիրի, մենք չենք կարող ազդել: Չէ՞ որ այս ձեւով ամերիկյան եւ ֆրանսիական կողմն է հայկական եւ թուրքական կողմերին պատասխանում` Հայոց ցեղասպանության բանաձեւերը իրենց խորհրդարաններում օգտագործելով: Քանի որ ՀՀ խորհրդարանը երկու պալատ չունի, այս տարբերակը կարելի է կիրառել ԼՂ անկախության ճանաչման հարցը մտցնելով Սահմանադրական դատարան, ինչպես հայ-թուրքական արձանագրությունների դեպքում եղավ: Բայց ի՞նչ է անում մեր դիվանագիտությունը. արտգործնախարար Նալբանդյանը ճիշտ է ասում, երբ հայտարարում է, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշման հետ, բայց սա բավարար չէ, գործնականում պետք է ճկունություն դրսեւորել:

– Սերժ Սարգսյանը վերջերս անդրադարձավ Ռուսաստանի կողմից Ադրբեջանի զենքի վաճառքի թեմային՝ նշելով, որ հայ-ռուսական հարաբերություններում անհանգստացնում է այն, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Հնարավո՞ր է ռուսական կողմը սահմանափակի Ադրբեջանին զենքի վաճառքը այս հայտարարության համատեքստում, խախտվի ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ զենքի վաճառքի բալանսը:

– Նախ՝ Ս. Սարգսյանն արդեն երկրորդ անգամ է բարձրաձայնում ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին: Նախորդ անգամ նա անցյալ տարի արգենտինական թերթին տված հարցազրույցում խոսեց այդ թեմայով: Դժբախտաբար, բավական ուշացումով այս մասին խոսվեց, սակայն մի կողմ թողնենք հիմա այդ հարցը` ավելի լավ է ուշ, քան երբեք: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն այստեղ հատուկ մարտավարություն է վարում: Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, որպեսզի Ռուսաստանը չխանգարի Հայաստանի կայունությանը, ինչպես նաեւ` անվտանգության պատճառով: Ինչ-որ առումով հավասարակշռություն է պահպանվում. Հայաստանը ե՛ւ ՀԱՊԿ-ի անդամ է, նաեւ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Այժմ Հայաստանը ցանկանում է մի կողմից՝ ԵՏՄ-ի, մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանել: Թերեւս Հայաստանը համաձայնության գա ԵՄ-ի հետ քաղաքական ոլորտում:

Հաջորդ կարեւոր հանգամանքն այն է, որ ռուսներն առաջարկեցին, որպեսզի Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին` դրա դիմաց, թերեւս, խոստանալով ազատագրված շրջանների կամ ուղղակի Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանին: Ադրբեջանը հրաժարվեց անդամակցել ԵՏՄ-ին: Սերժ Սարգսյանն այս ժամանակ այլ խաղ վարեց` գիտակցելով, որ ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններն այնքան էլ լավ չեն: Եթե Հայաստանը չանդամակցեր ԵՏՄ-ին` ՌԴ-ն կխանգարեր Հայաստանի կայունությանը, հիմա որեւէ պատճառ չունեն դա անելու: Ռուսներն ամենուր թեժ վիճակ չեն ցանկանում, կա ուկրաինական ճգնաժամ, ինչպես նաեւ ՌԴ-ի ներսում սոցիալ-տնտեսական խնդիրներ կան: Այս իրավիճակում Սերժ Սարգսյանն իր դիվանագիտական մարտավարությունը գործածեց. օգտագործելով ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ որոշակի խնդիրները՝ խոսեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմայի մասին:

Սերժ Սարգսյանը պատրաստ է ստորագրել ԵՄ-ի հետ փոխգործակցության քաղաքական մասը, քանի որ գիտի, որ ՌԴ-ն ձգտում է կարգավորել խնդիրները ԵՄ-ի հետ: Երրորդը` ՀՀ նախագահն այցելեց Չինաստան, սա եւս կարեւոր քայլ էր` ռազմաքաղաքական եւ տնտեսական առումով, Չինաստանին ձեռնտու են Հայաստանի հետ հարաբերությունները: Չինաստանը նոր ճանապարհներ է ձգտում բացել դեպի Արեւմուտք, ավելի հարմար եւ ապահով ճանապարհը մեր տարածաշրջանով է, քանի որ հարկ չի լինի հասնել Սուեզ ու Հարավային Աֆրիկա: Այդ նոր ճանապարհի ծրագրերի մասին գիտեն ե՛ւ ռուսները, ե՛ւ եվրոպացիները, ե՛ւ ամերիկացիները: Բայց հարց է, թե ո՞ւմ հսկողության տակ կարող է լինել այդ ճանապարհը: Հայաստանը կարեւոր խաչմերուկում է, եւ խիստ կարեւոր է Հայաստանի դերակատարությունն այսօր: Երկու տարի առաջ ՌԴ-ն ընդդիմացավ, որպեսզի Ուկրաինան եւ Հայաստանը ԵՄ Ասոցացման համաձայնագիրն ընդունեն, որովհետեւ դեմ էր այդ ճանապարհի ծրագրին:

– Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշեց օրեր առաջ, որ մայիսին կայանալիք Ռիգայի գագաթնաժողովից առաջ Եվրամիություն-Հայաստան բանակցությունների տեխնիկական մասը, թերեւս, ավարտված կլինի: Դեսպանը հայտնել էր նաեւ, որ Ֆրանսիայի նախագահի՝ ապրիլի 24-ին Երեւան կատարելիք այցի ընթացքում քննարկվելու են նաեւ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները: Ռիգայում ԵՄ գագաթնաժողովում անակնկալներ կարելի՞ է սպասել, հնարավո՞ր է կոնկրետ փաստաթղթի ընդունում ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ:

– Սկզբունքորեն հնարավոր է, բայց կարեւոր է հարցը, թե ո՞ւր ենք հասել ԵՄ-ի հետ բանակցություններում, հնարավո՞ր է փաստաթղթի ստորագրումը: Դրական է, որ բանակցում են ֆրանսիացիները: Կարեւոր է այստեղ նաեւ Գերմանիայի դերակատարությունը, եւ այս հարցը նաեւ Գերմանիայի հետ պետք է ճշգրտել: Եթե ուզում ենք հասկանալ, թե որքանով են լուրջ խոսակցություններն այս կամ այն հարցի շուրջ, պետք է պարզել Ֆրանսիայի եւ Գերմանիայի դիրքորոշումները: Եթե այս երկու երկրների կողմից հայտարարություններ լինեն, ապա կարելի է ակնկալել փաստաթղթի ստորագրում, իսկ եթե ոչ, ապա որեւէ փաստաթուղթ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ չի ստորագրվի: ՌԴ-ի համար եւս Ֆրանսիայի եւ Գերմանիայի դիրքորոշումներն են կարեւոր, Մոսկվան եվրոպական այս երկու երկրներին է վստահում: 2008-ի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո ՌԴ-ն բանակցում էր Ֆրանսիայի հետ, ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը ՌԴ-ն հավանություն տվեց, քանի որ Ֆրանսիան ու Գերմանիան էին ներգրավված: Այսօր Ուկրաինայի խնդրով ՌԴ-ի հետ բանակցում են Օլանդն ու Մերկելը` կրկին Ֆրանսիան ու Գերմանիան:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես գտնում եմ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության պայմանագիր պիտի կնքի՝ հարկ եղած դեպքում նաև որոշ (ոչ ստրատեգիական տարածքներ) հանձնելու պայմանով: Այլապես Հայաստանը անընդհատ արյունաքամվելու է այս հակամարտությունից:

    Ղարաբաղի հարցը արագ պիտի լուծել ու անցնել ազգի ավե՛լի կարևոր խնդրին. Եղեռնի (պետակա՛ն մակարդակով) տեխնիկական-իրավաբանակա՛ն հիմքի ձևավորմանը՝ փոխհատուցում իրավաբանորեն պահանջելու համար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930