Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Մարթայանին՝ Սոֆիայի համալսարանի պրոֆեսորին, իրենց մոտ աշխատանքի էր հրավիրել Աթաթուրքը

Ապրիլ 01,2015 13:30

«Հայերը՝ ցեղասպանությունից հետո» շարքը շարունակում է ներկայացնել Սարգիս Հացպանյանի դասախոսությունները: Այս անգամ բանախոսը ներկայացրեց Հակոբ Մարթայանին:

Հակոբ Մարթայանը մեծ ներդրում ունի թուրք ժողովրդին կրթելու գործում

Ի դեպ, 50 լեզվի գիտակ Հակոբ Մարթայանին՝ Սոֆիայի համալսարանի պրոֆեսորին, իրենց մոտ աշխատանքի էր հրավիրել Աթաթուրքը: Նա ժամանակակից թուրքերեն լեզվի ստեղծողն է համարվում՝ կազմելով թուրքերեն բացատրական բառարանը: Ի դեպ, ազգանուններ ընտրելու գործընթացում հայերն ու հույները բացարձակապես չունեին դրա կարիքը, քանզի իրենք ունեին ազգանուններ, սակայն նրանց ազգանունները թարգմանաբար թրքացվեցին եւ դրանց որպես վերջավորություն ստիպողաբար կպցվեցին «օղլու» բառը: Բանախոսը խոսեց 2-3 տարի առաջ բացահայտված Աթաթուրքի ժամանակաշրջանում գործող Թուրքիայի «անվստահելի տարածքներից» եւ ցույց տվեց տարածքային մի քարտեզ, որտեղ Արեւմտյան Հայաստանի ողջ տարածքը՝ ըստ նահանգների՝ նշված էին տարբեր գույներով, որպես անվստահելի տարածքներ, որի բնակիչներին կոդավորել էին՝ նրանց ծննդյան վկայականում թվեր գրելով, ասենք, հույներին՝ 1, հայերին՝ 2, ասորիներին…: Այս իրողությունը բացահայտվել էր պատահմամբ, երբ զինվորական ակադեմիա դիմած մի երիտասարդի գործերը չէին ընդունել, պատճառաբանելով, որ նա կրում է 2 կոդը: Հետեւությունները՝ ընթերցողներին…

Սումգայիթյան սցենարը Ստամբուլում՝ 1955թ. սեպտեմբերի 6-7

Վերլուծաբանը մանրամասնեց 1955թ. սեպտեմբերի 6-7-ը Կ.Պոլսում կատարված նպատակաուղղված խժդժությունների մասին (Սումգայիթյան նույն սցենարով), որ մինչեւ օրս հիշում են հույներն ու հայերը: Սալոնիկում, որտեղ ծնվել էր Աթաթուրքը, նրա տուն-թանգարանում Թուրքիայի գաղտնի ծառայություններից մի գործակալի հանձնարարում են ռումբ տեղադրել, որի պայթունից ջարդվում են մի քանի ապակիներ, որի համար մեղադրում են հույներին, ինչի արդյունքում Կ.Պոլսում պետական մակարդակով ջարդեր են կազմակերպում՝ անարգել կողոպտում, թալանում, բռնաբարում են հույներին ու հայերին: Ունեզրկված մի ստվար զանգված՝ մի շապիկով, արտագաղթում է Հունաստան: Հույներն ու պոլսահայությունը մինչեւ օրս սգում են այդ օրը: Ահա այս թվականին է, որ Կ.Պոլիսը դառնում է Ստամբուլ:

Սուրբ Խաչ դպրեվանքի հիմնադրումը. Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի այցը Կ.Պոլիս

Սարգիս Հացպանյանը պատմեց Կ.Պոլսի Հայոց պատրիարք Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի՝ 1953թ. հիմնադրած Սուրբ Խաչ դպրեվանքի մասին եւ ցույց տվեց լուսանկարները: Դպրեվանքը, որ 1971 թվականին դարձել է աշխարհիկ, տվել է շուրջ 2000 շրջանավարտ, որոնք աշխարհի տարբեր անկյուններում նվիրաբար ծառայել եւ ծառայում են հայ ազգին:

Դպրեվանքում, որի շրջանավարտն է նաեւ Սարգիս Հացպանյանը, աշակերտ էին ընդունում միայն Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում կամ Կապադովկիայում ծնվածներին: 1961թ. վախճանվում է Գարեգին պատրիարքը, որի հուղարկավորությանն է մասնակցում նաեւ առաջին անգամ Պոլիս այցելած Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը: Նա գիտեր Աթաթուրքի որդեգրած հայ աղջնակի՝ Խաթուն Սեբիլճյանի մասին եւ հարցում էր արել, որ Խորհրդային Հայաստանում գտնվող նրա քույրն անհանգիստ է, սակայն նրան պատասխանել էին, որ դա միմիայն պետական մակարդակով քննելու հարց է:

Վիլյամ Սարոյանի այցը՝ էրգիր. պատրիարք Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեան. Վարդո տոհմի հայտնաբերումը 

april2--5-2

1964թ. Պոլիս է ժամանում Վիլյամ Սարոյանը եւ 19 օր ավտոմեքենայով շրջագայում ողջ Արեւմտյան Հայաստանով ու Կիլիկիայով, այցելում Բիթլիս, լինում հայրական տանը եւ խիստ զարմանում, որ հայ ինքնությամբ ապրող հայեր դեռ կային իրենց բնօրրանում: Ամենուրեք, որտեղ որ կայանել են, իրենց շուրջ են հավաքվել հայերը եւ խնդրել, որ օգնի իրենց՝ դպրոց ունենալու հարցում: Սարգիս Հացպանյանը ցույց տվեց մեծ գրողին հանդիպած հայերի, ինպես նաեւ իր հայրիկի լուսանկարը: Պոլիս վերադառնալիս Սարոյանը հանդիպել էր Կոստանդնուպոլսի պատրիարք երջանկահիշատակ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեանին (1913-1990 թթ.) եւ փոխանցել ժողովրդի խնդրանքը: Դրանից հետո սրբազանը Տիգրանակերտ էր ուղարկել տեր Կիրակոս քահանային, ով Սուրբ Կիրակոս եկեղեցում հովվություն անելիս իրաքյան սահմանի սարերում հայտնաբերում է ապրող հայերի: Արեւմտյան Հայաստանի այլ վայրերում եւս՝ Խարբերդ, Մալաթիա, Ադիաման եւ այլուր ապրող մեր հայրենակիցների ճակատագրով սկսում են հետաքրքրվել Կ.Պոլսում: Վիլյամ Սարոյանի այցը խթան է հանդիսանում, որպեսզի տեղի հայությունն իր ինքնությամբ ապրելու հնարավորություններ որոնի: Անվանի գրողի հայրենի Բիթլիս կատարած այցելության մասին գիրք է հրատարակում նրան ուղեկցող «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Պետրոս Զոբյանը:

Շնորհք պատրիարքը ծնունդով Յոզգատի Բողազլյան գավառի Իղդելի գյուղից էր, հայրը եղել էր շրջանի ինքնապաշտպանության կազմակերպիչներից: Արշակը 2 տարեկան էր, երբ սկսվեցին կոտորածները: Ջարդից հետո ապրել էր մի թուրք ընտանիքում, մինչեւ որ մայրը գտնում եւ թուրք ամուսնու ջանքերով կարողանում է միայն թուրքերեն խոսող երեխային հետ ստանալ… Բանախոսը ցույց տվեց պատրիարքի հարազատ գյուղ կատարած այցելության, ընկերների հետ հանդիպման լուսանկարները: Նա ուներ նաեւ մի թուրք խորթ եղբայր, որ լինելով իմամ՝ ամբողջ երկրի մահմեդական կրոնի առաջնորդ էր: Այո՛, դժբախտ հայուհին ճակատագրի դաժան խաղով 2 խիստ տարբեր կրոնների 2 առաջնորդներ էր ծնել: 1961 թվականից մինչեւ իր վախճանվելը Շնորհք պատրիարքը հաճախ էր շրջում ողջ Արեւմտյան Հայաստանով, իրականացնում իր հովվապետական առաքելությունը՝ գտնում էր հայ երեխաներին, փրկելով ուծացումից՝ բերում Պոլիս եւ նրանց հայեցի դաստիարակությունն ապահովում: Ահա այդ ժամանակ էր, որ սարերում հայտնաբերվեց քրդախոս Վարդո տոհմը: Վերջինս ցեղասպանությունից փրկվել էր՝ սարերը բարձրանալով եւ բացարձակ անտեղյակ էր, որ իրենցից բացի, այլ հայեր եւս գոյություն ունեն: Սարգիս Հացպանյանն այսօր գրում է Վարդո տոհմի պատմությունը եւ մանրամասը ներկայացրեց տոհմի հայտնաբերման դիպվածը: Մեքենան, որով գնալիս են եղել, կանգ է առնում, եւ հայ հոգեւորականին են մոտենում ոչխարներ արածեցնող խաշնարածները, որոնք խոսում էին լոկ քրդերեն, սակայն վզներին կրում էին փայտե խաչեր եւ ունեին հայկական անուններ: Վախենալով, որ եկվորները կարող են իրենց վնասել, չեն ցանկանում իրենց բնակավայրը տանել…

5-2

Սառույցը ջարդվում է այն պահին, երբ մեքենայից հանում են Աստվածաշունչը եւ նվիրում նրանց… խաշնարածներն ասում են, որ իրենց տանն էլ այդ գրքերից ունեն… Մեծ դժվարությամբ հասնում են նրանց բնակավայրը, լուսանկարներ անում (դրանք եւս ցուցադրվեցին): Դժվարանցանելի վայրում հաստատված այդ հայերի շատ երեխաներ հետո ուսում են ստանում Կ.Պոլսի հայկական հաստատություններում: Վարդո տոհմը կարողացել էր պաշտպանել իրեն լեռնական քրդերի հարձակումներից, որոնք հաճախ էին հայտնվում այդտեղ՝ հատկապես աղջիկ փախցնելու համար: Զենքի հետ վարվելուն հրաշալի տիրապետում էին նաեւ մարտնչող տոհմի կանայք: Այս տոհմի պետ Սիաբանդի դուստրն է Հրանտ Դինքի այրին՝ Ռաքելը: Հայտնաբերվելուց հետո Վարդո տոհմի անդամներն աստիճանաբար լքում են սարերը՝ հաստատվելով Կ. Պոլսում, Բելգիայում եւ Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Բնակավայրը լքող ամենավերջին մարդը Ռաքելի հայրն էր: Թուրքիայում ալեւիների վիճակագրությունը մեծ թիվ է կազմում՝ մոտ 18-20 միլիոն են: Տարբերվում են թուրք-ալեւի, զազա-ալավի, արաբ-ալավի եւ քուրդ-ալավի: Առաջին երկուսում՝ թուրք եւ զազա ալեւիների մեջ հիմնականում էթնիկ հայ տարրն է գերիշխում: Բանախոսը ներկայացրեց գույներով բաժանված հանրապետական Թուրքիայի քարտեզագրված ողջ տարածքը՝ ըստ դավանանքի, ասաց, որ Անկարայում, Իզմիրում ու Ստամբուլում լուրջ ներկայություն ունեն ալեւիները եւ հավելեց, որ նրանք ընդդեմ իսլամի ամենառադիկալ շաֆի եւ հանեֆի հատվածի, նախ տարածաշրջանի, ապա նաեւ մարդկության համար ամենահուսալի պատվարն են հանդիսանում:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930