Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է շարժվել ոչ թե հաջողության բանաձեւով, այլ սեփական տեսակի հետեւից»

Ապրիլ 01,2015 12:30

«Կարին» ազգային երգի-պարի խմբի ղեկավար, Ազգագրության թատրոնի հիմնադիր, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը, որը հայ ազգային մշակութային կյանքում եզակի դերակատարներից է, հաջողությունների մասին շատ զուսպ է խոսում: «Առավոտի» հետ զրույցում խուսափում է իր անցած ճանապարհը բնութագրելիս՝ հաջողակ բառը օգտագործելուց: Ասում է՝ կյանքում իրեն հանդիպած դժվարությունները հաղթահարում է, իր նախաձեռնություններն էլ երբեք չեն ձախողվում: Այդ ճանապարհին կուտակված իմաստությամբ Գագիկ Գինոսյանը կիսվեց «Առավոտի» «Հաջողության բանաձեւը» շարքում:

«Ես 15 տարեկանում եմ դպրոցն ավարտել»

Չորսուկես տարեկանում ես սովորել եմ բազմապատկման աղյուսակը: Հինգ տարեկանս նոր էր լրացել, մորս ընկերուհին եկավ մեր տուն եւ տեսավ՝ ես նստած ռուսերեն թերթ եմ կարդում, զարմացած ասաց՝ հլը սրան նայեք, ճիշտ էլ կողմնորոշվել է՝ գլխի վրա չի պահել: Ես էլ նեղացած պատասխանեցի՝ բայց ես կարդում եմ, ո՞նց գլխի վրա պահեմ: Մորս հարցրեց, թե երեխային կարդա՞լ եք սովորեցրել: Մերս զարմացավ, թե մենք տեղյակ չենք, այդ կինն էլ մորիցս նեղացավ, թե էդ ինչ թաքցնելու բան է, որ թաքցնում եք, հետո հայրս եկավ տուն եւ մայրս ասաց, որ տղան կարդում է: Հետո սկսեցին ստուգել եւ պարզվեց՝ կարդում եմ, ընդ որում՝ առանց որեւէ մեկի օգնելու, պարզապես հեռուստացույց նայելիս, երբ ինչ տառ որ ցույց են տվել, հարցրել եմ՝ ի՞նչ է գրված, այդպես սովորել եմ, հետո ընդունվեցի դպրոց, եւ երբ մեկ ամիս անց արձանագրեցին այն փաստը, որ ես դաս չեմ սովորում տանը, մայրս բողոքեց հորս՝ թամբալ է: Հայրս ասաց՝ ինչի՞ չես սովորում, ասացի՝ գիտեմ: Ստուգեց, տեսավ ամեն ինչ գիտեմ: Դիմեց դպրոցի տնօրենին, կանչեցին հանձնաժողով, հարցեր տվեցին, պարզվեց՝ ես արդեն երկու դասարանի դասերը վաղուց գիտեմ եւ ինձ տեղափոխեցին ուրիշ դասարան: Ես 15 տարեկանում եմ դպրոցն ավարտել եւ իմ դասարանցիներից երկու տարի փոքր եմ եղել:

Հետո 15 տարեկան երեխուն բերին Երեւան: Այն ժամանակ ասպիրանտուրան ավարտած, նոր թեկնածուական թեզը պաշտպանած (1982-83 թթ.) Դավիթ Շահնազարյանը, որն իմ քեռակնոջ բարեկամն էր, ասաց, որ եթե տեսաբան, ֆիզիկոս, աստղագետ սովորի, ինչը ինքը երազում է, ահավոր մեծ աշխատասիրություն է պետք, իսկ երեւում է, որ ինքը չափից դուրս ընդունակ է, բայց նաեւ իմպուլսիվ է, կրծող տարբերակ չէ, որ նստի, անընդհատ աշխատի, դրա համար կառաջարկեի, որ ոչ թե տեսաբանի մասնագիտություն ընտրի, այլ թող կիբեռնետիկ դառնա: Դա ինձ համար դատավճռի նման մի բան էր, որովհետեւ չէի հասկանում՝ «կիբեռնետիկ» բառն ինչ է, եւ այդպես իմ ճակատագիրը որոշվեց, ինձ տարան պոլիտեխնիկ:

Պարարվեստը՝ որպես ճանապարհ, մարդկանց վարակելու գաղտնիքը

Ես մարդուն պարել չեմ սովորեցնում, ուղղակի վերադարձնում եմ հայ լինելու հպարտությունը… մարդիկ գալիս, փորձում են ու ցանկանում են ունենալ վեհության այդ զգացումը… Ես գործ չեմ անում… մի բանաձեւ ունեմ… Հայաստանում այն եզակի մարդկանցից եմ, որը չի աշխատում, բայց վաստակում է: Ես չեմ աշխատում որեւէ տեղ, որեւէ արած իմ գործ ես չեմ համարում աշխատանք: Ես անում եմ այն, ինչ ուզում եմ: Դուք հաց ուտելիս աշխատո՞ւմ եք, ձեր մայրիկի հետ զրուցելիս աշխատո՞ւմ եք… Դա կարծում եմ՝ բոլորին հասանելի երեւույթ է: Ընդամենը պետք է գնալ ոչ թե հաջողության բանաձեւով, այլ գնալ սեփական տեսակի հետեւից: Սեփական տեսակդ պետք է զարգացնես հաջողության հասնելու համար: Հաջողության պետք է հասնել գիտելիքի ձեռքբերումով, անընդհատ, անվերջ, անհատակ, Նժդեհի բառերով՝ պետք է լծվենք անդադար վերանորոգչական աշխատանքի, անընդհատ կատարելագործվենք, անընդհատ ձգտենք ինքնակատարելագործման, եւ դա պետք է լինի քո հզորացման, քո կայացման հիմքը՝ քո տեսակի հիմքը, ոչ թե փորձես Նժդեհ դառնալ, ոչ թե փորձես մշակույթում Կոմիտաս դառնալ, այլ պետք է հասկանաս իրենց հաջողության գաղտնիքը, իրենց արած առաքելության առանցքում ինչ է ընկած եղել, որ դեպքում ինչ է կարողացել անել, ինչի հաշվին է, որ Կոմիտասը կարողացել է՝ մի ամբողջ ազգի մշակույթը հավաքագրել, երբ գերմանացիները արել են նույն բանը տարիների ընթացքում՝ մի քանի ինստիտուտների շնորհիվ: Ինչքան մեծանում ես՝ թե՛ տարիքով, թե՛ գաղափարապես, եւ ոգեղենությամբ, ինչքան հզորանում է քո կերպարը, այնքան հիասթափության ավելի ցավոտ պահեր են լինում, եւ անկումից դուրս գալը շատ դժվար է: Բայց կան միջոցներ՝ մեկը Յարխուշտա պարելն է, մեկը՝ Դաշունապար պարելն է, երբ քեզ զգում ես մի հարթության մեջ, նույնիսկ ծիծաղելի է ասել՝ դու քեզ զգում ես՝ աշխարհում ամենաուժեղ մարդը: Պարը քեզ համոզում է, որ ոչ թե դու ուժեղներից ես, այլ դու ընդհանրապես վեր ես բոլոր համեմատություններից, որովհետեւ դու տիեզերական սուբյեկտ ես:

Ես մի անգամ էլ ասել եմ, կռվի դաշտում, երբ ընկեր է զոհվում, ինձ համար երեք բան կար, որ հանում էր այդ վիճակից: Մեկը Նժդեհի գաղափարախոսությունն էր, մեկը Սեւակի ստեղծագործություններն էին, մյուսն էլ՝ Արթուր Մեսչյանի երգերն էին: Եվ ես կռվի դաշտում երգում էի՝ ե՛ւ հայրենասիրական երգեր, ե՛ւ Մեսչյան, ե՛ւ սովորեցնում էի պարել:

«Փուչիկը, որ ասեղից դողում է, չի կարող երջանիկ ապրել»

Լավ չեն ապրում, ապրում են ճիշտ: Ճիշտ ապրելը շատ բարդ է եւ շատ ծանր է: Հեշտ ապրելը միշտ սխալ ճանապարհ է տանում: Հեշտ լինում են անհաջողությունները, սնամեջն է լինում, երբ որ լիքն է մեջը, հեշտ չի լինում ոչինչ: Իմ խմբի երեխաներին, իմ անձնական երեխաներին դաստիարակելիս ասում եմ, որ գերադասում եմ մետաղյա փոքրիկ եւ աննկատ գունդ լինեք, քան մեծ եւ շատ նկատելի փուչիկ, որից ասեղն է վախենում: Փուչիկը, որ ասեղից դողում է, չի կարող երջանիկ ապրել, իսկ այդ փոքրիկ մետաղե գնդին հեչ հետաքրքիր չէ՝ ասեղ կհանդիպի, թե մեխ կհանդիպի, թող չնկատեն, թող չօգտվեն, թող իր տեսակը չընկալեն, ինքը իր գինը գիտի: Ասույթներիցս մեկը նվիրված է Լեոնիդ Ազգալդյանին. «Պետք է իմանալ սեփական գինը, բայց երբեւէ գնապիտակ չփակցնել»:

«Ես գիտեմ՝ իմ ճանապարհն է դա,
ես պիտի գնամ»

Ես չեմ կարող ասել՝ հաջողակ եմ, որովհետեւ չեմ հասկանում՝ դա ինչ է: Մարդը ճանապարհին սայթաքելիս, որ շուռ է գալիս ու ասում՝ ես դժբախտ մարդ եմ, դա ընդամենը կամազուրկ մարդու հոգեբանություն է: Իսկ եթե ես գիտեմ, որ դա իմ ճանապարհն է, գլուխս ջարդելով, ծունկս ջարդելով, ես պիտի քայլեմ իմ ճամփով՝ ծնկաչոք, չոքեչոք, վիրավոր: Ես գիտեմ՝ իմ ճանապարհն է դա, ես պիտի գնամ: Ի դեպ, գագաթ տանում են արահետները, երբեմն դու ինքդ ես սեփական մաքառումներով ուրիշի համար արահետ բացում, որ քեզանից հետո գան…

Զրուցեց՝
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
31.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930