Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Ախուրյան-Ջրառատ ավտոճանապարհին` Կառնուտ գյուղի մոտակայքում: Ինչպես հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ բախվել են Vaz-«2107» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչից տեղում զոհվել է 2 քաղաքացի, ևս երկուսին տեղափոխել են հիվանդանոց:
Aravot.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ մահացողները 20-25 տարեկան երիտասարդներ են, երկուսն էլ բնակվում են Ախուրյան գյուղում, մեկը Կուլակավան թաղամասում: Երիտասարդներից մեկը նախկին ոստիկաններից մեկի որդին է, մյուսը՝ Բեռլին պոլիկլինիկայի բժշկուհիներից մեկի որդին է:
Մեզ ավելի ուշ հայտնի դարձավ, որ մահացողները 1987 թվականին ծնված Արայիկ Կարապետյանն է, որը եղել է «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայի ղեկին և Պարույր Աթոյանը՝ 1993 թվականին ծնված, նա բժշկուհու որդին է:
Նրանք դուրս են եկել Ախուրյանից դեպի հանդիպակաց փողոց, դիմացից խփելով Կառնուտի կողմից դեպի Ախուրյան եկող մեքենային, որի մեջ եղել են ամուսիններ: Երիտասարդները տեղում մահացել են: Իսկ մյուս վթարի ենթարկված ամուսիններին՝ Հրանտ Մինասյանին ու Սուսաննա Պողոսյանին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, Հրանտ Մինասյանը ստացել է կրծքավանդակի բութ վնասվածք, 8-րդ, 9-րդ կողերի կոտրվածք՝ ձախից. կնոջ ՝ Սուսաննա Պողոսյանին մոտ առկա է աջ կոնքազդրային հոդի կենտրոնական հոդախախտ՝ քացախափոսի կոտրվածքով, աջ երիկամի սալջարդ, արյունամիզություն, ձախ բազկի և նախաբազկի զույգ ոսկրերի տիպիկ տեղի բազմաբեկորային կոտրվածք, տրավմատիկ շոկ: Նրանք Բասեն գյուղից են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ