ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը պնդում է, որ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը դրսի ուժերից է ղեկավարվում ու միայն անունն է ընդդիմադիր:
«Ոչ մի արած բան չունեն, բացի մի քանի քաղաքական հայտարարությունից: Բայց քաղաքական ուժի անդամները չեն կարող ստեղծել կուսակցություն ու հենց այնպես ընդդիմություն համարեն, դա պետք է առարկայական լինի, ունենան այդ կենսագրությունը, բացի այն, որ չունեն կենսագրությունը, չունեն ցանկությունը իսկական ընդդիմություն դառնալու: Արցախում ընդդիմությունը իմ հորդորներին չլսեց ու չհամախմբվեց, համագործակցության եզրեր չգտանք»,- Aravot.am-ին ասաց Վահան Բադասյանը:
Մեր հարցին, թե դրսի որ ուժերին նկատի ունեք, երբ ասում եք՝ «Ազգային վերածնունդը» դրսի ուժերի կողմից է ղեկավարվում, նա չցանկացավ մանրամասնել, ասաց՝ «Ղարաբաղից դուրս ուժերի հետ»:
Մեզ հետ զրույցում «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը պարզաբանեց, թե Վահան Բադասյանն ինչ նկատի ունի՝ դրսի ուժեր ասելով. «Հավանաբար նկատի ունի Սամվել Բաբայանի աջակցությունը: Նա Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարն է ու բոլորվին էլ դրսի ուժ չէ, այլ ներսի: Սամվել Բաբայանին դրսի ուժ համարելը տրամաբանական չէ»:
Կարդացեք նաև
Նրա համար զարմանալի է Վահան Բադասյանի քննադատություն իրենց կուսակցության եւ ընդդիմադիր դաշտին ուղղված:
Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը քննադատել էր ընդդիմությանը՝ պնդելով, որ ընդդիմադիրի կեցվածք ունեն, բայց ընդդիմադիր չեն:
«Նա անընդհատ բանակցել է մեզ հետ, ցուցակում հայտնվելու համար ու չի հայտնվել, որովհետեւ նման բանակցություններ վարում էր նաեւ այլ կուսակցությունների հետ: Կարծում եմ՝ մեր կուսակցությանն ուղղված քննադատությունը նեղվածության պատճառով է, որ չի հայտնվել մեր կամ այլ կուսակցության ցուցակում»,- ասաց Հայկ Խանումյանը:
Նրա խոսքով, իրենք անպայման ընտրություններում կհաղթեն ու խորհրդարան կմտնեն. «Զարմանում եմ, նույնիսկ իշխանությունը նման քարոզչություն չի տանում, որքան Վահան Բադասյանը: Չեմ հասկանում՝ որն է պատճառը, որ Բադասյանը միացել է իշխանական քարոզչությանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ