Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովացի քաղաքագետ. «Եվրաասոցացումից հետո ճգնաժամն ավելի է խորացել»

Մարտ 31,2015 20:05

«Ճգնաժամն ավելի է խորացել: Ազգային արժույթը արժեզրկվել է: 2015-ին կանխատեսվում է ՀՆԱ-ի զրոյական աճ»,- Aravot.am-ի հարցին Մոլդովայի՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման առավելությունները նկատելի՞ են, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված մամուլի ասուլիսին այսպես պատասխանեց մոլդովացի քաղաքագետ Բոգդան Ցիրդյան:

Նա շարունակեց. «Այժմ ինֆլյացիան Մոլդովայում կազմում է 4.7 տոկոս, փորձագետների գնահատմամբ՝ այն հասնելու է 19-20 տոկոսի»:

Մեր մյուս հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԵՏՄ երկրների համար միասնական արժույթ ստեղծելու մասին հավակնություններն ու հրահանգները, մոլդովացի քաղաքագետը պատասխանեց. «Հակառակ դեպքում ո՞րն էր ԵԱՏՄ ստեղծելու իմաստը, եթե չպետք է ունենար միասնական արժույթ. եվրոյով ու դոլարո՞վ առևտուր պիտի անեք: Ուրեմն պարոնայք, մուտք գործեիք ԵՄ: Միասնական արժույթի ներդրումը ինտեգրացիոն ևս մեկ աստիճան է, այն կապահովի ԵԱՏՄ-ի ֆինանսական անվտանգությունը»:

Անդրադառնալով այն հիմնական խնդիրներին, որոնք առաջացել են Մոլդովայի և ՌԴ-ի միջև՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո, քաղաքագետը նկատեց, որ դրանք նույնն են մնացել. մերձդնեստրյան հակամարտություն, Գագաուզիայի խնդիր, ռուսերենի կարգավիճակը, քանի որ այն այլևս դպրոցներում պարտադիր ուսուցման լեզու չէ, ՌԴ-ում մոլդովացի աշխատանքային ներգաղթյալների, մոլդովական գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրները:

Հարցին՝ ռուսաստանցի և հայաստանցի քաղաքական գործիչների գլխավոր փաստարկը ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության Ղարաբաղի անվտանգությունն էր, Մոլդովան այսօր չունի՞ խնդիրներ անվտանգության հետ կապված, մոլդովացի քաղաքագետը պատասխանեց. «Փաստացի Ռուսաստանն է օգնել ու օգնում Հայաստանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Առանց Կրեմլի աջակցության Հայաստանը կկորցնի Լեռնային Ղարաբաղը: Իսկ Մոլդովայում ներկայիս իշխանությունների կարծիքով՝ Ռուսաստանն ագրեսոր երկիր է: 14-րդ բանակը իբրև թե  օգնել էր մերձդնեստրցիներին՝ այդպիսով աջակցելով անջատողականությանը»:

Պարոն Ցիրդյայի կարծիքով՝ մերձդնեստրյան հարցի կարգավորման շուրջ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո առաջընթաց չգրանցվեց, ընդհակառակը, լարվածությունը սրվեց: Դառնալով հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում Մոլդովայի եվրաինտեգրացիոն հեռանկարները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մոլդովան ունի չլուծված՝ մերձդնեստրյան և Գագուազիայի խնդիրները, քաղաքագետը պատասխանեց. «Եվրաինտեգրացիա հնարավոր չէ, երբ գոյություն ունի տարածքային բաժանում և կոնսենսուսի բացակայություն»: Պարոն Ցիրդյան Կիպրոսը հաշվի չի առնում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031