Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը

Մարտ 31,2015 19:56

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովին մասնակցելու նպատակով:

10297_b

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, վերջինիս գործընկեր կառույցների և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ: 2014թ. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին Հայաստանի խորհրդարանի լիիրավ անդամակցությամբ, ըստ Սերժ Սարգսյանի, վերահաստատվեց Հայաստանի հավատարմությունը ֆրանկոֆոն արժեքներին, ինչպես նաև հանձնառությունը՝ նպաստելու դրանց տարածմանն ու ամրապնդմանը: Անդամակցությունը լայն հնարավորություններ տվեց Հայաստանում ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթի տարածման համար:

Նշելով, թե տեղյակ է, որ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որն այս խորհրդանշական տարվա ապրիլի 24-ին ցեղասպանությունների դեմ պայքարի յուրօրինակ վայր է դառնալու, Նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդի բարձունքից հայ ժողովրդի հետ միասին «այլևս երբեք»-ի կոչ են հղելու բազմաթիվ երկրների բարձր պաշտոնյաներ, այդ թվում՝ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այդ համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահների երևանյան նիստում ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը:

Ընդգծելով, որ այս տարի Ֆրանկոֆոնիայի երկամսյակը Հայաստանում անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման համատեքստում, Նախագահ Սարգսյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, որպես մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, համերաշխության և արդարության վեհ գաղափարների առաջ մղող կառույց, իր ծանրակշիռ դերակատարությունն ունի ցեղասպանության հանցագործությունը սնող այնպիսի երևույթների դեմ պայքարում, ինչպիսիք են ռասիզմը, այլատյացությունն ու անհանդուրժողականությունը:

Նախագահը կարևորել է նաև Ֆրանկոֆոնիայի դերակատարությունը` ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության և նշել, որ Հայաստանն իր համեստ մասնակցությունն է բերում միջազգային խաղաղության և կայունության պահպանմանն ու դիտարկում է ֆրանսիական զորախմբի կազմում իր հնարավոր մասնակցությունը աֆրիկյան մայրցամաքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է նշել, որ 2015թ. հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը Հայաստանում հյուրընկալելու մեր երկրի ցանկությունը դրական արձագանքի արժանացավ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների կողմից և վստահեցրել է, որ Հայաստանը ներդնելու է բոլոր ջանքերը, որպեսզի այն անցկացվի ամենաբարձր մակարդակով:

Հանդիպման մասնակիցներին Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դինամիկ զարգացող այդ հարաբերությունները վկայում են այն մասին, որ առկա է երկուստեք քաղաքական կամք և հանձնառություն:

Նախագահը պատասխանել է նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031