Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության հերթական ծրագիրը՝ իրականություն

Մարտ 31,2015 19:38

Մարտի 31-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում լրագրողների հետ հանդիպման նպատակը երեխաների շրջանում երթեւեկության կանոնների ուսուցմանն ուղղված ծրագրի մեկնարկն էր:

Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց. «Երեխաների անվտանգությունը մեր բոլորի  պարտականությունն է՝ ոստիկանի, ծնողի, ուսուցչի, երեխաների ավագ քույրերի ու եղբայրների: Մենք պարտավոր ենք ամեն օր, ամեն ժամ երեխաներին ուսուցանել անվտանգության այն տարրական կանոնները, որոնք հնարավորություն կտան նրանց զերծ մնալ անցանկալի միջադեպերից:

poqrikvostikan_33

Միանշանակ է, որ անվտանգությունն արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, երբ  երեխաները տիրապետեն, այսպես ասած, անվտանգության այբուբենին: Այդ իսկ նպատակով ոստիկանությունն իր առջեւ խնդիր էր դրել ստեղծել այնպիսի մի ձեռնարկ, որը գրավիչ կլիներ դպրոցական տարիքի երեխաներին:

Այսօր ոստիկանության ծառայողները կլինեն մայրաքաղաքի դպրոցների առաջին դասարաններում եւ կնվիրեն ուսուցողական խաղ-ձեռնարկներ, ինչը հնարավորություն  կտա ուսուցիչներին «Փոքրիկ ոստիկանի» օգնությամբ   ուսուցանել երթեւեկության կանոնները»:

Խոսելով անչափահասների շրջանում ոստիկանության կողմից պարբերաբար իրականացվող բազմաբնույթ միջոցառումների մասին՝ քրեական հետախուզության  գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը նշեց. «Երեխաների անվտանգությունը մշտապես գտնվում է ոստիկանության ուշադրության կենտրոնում: Մենք պարբերաբար  միջոցառումներ ենք իրականացնում, մեր ոստիկանները  այցելում են դպրոցներ: Ոստիկանությունը համոզված է, որ երեխաների հետ անվտանգության մասին պետք է խոսել տարրական դասարաններից, ինչու չէ՝ նաեւ նախադպրոցական տարիքից»:

Մայրաքաղաքի դպրոցների առաջին դասարանցիները սրտատրոփ սպասում էին հյուրերին, գիտեին, որ հաճելի անակնկալ է լինելու: Հյուրերը ոստիկաններ էին՝ անչափահասների գործերով տեսուչներ, ճանապարհային ոստիկանության եւ  պարեկապահակետային ծառայության աշխատակիցներ: Իսկ անակնկալը «Փոքրիկ ոստիկանը» ուսուցողական խաղ-ձեռնարկների տրամադրումն էր երեխաներին:

Երեխաները խաղ-ձեռնարկի օգնությամբ փորձեցին ցուցադրել երթեւեկության կանոնների իրենց իմացությունը, իսկ ոստիկաններն օգնեցին միասին հաղթահարելու հոծ երթեւեկության դժվարությունները: Ամեն ինչ տեսանելի էր, շոշափելի, նաեւ հաղթահարելի՝  եթե գիտես երթեւեկության կանոնները: Այսուհետ այս փոքրիկները ոստիկանության ընձեռած յուրօրինակ հնարավորության շնորհիվ ինքնուրույն կյուրացնեն երթեւեկության  կանոնները, կսովորեն ճանապարհային նշանները, կամրագրեն այդ կանոններն անվերապահորեն պահպանելու գիտակցումը:

Նշենք, որ ծրագրի իրականացմանը ոգեւորությամբ արձագանքեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը եւ նպաստեց, որ ոստիկանության գեղեցիկ նախաձեռնությունն  իրականություն դառնա: Ծրագիրն իրականացնելուն աջակցեց նաեւ «Անտարես» հրատարակչությունը:

Ոստիկանության աշխատակիցներն առաջիկայում ուսուցողական խաղ-ձեռնարկներ կտրամադրեն նաեւ Գյումրիի առաջին դասարաններին:

Նախագծի մեկնարկի ժամկետը պայմանավորված է նրանով, որ առջեւում ամառային արձակուրդներն են,  եւ դրսում ավելի շատ ժամանակ անցկացնող երեխաները երթեւեկության կանոնների իմացության անհրաժեշտությունն անպայման ունենալու են: Իսկ ընդհանրապես, երեխաների դաստիարակությանն ու անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության ծրագրերը շարունակական են լինելու:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031