Ավստրալիայի կառավարությունից ասել են, որ իրենք պաշտոնապես չեն մասնակցելու մյուս ամիս Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը:
Sbs.com կայքի տեղեկացմամբ՝ փոխարենը այդ երկրի վարչապետ Թոնի Էբոտի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը կմասնակցի Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100 ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին:
Ավստրալիան այն երկրների ցանկում չէ, որոնք պետական մակարդակով ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Փոխարենը դա արել են այդ երկրի երկու նահանգների խորհրդարանները:
Ավստրալիան պաշտոնապես հրավեր ստացե՞լ է մասնակցելու ոգեկոչման արարողություններին, թե՞ ոչ: Այս հարցին, «Sbs»-ի հետ զրույցում, Ավստրալիայի կառավարության արտաքին հարաբերութունների եւ առեւտրի վարչությունից չեն պատասխանել: Նրանք նաեւ չեն հայտնել չմասնակցելու պատճառների մասին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգն էր հայտարարել, որ ներկա չի գտնվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը, քանի որ Թուրքիայի ու Նորվեգիայի հարաբերությունները ավելի կարեւոր են:
Նորվեգիայի վարչապետի գրասենյակի փոխքարտուղար Բարդ Գլադ Պեդերսենն էլ ասել էր, որ պատմական իրադարձությունների վերաբերյալ եզրակացությունը պետք է թողնել պատմաբանների հայեցողությանը եւ նշել է, որ ՄԱԿ-ի բանաձեւերը ուրվագծում են, թե ինչը կարող է համարվել ցեղասպանությունը, ինչը՝ ոչ: «Այս հարցը թեժ քննարկումների առարկա է եղել վերջին տարիներին»,- ասել է նա:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ