ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մարտի 31-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին, Հայաստանում մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսին, մշտական ներկայացուցչության տնտեսագետներ Ֆրացիսկո Պարոդին և Արմինե Մանուկյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտին ու հանքարդյունաբերությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես խոսվել է էներգետիկ արտադրող կայանների, Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման և նոր էներգաբլոկի կառուցման խնդիրների շուրջ: Նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նպատակով աշխատանքները ընթացքի մեջ են: Անցած տարեվերջին Մոսկվայում ստորագրված համաձայնագրերի համաձայն՝ ռուսական կողմը ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների համար տրամադրելու է 270 մլն ԱՄՆ դոլար արտոնյալ պայմաններով վարկ (15 տարի մարման ժամկետ, 3 % տոկոսադրույք) և 30 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2018 թվականին, այնպես որ նոր էներգաբլոկը շահագործման հանձնվի 2027 թվականին և այսօր արվում է հնարավոր ամեն ինչ՝ այդ ժամկետներում տեղավորվելու համար:
Երվանդ Զախարյանը խոսել է նաև Հայաստանի ընդերքի ոլորտի մասին և նշել, որ ներկայում իրականացվում են ընդերքի ոլորտի օրենսդրական դաշտի բարեփոխումներ, ինչն այդ բնագավառի ներդրումային դաշտը կդարձնի ավելի արդյունավետ ու գրավիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ