Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պատասխան Գեոթիմին ուղղված հարցերի

Մարտ 31,2015 18:03

Գեոթիմ ՓԲԸ-ն անցած 8 տարիների ընթացքում Ամուլսարի շրջակա համայնքներում անցկացրել է 11 հանրային լսում և ավելի քան 170 հանդիպում համայնքների հետ: Հաշվի առնելով, որ Ամուլսարի հանքը դեռևս չի շահագործվում, սա թերևս աննախադեպ քանակի համայնքային հանդիպումներ են: Այս 8 տարիների ընթացքում ազդակիր համայնքների ներկայացուցիչներին ներկայացվել են ծրագրի բոլոր մանրամասները, քննարկվել են բոլոր խնդիրները, պատասխաններ են հնչել ցանկացած բարձրացված հարցին: Համայնքների հետ մենք ունենք փոխադարձ վստահության մթնոլորտ և մշտական ակտիվ կապ:

Այսուհանդերձ, եթե նույնիսկ մեկ բնակչի չեն բավարարել այս կամ այն հարցին բազմիցս հնչած պատասխանները, սիրով պատրաստ ենք անդրադառնալ մարտի 12- ին բաց նամակի տեսքով մեզ ուղղված հարցերին:

Ստորև ներկայացնում ենք հարցերի համառոտ բովանդակությունը և ընկերության մասնագետների պատասխանները:

1.  2011 թվականից 3 անգամ փոփոխվել է կույտային տարրալվացման հարթակի նախագծված վայրը: «…Ինչպիսի առավելություններ ունի ընտրված տարածքը առաջին երկուսի համեմատ, էկոլոգիական, առողջական և բնապահպանական ռիսկերը ավելի փոքր են, թե հակառակը, քանի որ այս տարածքը ավելի մոտ է գտնվում համայնքներին, քան առաջինները»:

Նախ` հիշեցնենք, որ աշխարհում գործում է մոտ 600 կույտային տարրալվացման հարթակ՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Չիլիյում, Ռուսաստանում և այլն: Դրանցից շատերը՝ բնակավայրերի, անտառների, ջրային ռեսուրսների հարևանությամբ: Ամուլսարի տարրալվացման հարթակը կառուցված է լինելու ժամանակակից նախագծման մեթոդներով՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան:

Կույտային տարրալվացման հարթակի վայրի ընտրությունից առաջ կատարվում է գեոտեխնիկական հետազոտություն, և եթե տարածքը համապատասխանում է կայունության և ապահովության, ինչպես նաև տեխնիկական այլ չափանիշների, ապա այնտեղ հնարավոր է կառուցել հարթակը: Այդ առումով նախորդ երկու նախագծերով նախատեսված տարածքները, թե՛ 2011թ., թե՛ 2013թ. էականորեն առավել կամ թերի չէին նախատեսված ներկա տարածքից:

Մասնագետների և անկախ փորձագետների համոզմամբ հարթակը կարող էր շրջակա միջավայրի համար անվտանգ գործել, թե՛ նախորդ երկու տեղամասերում, թե՛ նաև ներկա ընտրված տեղամասում:

Հայաստանի օրենսդրության մեջ վերջին 3 տարիներին երկու փոփոխություն կատարվեց, առաջինով՝ 2012 թ. Սևանի ավազանի անմիջական ազդեցության գոտին ընդլայնվեց՝ ընդգրկելով այն տարածքը, որտեղ նախատեսված էր տեղակայել կույտային տարրալվացման հարթակը, արգելելով այդ վայրում հանքաքարի վերամշակումը: Երկրորդով՝ 2013 թ. 3 կմ բուֆերային գոտի սահմանվեց Սպանդարյան-Կեչուտ չգործող թունելի շուրջը և այդ տարածքը նույնպես ճանաչվեց Սևանի ավազանի անմիջական ազդեցության գոտի:

Անկախ մեր այն համոզմունքից, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընտրված վայրերը կապահովեին բնապահպանական, առողջական կամ այլ տեսանկյունից հարթակի անվտանգ աշխատանքը, հայաստանյան օրենսդրությանը համապատասխանելու նպատակով ընկերությունը փոխեց հարթակի տեղադիրքը:

Նոր տեղադիրքը ընտրվել է ՀՀ կառավարության հետ համատեղ աշխատանքային խմբի երկամսյա աշխատանքի արդյունքում:

Ավելացնենք, որ ոչ միայն հարթակի, այլև Ամուլսարի հանքի բոլոր ենթակառուցվածքների բնապահպանական ռիսկերի հայտնաբերման և դրանց կառավարման մեխանիզմների նախագծման համար ընկերությունը ներդրել է հսկայական գումարներ և 5 տարիների աշխատանք՝ ներգրավելով մոտ 50 միջազգային և հայաստանյան լավագույն մասնագետների և կազմակերպությունների, ինչը աննախադեպ է Հայաստանի համար ու նաև օրինակելի՝ միջազգային բոլոր չափանիշներով:

2  «Այդ ո՞ր միջազգային նորմատիվներով է նախատեսված ցիանային հարթակը կառուցել համայնքից 500մ հեռավորության վրա, Գնդևազի նորատունկ այգիների մեջ, եթե աշխարհում ընդունված է այդպիսի կառույցները 30կմ բնակավայրերից հեռու պետք է լինեն»:

Սիրով կծանոթանանք այն նորմատիվային փաստաթղթին, ըստ որի՝ համաձայն նամակի հեղինակի «աշխարհում ընդունված է այդպիսի կառույցները 30կմ բնակավայրերից հեռու պետք է լինեն»:

Միջազգային նորմատիվներ, որոնք սահմանում են կույտային տարրալվացման հարթակի շուրջ նման գոտու սահմաններ, մեզ և ծրագրի վրա աշխատած բազմաթիվ միջազգային փորձագետներին հայտնի չեն: Ինչպես արդեն նշեցինք, պատշաճ կառավարման և տեխնիկական պահանջներին համապատասխանելու պարագայում, հարթակը կարող է անվտանգ գործել նաև բնակավայրերի հարևանությամբ:

2013 թ. Գնդեվազ, Գորայք և Սարավան համայնքների ղեկավարների հետ մենք այցելեցինք ԱՄՆ, որտեղ եղանք, օրինակ Քրիփլ Քրիք և Վիկտոր հանքավայրում, որի տարբեր ենթակառուցվածքները, այդ թվում և կույտային տարրալվացման հարթակը, գտնվում են Վիկտոր քաղաքից` 500, իսկ Քրիփլ Քրիք քաղաքից` 900 մ հեռավորության վրա: Այդպիսի օրինակները շատ են:

Ամուլսարի հարթակը մոտակա համայնքից՝ Գնդեվազից, գտնվում է 1 կմ հեռավորության ու նաև զգալիորեն ավելի ցածր մակարդակի վրա:

Եվ վերջապես, Գեոթիմի աշխատակիցները արդեն 8 տարի աշխատում են շրջակա համայնքների բնակիչների հետ, նրանցից շատերի հետ ունենալով ջերմ, բարեկամական հարաբերություններ: Մեր աշխատակիցներից շատերը՝ ինժեներներ, երկրաբաններ, սոցիալական և բնապահպանական մասնագետներ, համայնքներում և Ամուլսարում են անցկացնում աշխատանքային առօրյայի զգալի մասը: Մեզ համար համայնքների և մեր աշխատակիցների անվտանգությունը առաջնային է և մենք աշխատում ենք այս ծրագրում, վստահ լինելով, որ այն հնարավոր է ապահովել:

3.  «Նախատեսում եք տարեկան 2000տ նատրիումի ցիանիդ օգտագործել, 500մգ/լ կոնցենտրացիայով լուծույթ պատրաստելու դեպքում կստացվի 4 միլիոն տոննա լուծույթ, որը պետք է լցնեք 134հա. տարածքով կույտային տարրալվացման հարթակ վրա մեկ տարում և նախատեսում եք կառուցել 2 ավազան, կուտակման ավազան (տարողունակությունը 200 000 մ3), ԿՏՀ հեղեղաջրերի կուտակման ավազան (տարողունակությունը 170 000 մ3): Կուզենանք պարզաբանել թե 3,63 միլիոն տոննա ցիանային լուծույթը և 134հա տարածքով կույտային տարրալվացման հարթակ վրա անձրևներից ու ձնհալից առաջացած միլիոնավոր տոննաներով ծանր մետաղներով, ցիանիդով, աղաթթվով աղտոտված ջրերը լցվելով Արփա գետը ինչպիսի էկոլոգիական աղետ կստեղծեն Վայոց Ձորում: Հայտնի է, որ հարակից բոլոր գյուղերում դաշտերը ոռոգում են Արփայի ջրերով»:

Կույտային տարրալվացումը փակ ցիկլ է և ո՛չ Արփա, ո՛չ որևէ այլ միջավայր արտադրական արտահոսք չի ունենալու:

Ցիանիդը կիրառվում է ոսկին` հարթակի վրա դարսված հանքաքարից կորզելու նպատակով և հարթակը նախագծված է այնպես, որ զրոյի հասցվի ցանկացած արտահոսք՝ կանխելով թե՛ բնապահպանական, թե՛ նաև տնտեսական կորուստների հավանականությունը:

3,63 միլիոն տոննա ցիանային լուծույթի մասին նամակի հեղինակի հաշվարկը, թերևս, թյուրըմբռնման հետևանք է: Ինչպես ՇՄԱԳ հաշվետվության բազմաթիվ բաժիններում նշված է, լուծույթները տրվելու են փակ շրջանառու համակարգով: Այսինքն` հարթակում միաժամանակ լինելու է 415 – 470 մ3 շրջանառու նոսր ցիանական լուծույթ՝ մոտ 230 կգ ցիանիդ՝ լուծված մոտ 460 տ ջրի մեջ, որը շրջանառու համակարգով հետ է մղվելու պրոցես՝ առանց որևէ արտադրական արտահոսքի: Ցիանիդի և ջրի պարունակությունը պարբերաբար թարմացվելու է, քանի որ, ցիանիդը արտադրական պրոցեսի ընթացքում քայքայվում է:

Այժմ՝ «միլիոնավոր տոննաներ» ծանր մետաղների մասին. արդյունահանվելիք մետաղները ոսկին և արծաթն են, որոնց գումարային պարունակությունը չի գերազանցում 350 տոննա մետաղ: Հանքաքարը բնականից պարունակում է փոքր քանակությամբ այլ մետաղներ: Կույտային տարրալվացման հարթակում հանքաքարում այդ մետաղների պարունակությունը կլինի ոչ ավել, քան բնական ապարներում: Կրկին նշենք, որ կույտային տարրալվացումն իրականացվելու է փակ համակարգով, և ո՛չ ոսկին, ո՛չ արծաթը և ո՛չ էլ առկա փոքր քանակությամբ այլ մետաղները չեն արտահոսելու արտաքին միջավայր: Հանքի փակումից հետո կույտային տարրալվացման հարթակը կլվացվի 12 ամսվա ընթացքում, կմաքրվի ցիանիդից, կչորացվի, կպատվի կավով և հողի բերրի շերտով:

Ինչ վերաբերում է ձնհալներին և անձրևաջրերին, ապա դարձյալ Արփա, Որոտան կամ այլ բնական միջավայր արտադրական ջրերի արտահոսք չի լինելու: ՇՄԱԳ հաշվետվության 5.2.5 ենթաբաժնում և Հավելված 16-ում մանրամասն նկարագրված է մակերևութային ջրերի կառավարման պլանը: Մատնանշած ավազաններից երրորդը՝ դատարկ է լինելու և ունի 170 000 մ3 տարողունակություն: Այն նախագծված է հենց՝ աննախադեպ տեղումների դեպքում ջրային բոլոր հոսքերը հավաքելու նպատակով: Արտադրական պրոցեսին առնչվող բոլոր մակերևութային ջրերը հավաքվելու են դրենաժային համակարգի միջոցով և հետ են մղվելու արտադրական պրոցես, ինչպես դա արվում է աշխարհի հարյուրավոր ժամանակակից հանքավայրերում: Լրացուցիչ դրենաժներ են կառուցվելու նաև հարթակի տակ՝ ձնհալներից առաջացած ջրերը հավաքելու նպատակով:

4.  «Դուք կույտային տարրալվացման հարթակի և մնացած օժանդակ կառույցների համար հողատարածքները գնելով այդտեղ գտնվող այգիները և դաշտերը կոչնչացնեք, խնդրում ենք պարզաբանեք թե այդ տարածքից մի քանի տասնյակ մետր հեռավորության գտնվող այգիների և բանջարանոցների բերքը կարելի է օգտագործել կամ վաճառել ձեզ որպես սնունդ»:

Գնդեվազի տարածքում այգիների մեծ մասը գտնվում է ընկերության կողմից ձեռքբերվող հողատարածքից դուրս: Ենթակառուցվածքների տեղադրման նպատակով ձեռք բերվող տարածքները կառանձնացվեն և կտարանջատվեն համայնքային հողերից: Ինչպես արդեն նշվեց, կույտային տարրալվացման հարթակը չունի արտադրական արտահոսք և հարթակում կիրառվող նյութերը չեն առնչվելու համայնքային հողերին:

Այդուամենայնիվ, չնայած անվտանգության բոլոր միջոցառումներին և փորձված տեխնոլոգիային, լիովին հասկանալի է, որ բնակիչներից ոմանց մոտ կարող է անհանգստություն մնալ այգիների վրա հնարավոր ազդեցության առումով: Հաշվի առնելով նման մտահոգության հնարավորությունը, ընկերությունը լրացուցիչ պարտավորություն է ստանձնել իրականացնել շրջակա այգիների արտադրանքի պարբերական մոնիտորինգ և տեղեկացնել այդ մասին բոլոր շահագրգիռ կողմերին:

 

Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ շրջակա այգիները որևէ ազդեցություն չեն կրելու: Այդուհանդերձ, եթե պարզվի, որ ընկերության գործունեության արդյունքում որևէ, այդ թվում տնտեսական վնաս է հասցվել, ընկերությունը պարտավորված կլինի փոխհատուցել այդ վնասները:

Տեղական արտադրության սննդամթերքը հանքի մատակարարման համար կարևոր աղբյուր կլինի:

5. «Դուք նշում եք, որ կույտային տարրալվացման հարթակում նատրիումի ցիանիդի PH պետք է լինի 11 և ավելի որպեսզի թթվայինից վերածվի հիմնայինի և ցիանաջրածնի արտահոսք չլինի, որի շատ քիչ քանակությունը մահացու է: Խնդրում ենք պարզաբանեք թե ինչպես եք դա իրականացնելու 134հա տարածքում 4 միլիոն տոննա լուծույթի հետ -30 ից մինչև +30 աստիճան ջերմային տատանման պայմաններում անձրևի ձյան տակ, կամ այդ ինչ սարքեր պետք է տեղադրեք 134հա. վրա, որ 20տ. ցիանային գոլորշիները անցնելով այդ սարքով կարտանետվի 600կգ. և 10տ աղաթթվից կարտանետվի 300կգ: Այդ ամենի իրականացման դեպքում, 4 միլիոն տոննա հիմնային լուծույթը և 600կգ ցիանիդը, 300կգ Աղաթթուն արդյոք վտանգավոր չի բնակիչների և տարածքի էկոլոգիայի համար»:

Ցիանիդի թեման ամփոփելով և Ամուլսարում կիրառվելիք «միլիոնավոր տոննաների» մասին կասկածները փարատելու համար, ասենք, որ ողջ աշխարհում տարեկան արտադրվում է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ 1.1 միլիոն տոննա ջրածնի ցիանիդ (HCN), որից միայն 6% ն է օգտագործվում հանքարդյունաբերության մեջ: Մնացած 94% կիրառվում է, մետաղական (գալվանական), գյուղատնտեսության մեջ կիրառվող քիմիական պարարտանյութերի, ներկերի, պլաստմասսայի, դեղագործության, կոսմետիկայի և այլ արտադրություններում:

Ցիանիդը առկա է նաև բնության մեջ: Օրինակ՝ դառը նուշի 1 կորիզը կարող է պարունակել 6.2 մգ ցիանաթթու:

Ցիանիդ են պարունակում նաև ծիրանի, խնձորի, դեղձի կորիզները և 1000-ից ավելի բույսեր (աղբյուր՝ Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի կայք):

Ինչպես արդեն նշվեց, «միլիոնավոր տոննա» լուծույթ չի լինելու: Նոսր լուծույթը (1լ ջրի մեջ 500մգ ցիանիդ, որը կկազմի 0.05% ցիանիդ) շրջանառու է և տարածվելու է տվյալ ժամանակահատվածում նախատեսված հանքաքարի վրա և ամբողջությամբ նորից վերադառնալու է ավազան՝ ընդհանուր առմամբ 460 տոննա լուծույթ: Ջրածնի ցիանիդի արտանետումների վերաբերյալ պնդումը, հավանաբար, նույնպես թյուրըմբռնման հետևանք է: Կույտային տարրալվացումը ջրածնի ցիանիդի արտանետում չի առաջացնելու: Աննշան արտանետման հավանականություն կարող է առաջանալ ռեագենտների պատրաստման ժամանակ, այն է՝ փակ հանգույցում: Ինչպես նշված է ՇՄԱԳ հաշվետվության 5.1 բաժնում՝ արտանետումները հավաքվում են օդափոխության ընդհանուր համակարգի միջոցով և մաքրվում սկրուբերում: Սկրուբերներում շրջանառու համակարգը կազմվում է նատրիումի հիդրօքսիդի թույլ լուծույթով, որը կլանում է ցիանաթթվի և աղաթթվի գոլորշիները՝ միևնույն ժամանակ չեզոքացնելով դրանք: Սկրուբերների արդյունավետությունը կազմում է 97%:

Ինչպես տարբեր արդյունաբերական ոլորտներում օգտագործվող այլ քիմիական նյութերի դեպքում, ցիանիդի կիրառման համար, անշուշտ, անհրաժեշտ են անվտանգության հատուկ միջոցառումներ:

Ընկերությունը պարտավորվել է իրականացնել ցիանիդի ձեռքբերումը, տեղափոխումը, պահպանումը և կիրառումը «Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի» պահանջների համապատասխան:

Վերը բերված օրենսգրքի և ցիանիդի կառավարման նախնական պլանի համապատասխան՝ ցիանիդի հետ ապագայում աշխատող ողջ անձնակազմը կանցնի բարձրակարգ վերապատրաստում՝ ցիանիդի անվտանգ պահպանումը և կիրառումը ապահովելու համար:

Ինչ վերաբերում է pH-ին, ապա այն 10.5 մակարդակում պահպանելու և ցիանաջրածնի (գազ) առաջացումը կանխելու նպատակով աշխարհում ընդունված մեթոդ է կրի կիրառումը:

Որպես լրացուցիչ անվտանգության միջոցառում ցիանիդի պատրաստման արտադրամասերում և շրջակա տարածքներում կտեղադրվեն ցիանաջրածնի հայտնաբերման դետեկտորներ՝ նույնիսկ փոքր քանակի արտանետումները հայտնաբերելու և կանխելու նպատակով:

Հաջորդող հարցերը կփորձենք խմբավորել, քանի որ բերված պնդումներին միշտ չէ, որ հետևում է համապատասխան հարց:

Նամակում մեջբերվում է Գեոթիմի կողմից հետազոտված նմուշներում ոսկուց և արծաթից բացի այլ մետաղների առկայության փաստը.

«(բիսմութ, կադմիում, կոբալտ, քրոմ, պղինձ, երկաթ, գալիում, մոլիբդեն, նիկել, կապար, ծարիր, սկանդիում, ստրոնցիում, տիտան, ուրան, վանադիում, վոլֆրամ, ցինկ) և թունահարույց տարրեր (մկնդեղ, բերիլիում, թալիում, սելեն, տելուր, սնդիկ, կադմիում), որոնք բոլորն էլ խիստ վտանգավոր են մարդու օրգանիզմի համար»:

Հիշեցնենք, որ Ամուլսարում հանքարդյունաբերություն դեռևս չի իրականացվում և մեր գործունեության արդյունքում տարածքում բնականից առկա մետաղի կոնցենտրացիաները հողում կամ ապարներում չեն ավելանալու կամ նվազելու:

 

Մեր կողմից արված հետազոտությունները ցույց են տալիս, որ հանքանյութը, ինչպես նաև ջուրը և հողը շրջակա տարածքում պարունակում է մետաղների չափաբաժիններ: Հետազոտված հողի նմուշներում պարբերաբար հայտնաբերվել են մկնդեղի, կապարի, կոբալտի, պղնձի, նիկելի և ծարիրի Հայաստանյան չափորոշիչներով միջինից բարձր կոնցենտրացիաներ: Դրանք այս տարածքում առկա են ի սկզբանե պայմանավորված այս տարածքի երկրաբանական շերտավորման բնական առանձնահատկություններով:

Բացի այդ, ջրի հետազոտությունները ցույց են տալիս, որ նշված մետաղների բարձր կոնցենտրացիաներն առկա են նաև Որոտան, Արփա և Դարբ գետերում: Տարածքում կան աղբյուրներ և առուներ, որոնց ջրերը ունեն զգալիորեն ցածր pH, այն է՝ թթվային են: Ամուլսարի ստորգետնյա ջրերը նույնպես պարունակում են կապարի, նիկելի, պղինձի և երկաթի կոնցենտրացիաներ: Այս նյութերը առկա են տարածքում՝ որպես տարածքի լիթոլոգիական կառուցվածքի բնական հետևանք և դրանց պարունակությունը հանքարդյունաբերության հետևանքով չի ավելանալու:

«113,9 հա բացհանքի տարածքում, տարեկան օգտագործելով 12088,2տ պայթուցիկ նյութ, լիցքավորելով ամեն հորատանցքը 239,6 կգ կատարելով 50452 պայթուն փոշու արտանետումը կազմում է 761,56 տ/տարի և փոշին կտարածվի 100-1000մ, աղմուկի մակարդակ համարյա անլսելի կլինի մոտակա համայքներում: Այս հաշվարկ կատարողը եթե եղել է Ամուլսարի վրա հնարավոր է քամիները իրեն կգլորեր սարից 100մ:.. Հանքի շահագործման դեպքում արտանետումները՝ Անօրգանական փոշի 1185,8տ/տարի, ազոտի երկօքսիդ 1365,86տ/տարի, ածխածնի մոնոքսիդ 1107,75տ/տարի, ածխաջրածիններ սահմանային 222,4տ/տարի, պինդ մասնիկներ (մուր) 113,92տ/տարի, ծծմբի երկօքսիդ 106,35տ/տարի, խնդրում ենք պարզաբանեք, թե ինչպիսի էկոլոգիական ազդեցություն կունենա տարածաշրջանի և Որոտան – Արփա թունելի վրա»:

Հաշվարկներն իրականացնող միջազգային և հայաստանյան մասնագետները ոչ միայն եղել են Ամուլսարում, այլև 6 տարի շարունակ տարբեր սեզոնների արել են քամու չափումներ, համադրելով դրանք Հայհիդրոմետ ծառայության վերջին տարիների չափումների հետ և կատարել են փոշու տարածման համապատասխան մոդելավորում: Ըստ այդ հաշվարկի, պայթեցումների արդյունքում առաջացած փոշին մեծամասամբ կհանգրվանի բացահանքից 100, իսկ փոքր մասնիկները՝ 1000 մետր շառավղով: Բացահանքին ամենամոտ համայնքը՝ Գորայքը գտնվում է 4 կմ հեռավորության վրա:

Ամուլսարը թե քամու, թե կլիմայական այլ պայմանների առումով ամենաբարդ հանքավայրը չէ: Աշխարհում շատ ավելի բարդ կլիմայական պայմաններում շահագործվող հանքեր կան, ներառյալ՝ քաղաքների անմիջական հարևանությամբ: Օրինակ՝ Շվեդական Կիրունա հանքավայրը՝ քաղաքին անմիջապես կից:

Պայթեցման ժամանակակից եղանակները թույլ են տալիս խիստ կրճատել արտանետումների քանակները:

Ամուլսարի համար իրականացվել է հանքի փակումից հետո (փոշու նստեցման հետևանքով) հողում մետաղների և այլ նյութերի հնարավոր կոնցենտրացիաների քանակի մոդելավորման հետազոտություններ, ինչի համար օգտագործվել է ավելի քան 20,000 նմուշ հանքաքար և 50,000 նմուշ դատարկ ապարներ: Ստացված արդյունքները համեմատվել են էկոլոգիական և առողջապահական չափանիշների հետ: Հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ կոնցենտարցիաները որևէ վտանգ չեն ներկայացնի ոչ այդ տարածքում հետագայում արածող անասունների, ոչ կաթի կամ մսի համար:

Ինչ վերաբերում է Որոտան-Արփա թունելին, հետազոտությունը ցույց է տալիս, որ վնասվածքի ռիսկ առկա չէ: Թունելը բացահանքից գտնվում է 3կմ հորիզոնական և 1 կմ ուղղահայաց հեռավորության վրա և բոլորովին այլ երկրաբանական շերտում:

«Բացհանքից 5կմ և Կեչուտի ջրամբարից 7կմ հեռավորության վրա դուք տեղադրել եք դատարկ ապարների լցակույտը 140հա. տարածքով, որը գտնվում է Կեչուտի ու Սպանդարյան ջրամբարների ջրահավաք ավազանում: Տարեկան այդտեղ տեղափոխելով 46,7 միլիոն տոննա մակաբացման ապարներ ու 4,5 կմ հեռավորությամբ գտնվող 3 ջարդիչներով 10 միլիոն տոննա հանքաքարը ջարդիչ–մանրացնող կայանքում ջարդվելուց ու մանրացվելուց հետո 1200 մմ ժապավենի լայնությամբ, 7.2 կմ ընդհանուր երկարությամբ, 4 հատ ժապավենային փոխակրիչների միջոցով տեղափոխվում է մինչև բեռնաթափման զետեղարան, ճանապարհին ավելացնելով հազարավոր տոննա կաուստիկ սոդա, որտեղից էլ 3 հատ БелАЗ–7513 մակնիշի ավտոինքնաթափերի օգնությամբ տեղափոխվում է մինչև 1.0 կմ հեռավորության վրա գտնվող տարրալուծման հրապարակ: 134հա. տարածքի վրա մանրացված հանքաքար փռելով ստանում եք 8մ բարձրության շերտ»:

Նախ, պարզաբանենք, որ մակաբացման (դատարկ) ապարները չեն անցնում ջարդիչ կայաններով. դրանք ուղղակիորեն բացահանքից տեղափոխվում են դատարկ ապարների լցակույտ: Մանրացվում է միայն հանքաքարը, որին կույտային տարրալվացման հարթակում տեղադրելուց առաջ ավելացվում է կիր թթվայնությունը չեզոքացնելու նպատակով: Մանրացված հանքաքարը տեղափոխվելու է փոխակրիչի միջոցով, որն իր հերթին փակ է՝ փոշու արտանետումը նվազագույնի հասցնելու նպատակով:

«…երբ դուք նշում եք, որ 1 տոննա հանքաքարը 3 ջարդիչներից, մաղերից անցնելով փոշու արտանետումը կազմում է ընդամենը 1,5գրամ, ձեր այս տեխնոլոգիային կարող են նախանձել աշխարհի ցանկացած դեղագործական գործարան»:

 

Նշված թվերը իրականություն են բազմաթիվ ժամանակակից հանքարդյունաբերական ծրագրերի համար: Եվ ահա թե ինչպես է դա ապահովվում. առաջնային և երկրորդային ջարդիչ կայանների շենքերը և մանրացման կայանը բոլորը փակ շինություններ են, և բոլոր այս շինություններում տեղադրվում է փոշեհավաքման համակարգ: Փոշու կլանիչներ կտեղադրվեն փոխակրիչի փոխանցման կետերում և ջարդիչների սնուցիչ կետերում, ջարդիչ և մանրացման արտադրամասերում: Սա կապահովի փոշու արտանետումների խիստ սահմանափակումը:

Տնտեսական օգուտների, Ջերմուկի, Գնդեվազի ապագայի, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության անհամատեղելիության, 13 տարի անց հանքի փակման և հետագա հնարավոր զարգացումների մասին:

Համառոտ՝ թվերի մասին: Ծրագիրը այս պահին ամենախոշոր մասնավոր ներդրումային ծրագիրն է Հայաստանում: Նախնական հաշվարկներով հանքի շահագործման ողջ ընթացքում հանքի գործունեությունից պետական բյուջե հարկերի և ռոյալթիների տեսքով մուտք կգործի մոտ 488 միլիոն դոլար: Եվ 156 միլիոն դոլարի հարկ կվճարվի հանքի գործունեության արդյունքում՝ այլ փոքր և միջին բիզնես միավորների գործունեության շնորհիվ: Միայն աշխատավարձային ֆոնդը կկազմի մոտ 230 մլն դոլար: Հայաստանի ընդհանուր ՀՆԱ-ի վրա ազդեցությունը տարեկան միջինում հաշվարկված է մոտ 120 մլն դոլար: Նույնիսկ ոչ տնտեսագետի համար սա ակնհայտ տնտեսական արդյունքի հեռանկար է, որ կստեղծի բոլոր հնարավորությունները թե՛ Ջերմուկի, թե՛ շրջակա համայնքների զարգացման, այդ թվում և այլ ոլորտների՝ գյուղատնտեսության, տուրիզմի մեջ ներդրումների համար: Թե որքանով արդյունավետ կլինի այդ միջոցների նպատակային օգտագործումը, ռազմավարական ներդրումները և կառավարումը կախված է բոլոր կողմերի՝ համայնքների, պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և մասամբ նաև՝ շահագործող ընկերության համատեղ ջանքերից: Դրանից է կախված 13 տարվա զգալի դրամական մուտքերի այնպիսի կառավարումը, որ ներդրվելով հեռանկարային այլ ոլորտներում ապահովեն տնտեսական կայունություն նաև հանքի փակումից հետո:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության և հանքարդյունաբերության համատեղելիությանը, ճիշտ կառավարման դեպքում դա լիովին հնարավոր է:

Շատ երկրներ ունեն և՛ զարգացած գյուղատնտեսություն, և՛ հանքարդյունաբերություն, ինչպես օրինակ՝ ԱՄՆ, Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Արգենտինան կամ Իսպանիան:

Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի փակմանը, ապա փակումը իրականացվելու է միջազգային բոլոր չափանիշների պահպանմամբ: Նշենք, որ միայն փակման համար նախատեսված է մոտ 10 մլն ԱՄՆ դոլար՝ բնապահպանական, սոցիալական և հողի ու ջրի կառավարման բոլոր պլաններով:

Եվ վերջապես, կցանկանայինք ընդգծել, որ թվերի, տոկոսների և արտադրական պրոցեսների նկարագրության հետևում տասնամյակների ընթացքում կատարելագործված և բարելավվող, աշխարհում լայնորեն տարածված տեխնոլոգիաներ են:

Հանքարդյունաբերության հանդեպ անվստահությունը հասկանալի է, և հատկապես Հայաստանում նախկին փորձը հաշվի առնելով՝ մտահոգությունները և անհանգստությունները լեգիտիմ են և տեղին:

Այդուհանդերձ աշխարհում գործում են հարյուրավոր հանքավայրեր, որոնց մի զգալի մասը ժամանակակից, լավ կառավարվող հանքեր են: Ինչպես և այլ արդյունաբերական ոլորտներում, հանքարդյունաբերության մեջ նույնպես վերջին տասնամյակներում տեղի է ունեցել տեխնոլոգիական արագընթաց զարգացում: Աշխարհի շատ զարգացած ու նաև զարգացող երկրներում այսօր կան հանքեր, որ օգտագործում են վերը նկարագրված տեխնոլոգիան և հաջողությամբ կառավարվում են բնապահպանական տեսանկյունից՝ ապահովելով տնտեսական օգուտներ երկրի համար:

Մենք հավատում ենք, որ Հայաստանում նույնպես հնարավոր է հասնել նման արդյունքի: Միևնույն ժամանակ հասկանալով բնական մտահոգությունները, սիրով կշարունակենք երկխոսությունը և կկազմակերպենք ցանկացողների հանդիպումը միջազգային փորձագետների հետ, ինչպես խնդրել են բաց նամակի հեղինակները:

«Գեոթիմ « ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031