Լեռնային Ղարաբաղում երկուշաբթի՝ մարտի 30-ին սկսվել է նախընտրական քարոզարշավը: Արցախի ժողովրդավարական կուսակցության գրասենյակի ղեկավար Սերգեյ Մելքումյանը Aravot.am-ին հայտնեց, որ կուսակցությունը իր նախընտրական քարոզարշավը սկսել է Զոհված ազատամարտիկների հարազատների միությունից: Հանդիպմանը մասնակցել են կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավոր Ժաննա Գալստյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ այլք:
«Դրանից հետո գնացել ենք Հայրենական պատերազմի վետերանների միություն, այնուհետեւ՝ Անհայտ կորածների հարազատների միություն: Նույն օրը հանդիպել ենք մեր կառույցի կանանց խորհրդի եւ կենտրոնական խորհրդի անդամների հետ»,- ասաց նա:
Պարոն Մելքումյանը հավելեց, որ մարտի 31-ին Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ Մարտակերտի շրջանում է: Կուսակցության անդամները պատրաստվում են այցելել Վանք գյուղ:
Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 3-ին: Ընտրություններին մասնակցելու է 7 կուսակցություն՝ «Ազատ հայրենիք», «Ազգային վերածնունդ», Արցախի ժողովրդավարական կուսակցություն, Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն, «Խաղաղություն եւ զարգացում», «Հայ հեղափոխական դաշնակցություն» եւ «Շարժում-88»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ