«Ես միակ մարդն եմ, որ Ծառուկյանի հետ կապված շահ չեմ ունեցել: Այսօր Ծառուկյանը մենակ է, իր կողքին այսօր մարդ չկա»,- փետրվարի 12-ին հաջորդած հայտնի իրադարձություններից հետո այսպիսի հայտարարություն էր արել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նա ասել էր, որ ամենածանր պահին Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակ էր գրում Սերժ Սարգսյանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհանրապես տարածքում չէր երեւում:
Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց. «Չեմ կիսում Գառնիկ Իսագուլյանի հարցադրումները: Ախր մենք տանում ենք քաղաքական պայքար: Քաղաքական պայքարի ժամանակ սա բիզնես չի կամ ընկերական ինչ-որ բաներ: Քաղաքական պայքարի հատուկ հարաբերություններ կան, կան այլ կուսակցությունների հետ հարաբերություններ, կան՝ ներկուսակցական: Ներկուսակցական առումով ի՞նչ խնդիր կա: Գագիկ Ծառուկյանը մեր հիմնադիրն է եղել, իմ կողմից շա՜տ հարգված, բազմավաստակ անձնավորություն: Իսկ միջկուսակցական առումով ամեն ինչ եղել է փոխադարձ իմացությամբ: Գագիկ Ծառուկյանին մենակ չեն թողել: Այդպիսի բան չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ