Մարտի 26-ին Բուխարեստի ռադիոտան դահլիճում կայացավ «Գյուրջիև» ժողովրդական նվագարանների նվագախմբի համերգը, որը կազմակերպվել էր «Օկտավա» ասոցիացիայի ջանքերով և Ռումինիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ: Համերգին ներկա էին տասնյակ երկրների դեսպաններ և դիվանագետներ, Ռումինիայի կառավարության, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Լևոն Էսքենյանի գեղարվեստական ղեկավարությամբ «Գյուրջիև» նվագախումբը հայկական ազգային նվագարանների կատարմամբ ներկայացրեց Կոմիտասի և Գուրջիևի ստեղծագործությունները «Music of I. Gurdjieff» ալբոմից, որը լավագույնն է ճանաչվել «Edison Jazz/2012 World» մրցանակաբաշխությունում:
Հայկական խմբի ելույթը լայնորեն լուսաբանվեց ռումինական լրատվամիջոցներով: Նախապես հրապարակվել էին հոդվածներ և հարցազրույցներ գեղարվեստական ղեկավարի և կազմակերպիչների հետ, որոնցում, ներկայացնելով Գեորգի Գյուրջիևի և Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, անդրադարձ էր կատարվում Հայոց ցեղասպանությանը:
Մասնավորապես «Observator Cultural»-ն անդրադարձել է 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և այդ առթիվ Երևանում Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի հիմնադրմանը: Համերգի մասին ռեպորտաժ և հարցազրույցներ տեղ գտան նաև Ռումինական «TVR» հանրային հեռուստատեսությամբ:
Կարդացեք նաև
Կոմիտասի ճակատագրին ու Հայոց ցեղասպանությանը անդրադարձ կատարվեց նաև համերգի նախօրեին Բուխարեստի Երաժշտության ազգային համալսարանում «Գյուրջիևի» գեղարվեստական ղեկավար Լևոն Էսքենյանի դասախոսության ժամանակ: Էսքենյանը լսարանին ներկայացրեց հայկական ժողովրդական մեղեդիների ակունքները և դրանց բացահայտման մեջ Կոմիտասի դերը: Դասախոսությունն ուղեկցվեց Կոմիտասի ձայնագրություններով, ինչպես նաև դուդուկի և դաշնամուրի կենդանի կատարումներով:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրություն