Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ-ն Հայաստանի էներգետիկ ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր է մշակելու (Տեսանյութ) 

Մարտ 31,2015 16:32

Այսօր Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մամուլի ասուլիսի ժամանակ ասացին, որ Հայաստանի էներգետիկ համակարգին անհրաժեշտ կլինի շուրջ 500 մեգավատ գազով էլեկտրաէներգիա արտադրելու կարողություն` մինչեւ 2020 թվականը մատակարարման կարողության ճեղքվածքի առաջացումը կանխելու համար:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչի հիման վրա են կատարել այդ վերլուծությունը, արդյոք դրանում հաշվի է առնվել, որ Մեծամորի ատոմակայանը հնարավոր է չաշխատի, գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին ասաց, որ անդրադարձել են Մեծամորի ատոմակայանի կյանքի ցիկլին, եւ դա գործոններից մեկն է: Ըստ տիկին Բեյլի, ներդրումները նոր գազային տեխնոլոգիաներով ջերմաէլեկտրակայանների ոլորտում, ինչպես նաեւ վերականգնող էլեկտրաէներգետիկայի ոլորտում, դեռ հնարավոր ուսումնասիրման եւ հեռանկարային հարցեր են`զուգահեռաբար, այդ թվում նաեւ ատոմային էներգետիկան. «Ապագայում էլեկտրաէներգիայի ներուժի բացի հետ կապված վերլուծությունն ամբողջությամբ իր մեջ հաշվի է առել ատոմակայանի ցիկլն ու դրա գործարկումը»:

ՀԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արթուր Կոչնակյանն էլ նշեց, որ վերլուծությունները կատարվել են կառավարության Հայաստանի զարգացման ծրագրի, տնտեսական աճի, էներգետիկ հզորությունների արտադրության ու այլ գործոնների հիման վրա. հաշվի են առել, թե Հայաստանում 20 տարիների կտրվածքով որքան էներգիայի արտադրության հզորություն է հարկավոր:

Պարոն Կոչնակյանի ներկայացմամբ` Մեծամորի ատոմակայանը եւս հաշվի է առնվել, մասնավորապես այն հանգամանքը, որ կառավարությունը նախատեսում է 2016 թվականից այն երկարացնել: Կոչնակյանի խոսքերով` «500 մեգավատ էլեկտրաէներգիան, որ անհրաժեշտ է լինելու Հայաստանին մինչեւ 2020 թվականը, չի նշանակում, որ ատոմակայանը չի գործելու:

500 մեգավատ էլեկտրաէներգիան Հայաստանին անհրաժեշտ է նույնիսկ Մեծամորի ատոմակայանի գործելու դեպքում»:

Մանրամասն` տեսանյութում

Մեկ այլ հարցի էլ, արդյոք ՀԲ-ն տեղյակ է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն անմխիթար վիճակում է, հսկայական պարտքեր ունի, եւ արդյոք ստեղծված իրավիճակը սպառնալիք եւ վտանգավոր չէ Հայաստանի տնտեսության համար, տիկին Բեյլին ասաց, որ խնդիրը համակարգի մեկ ընկերության հետ չէ կապված, քանի որ էներգետիկ տարբեր ընկերությունների միջեւ գոյություն ունեն կապեր. «Սա կարեւոր է ամբողջ երկրի համար: Ներկայումս կառավարության համար մի հետազոտություն ենք անում համակարգի ընդհանուր իրավիճակի առողջության վերաբերյալ»:

Այս վերլուծությանը մասնակցում է նաեւ ՀԲ-ի ներկայացուցիչ Արթուր Կոչնակյանը: Նա նկատեց, որ խնդիրը արդիական է եւ կարեւոր: ՀԷՑ-ի եւ այլ ընկերությունների ֆինանսական վիճակի շտկումն, ըստ Կոչնակյանի, չափազանց կարեւոր է որպեսզի դրանք կարողանան վերադառնալ նորմալ կենսագործունեության: Կոչնակյանի խոսքերով` ՀԲ-ն կառավարության եւ համակարգի ընկերությունների հետ համատեղ իրականացնում են դիագնոստիկա, որպեսզի պարզեն եւ հասկանան թե ինչ խնդիրներ կան, որքան են կուտակված պարտքերը. «Դրա արդյունքում մենք մշակելու ենք ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր, որը պետք է, վերջիվերջո, կառավարությանն օժանդակի ստեղծված իրավիճակը շտկելու համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031