Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 31-ին հրապարակվեց Հայ ազգային կոնգրես կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի գործով դատավճիռը:
Դատարանը վճռեց նրան ծեծող Պարգեւ Մանուկյանին տուգանել 80 հազար դրամով:
2014 թվականի դեկտեմբերի 12-ին Հրազդան քաղաքի բակերից մեկում Աշոտ Փիլիպոսյանը ծեծի է ենթարկվել, որի արդյունքում ստացել է ուղեղի ցնցում եւ կրծքավանդակի սալջարդ:
Աշոտ Փիլիպոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը բոյկոտել է դատավճռի հրապարակումը. «Ես, որ դատարանում լինեի, կմիջնորդեի, որ այդ 80 հազարն էլ չտային, ավելի շուտ՝ կհեգնեի իրենց այդ պահվածքը»:
Կարդացեք նաև
Իսկ դատական գործընթացը նա գնահատեց որպես խայտառակություն. «Տնավարի հավաքվել էին՝ պետպատվերի շրջանակներում, խնդիրը լուծվեց վերջացավ: Այնտեղ դատական գործընթաց չկար: Ձեռք ձեռքի բռնած թե՛ իրավական եւ թե՛ քննչական մարմինները կոծկեցին, թեման փակվեց գնաց»:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է բողոքարկել վճիռը, Աշոտ Փիլիպոսյանը պատասխանեց, որ դեռ պետք է խորհրդակցի՝ հավելով, որ Հայաստանի Հանրապետության դատական համակարգից ավելորդ է արդարություն պահանջելը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ