Երեւան քաղաքում 2007 թվականից սկսած՝ արդեն 365 ընտանիք մնացել է անտուն միայն այն պատճառով, որ իրենց բնակելի տարածությունները կառավարության որոշմամբ ճանաչվել են որպես հանրային գերակա շահ:
Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչները նույն մտավախությունն ունեն: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում Տերյան 23 հասցեի բնակիչ, «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը տեղեկացրեց, որ բնակիչներին հերթով ԴԱՀԿ-ից սեփականության իրավունքը սահմանափակելու նամակներ են գալիս. «Նամակների մեջ գրված է, որ դուք այլեւս իրավունք չունեք վաճառելու ձեր բնակարանը այլ անձի, բացի Սամվել Մայրապետյանից»:
Ինչպես տեղեկացրեց Վարդան Գերավետյանը՝ վերը նշված տարածքներում կառուցապատում իրականացնող «Լոքալ դիվելոփեր» ընկերության տնօրեն Սամվել Մայրապետյանն իրենց բակում՝ բոլոր բնակիչների կամքին հակառակ, կառուցել է շենք եւ բոլոր տեղերում հայտարարում է, որ դա կառուցվում է բնակիչների համար եւ բնակիչների խնդրանքով. «Դա բացարձակ սուտ է: Փաստորեն մեր կամքին հակառակ Սամվել Մայրապետյանը կառուցեց այդ 14 հարկանի շենքը եւ ազատվեց հարկերից, քանի որ շենքի առաջին երեք հարկը տիրապետում է Գագիկ Խաչատրյանը: Հարց է ծագում՝ ինչի՞ համար երեք հարկ, եթե Գագիկ Խաչատրյանը բակում ուներ ընդամենը երկու ավտոտնակ: Մեր շենքերում ընդամենը 22 ընտանիք է մնացել, մնացած հարկերն էլ դատարկ են, եթե բոլորին տեղափոխեն այնտեղից, ապա շենքի մեծ մասն ազատ է մնալու»:
«Եթե կառուցապատողների համար դա տարածք է, ապա մեզ համար՝ դա բնօրրան է, հայրենիք»,- նշում է բանախոսը:
Կարդացեք նաև
Բնակիչը վստահեցնում է, որ նշված տարածքներում կառուցապատում իրականացնող Սամվել Մայրապետյանի ֆինանսական գործերը հրատապ ստուգման կարիք ունեն, այստեղ ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր կան:
Վարդան Գերավետյանը մեջբերեց բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու որոշում ընդունելու մասին օրենքից մի հատված, որտեղ ասվում է, որ եթե պայմանագրի ստորագրման պահից հետո եռամսյա ժամկետում որոշումը չի ընդունվում, ապա պայմանագրի գործողությունը դադարում է. «2012 թվականին կնքվել է պայմանագիր Սամվել Մայրապետյանի եւ կառավարության միջեւ, մինչդեռ կառավարության որոշումը ընդունվել է 9 ամիս հետո՝ 2013 թվականի օգոստոսին, այսինքն՝ կառուցապատողի եւ պետության միջեւ պայմանագիր գոյություն չունի, բայց այդ մարդը գործողություններ է իրականացնում»:
«Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն էլ վստահեցրեց, որ խնդիրը նրանում է, որ Հայաստանում չեն գործում օրենքները եւ քաղաքացիները պաշտպանված չեն: Ըստ բանախոսի՝ հանրային գերակա շահ ասելով պետք է լինի այնպես, որ բոլորի շահերը համընկնեն. «Եթե քաղաքացիները չեն ուզում այդ տարածքը լքել, եւ անհասկանալի է՝ ինչ են կառուցում այդ շենքի տարածքում, ապա ո՞րն է դրա գերակա հանրայնությունը»:
«Ինչո՞ւ պատգամավորի կամ պետական պաշտոնյայի տունը հանրային գերակա շահ չի ճանաչվում, եթե քարտեզները նայեք, միշտ շրջանցում են նրանց տարածքի կողքով»,- նկատեց Սեդրակ Բաղդասարյանը:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ