Այս տարի «Արտավազդ-2015» մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն դերասանուհի ճանաչվածներից մեկը Լուիզա Ներսիսյանն էր («Ամնեզիա»): Վերջինս մրցանակը ստանալիս հումորով ասել էր, որ իր եւ ժյուրիի անդամների կարծիքները համընկել են:
Aravot.am-ը Լուիզա Ներսիսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում կուլիսային խոսակցություններին, որ իրենից արժանավորներ էլ կային, սակայն «Արտավազդը» ինչ-ինչ պատճառներով իրեն տրվեց:
«Ես նորմալ եմ վերաբերվում նման խոսակցություններին, բնականաբար կլինեն այդպիսի խոսակցություններ»,-ասաց դերասանուհին:
Խոսելով «Արտավազդ» մրցանակի եւ ընդհանրապես մրցանակների մասին, Լուիզա Ներսիսյանը նշեց. «Եթե անկեղծ խոսենք, մրցանակը ոչինչ էլ չի տալիս դերասանին, դերասանը մրցանակից հետո էլ նույն էներգիայով շարունակում է աշխատել»: Ապա հավելեց, որ դերասանի համար կարեւորը հանդիսատեսի ոգեւորությունն ու գնահատանքն է, նաեւ կոլեգաների հետ աշխատելու հաճույքը. «Մրցանակը ոչ մեկին ոչ մի ասպարեզում ոչինչ չի տալիս: Դա նույնն է, որ բժիշկն ունենա լավագույն մրցանակ, բայց վիրահատությունները վատ կատարի»:
Լուիզա Ներսիսյանը հայտնեց, որ չի նկատել, թե իրեն նախանձում են, բայց ամեն դեպքում հավատում է մասնագիտական խանդին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը վիճարկի Լուիզային մրցանակ տալու հարցը: Լուիզան արժանի կերպով է արժանացել այդ մրցանակին: Համաձայն եմ նրա հետ, մրցանակը ոչինչ չի տալիս, ընդամենը շոյում է արվեստագետի ինքնասիրությունը: