Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարել Ավետիսյանների ընտանիքին մատնացույց են արել»

Մարտ 31,2015 14:50

Aravot.am-ի հետ զրույցում սպանված Ավետիսյանների տանտիկնոջ՝ Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանն ասաց, թեև իր հարազատների սպանության բացահայտման մասին իրենք ճիշտ այնքան տեղեկություն ունեն, որքան հասարակությունը, սակայն շատ գոհ են ստեղծված փաստաբանական խմբից: «Հրաշալի փաստաբաններ են, ամեն մանրուք մեզ տեղեկացնում են, ամեն ինչ անում են սպանության բացահայտման համար»,- ասաց Ռիտա Պետրոսյանը:

Նախօրեին Գյումրի այցելած ՌԴ պատգամավորական խումբը Ավետիսյանների հարազատների հետ չի հանդիպել, Ռիտա Պետրոսյանը նրանց հայտարարությունները մամուլով է լսել: «Եթե Պուտինի հսկողության տակ է այս գործը, կարծում եմ՝ նա ինչ-որ բան կանի, քանի որ ամեն հարց Պուտինով է ավարտվում: Չեմ կարծում, թե մի «սապլյակի» համար Պուտինն իր երկրի պատվի հետ չի խաղա: Ուղղակի հարցն այն է, որ Պերմյակովը հայտարարում է, թե ինքը մենակ է եղել ու պատմում է, թե ինչպես է գործել սպանդը… Բան չեմ հասկանում, ինչպե՞ս է մենակ սպանել, էնքան «մաքուր» գործ են արել, որ մյուսների հետքերը չեն երևում…

Մեկ էլ մտածում եմ, եթե բաց դատ եղավ, բոլոր մասնակցեցին, ի՞նչ է կատարվելու, կոնկրետ ես ինչպե՞ս եմ ինձ տիրապետելու, երբ Պերմյակով կոչվածը սկսի դրվագ առ դրվագ պատմել, թե ինչպե՞ս ոչնչացրեց անմեղ ընտանիքին: Ի՞նչ վիճակում կլինեմ … Մենք ինչո՞ւ հարցի պատասխանն ենք ուզում, ասում է՝ ես եմ սպանել ու վերջ, բայց ինչո՞ւ, թշնանի՞ էր էդ ընտանիքին, եկե՞լ էիր վրեժ լուծելու, ի՞նչ էիր ուզում, թե ՞քո երկրում թուրքերի հետ ղումար էիր խաղացել, եկար ծրագիր իրագործելու, ոճիրը գործելուց հետո փորձեցիր անցնել Թուրքայի սահմանը, չհասցրեցիր… Իրոք բան չեմ հասկանում, ես մի բան գիտեմ միայն, որ Ավետիսյանների ընտանիքը մատնացույց էր արված… Ու Աստված չանի բացահայտվի, որ հայի մատ էլ կա մեջը խառը:

Մեկ էլ մտածում եմ, եթե Պերմյակովն է կատարել էդ հանցանքը, նա հիմա պիտի խելագարվեր, ոչ թե էդպես հանգիստ պատմեր: Հայտարարում են, որ մի զենքից են բոլոր սպանվել, ոճրագործը ծխախոտներ է թողել, հասկացանք, անցեք առաջ, էրեխական բացահայտումներն էլ չենք ուզում:

Հետո էլ եղեռնի հարյուրամյակից են խոսում, գոնե էն ժամանակ մասսայական բնույթ էր կրում հայ ազգին ոչնչացնելը, իսկ հիմա ոչ պատերազմ է, ոչ կռիվ, անմեղ քնած տեղները մորթեցին մարդկանց…Երանի գազը տրաքեր, գազից խեղդեին, բայց նման բան չլիներ…

Հիմա էլ հարևանները հայաթի մեջ պատ քաշելուց են խոսում, պատ եք քաշում, որովհետև էդ անմեղ երեխաների ճիչն ու լացը ձեր ականջներում է, որոնց փրկելու համար ոստիկանություն անգամ չզանգեցիք…

Ո՞վ մատնացույց արեց էս ընտանիքին, բնական է, որ 19 տարեկան քաղաքին անծանոթ զինվորականը ի՞նչ գիտեր Արցախ թաղամասի, Մյասնիկյան փողոցի 188 տան տեղը: Մենք կգժվենք, եթե սա չիմանանք», ասաց Ռիտա Պետրոսյանը:

Նաև նաև տեղեկացրեց, որ տուժողների դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները եկել են, սակայն իրենք դեռ չեն ծանոթացել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sona says:

    Ցավում եմ ձեզ համար սիրելի Հասմիկ Ավետիսյանի քույրեր: Այդ բոլոր հարցերը ես ինքս եմ տվել , ու չեմ պատկերացրել, որ երեխայի ճիչ ու կրակոցի ձայն լսած հայ մարդը ինչպես օգնության չի հասել: Դրանց տված ոչ մի տեղեկության ես չեմ հավատում, համոզված եմ, որ դուք ևս: Դրանց կատարած այդ փորձաքննությունները սուտ են և հանրությանը ներկայացնում են այնպես, ինչպես իրենց է հարմար: Ցավում եմ, բայց համոզված եմ, որ իրական պատճառները այդպես էլ ոչ ոք չի իմանա:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031