Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Դանիելյանը գործարք է առաջարկում Սերժ Սարգսյանին

Մարտ 31,2015 14:37

«Ամենամեծ մարտահրավերն այն է, որ սահմանադրական փոփոխությունները կատարվում են վերարտադրության համար»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Սահմանադրական բարեփոխումների գործընթացը քաղաքացիական հասարակության դիտանկյունից» թեմայով քննարկմանը այսպիսի կարծիք հայտնեց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:

Նա նկատեց, թե սխալ թեզ է, որ խորհրդարանական համակարգն ավելի ժողովրդավարական է, քան նախագահականը. «Եթե նման բան լիներ, ապա Հյուսիսային Կորեան ավելի ժողովրդավար կլիներ, քան ԱՄՆ-ն»: Արմեն Գրիգորյանի փոխանցմամբ` կան բազում ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ ավտորիտար ռեժիմը ուժեղացնելու տեսակետից խորհրդարանական համակարգն առավել վտանգավոր է. նախագահական համակարգում երկու ժամկետից հետո ստիպված են լինում հեռանալ, խորհրդարանական համակարգում կուսակցությունն ու դրա նախագահը հնարավորություն են ստանում երկարաժամկետ իշխանության:

Իրավունքի և ազատության կենտրոնի ղեկավար Վարդան Հարությունյանը չի համարում, թե ՀՀ-ի խնդիրները լուծելու համար պետք է փոխել Սահմանադրությունը, այդ հարցում քաղաքական կամք է պետք: Այնուհետև նկատեց. «Չգիտես ինչու՝ ՀՀ բոլոր իշխանություններին թվում է, թե անպայման իրենց իշխանավարման ավարտին պետք է Սահմանադրություն փոխեն»: Վարդան Հարությունյանի կարծիքով` իշխանությունները պարտադիր չէ, որ սահմանադրական փոփոխություններով վերարտադրվեն, քանի որ ցանկության դեպքում դա նրանք կարող են անել:

Այս առիթով «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը նշեց. «Նման քննարկումներով լեգիտիմացնում ենք իշխանությունների քայլերը: Իհարկե, իշխանությունները միշտ կարող են վերարտադրվել, բայց ՀՀ-ում իշխանությունը անձնավորված է, համակարգը կարող է վերարտադրվել, բայց անձերը` ոչ: Այստեղ խնդիրը անձնական վերարտադրության հարցն է դրված Սերժ Սարգսյանի առաջ: Նա լուրջ խնդրի առաջ է կանգնած ու դեռ չգիտի, թե ինչ ուղղությամբ է գնալու գործընթացը: Եթե անցում կատարեն խորհրդարանական համակարգին, ապա անձի իշխանությունը խնդիրներ կունենա Հայաստանում: Ուստի նա խույս կտա խորհրդարանական համակարգից և հիբրիդային մի համակարգ կստեղծի»: Ըստ Ստեփան Դանիելյանի` «կուսակցությունների հետ ֆոտոսեսիայի ժամանակ նա անկեղծ էր, որ ասում էր, թե վերջնականապես չի կողմնորոշվել»:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արտակ Կիրակոսյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն վաղուց կա. «Գործող համակարգը թույլ չի տալիս պետության զարգացում: Անպտուղ քննարկումներ են, թե ինչու է Սերժ Սարգսյանը ուզում հասնել այդ փոփոխությունների: Կարևոր է այն, որ նորմալ փոփոխություններ լինեն և դրանք ինչքանով կարող են լավացնել վիճակը»:

«Իրավունքի պաշտպան առանց սահմանների» հ/կ նախագահ Հայկուհի Հարությունյանը նկատեց. «Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը որպես քաղաքական փաստաթուղթ և այն, որին ծառայելու է, ստվերում է փաստաթղթի`դրական գնահատվող հատվածը: Դրա շուրջ քննարկումները բովանդակային առումով այդպես էլ չեն ծավալվել»:

Ստեփան Դանիելյանը մտավախություն ունի, թե կուսակցությունները Սերժ Սարգսյանի հետ ֆոտոսեսիաներով ու նման քննարկումներին մասնակցողները լծվում են «Սերժ Սարգսյանի վերարտադրման գործին» ու մի գործարք առաջարկեց Սերժ Սարգսյանին. «Պատրաստ եմ մասնակցել սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը և կողմ արտահայտվել ցանկացած տարբերակի, որը կառաջարկի Սերժ Սարգսյանը միայն մեկ պայմանով, որ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեն և ընտրությունների օրը հրապարակվեն ընտրության մասնակիցների ցուցակներ»: Ստեփան Դանիելյանը նաև հավաստիացրեց, թե կուսակցությունների մասին օրենքն ավելի կարևոր է, քան սահմանադրական փոփոխությունները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031