Այսօր Նախագահական նստավայրի մոտ հավաքված «Նաիրիտի» աշխատակիցների հետ հանդիպման ցանկություն էր հայտնել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նաիրիտցիների հինգ հոգանոց խումբն այն հույսով, որ եթե նախարարն անձամբ է կանչել իր մոտ նաիրիտցիներին, ուրեմն լավ լուր ունի հայտնելու, գնացին, սակայն մոտ մեկ ժամ հետո վերադարձան եւ հայտնեցին, որ նախարարի հետ հանդիպումն արդյունք չի տվել:
«Նաիրիտի» բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանն ասաց, որ նախարարը շարունակել է կրկնել նույն բանը, ինչ ասել էր նախորդ հանդիպումների ժամանակ. «Ո՞րն էր այս հինգ հոգուս տանելու իմաստը, եթե պետք է նույն բանը կրկներ, ես չգիտեմ: Նա ընդամենն ասաց, որ բանակցությունները շարունակվում են միջպետական բանկի հետ, որ պետք է քացախաթթվի արտադրամասը վաճառվի եւ ավելացրեց միայն, որ որոշում է կայացվել նաեւ «Կապույտ լիճ» կոչվող տեղամասի խողովակաշարերից մեկը վաճառել»: Սակայն դրա վաճառքից էլ, ըստ Անուշ Հարությունյանի, ընդամենը մեկ աշխատավարձի խնդիր կարելի է լուծել:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նաիրիտցիները ցանկանում են ետ կանչել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Անուշ Հարությունյանը նկատեց, որ երեկ լրատվամիջոցներով հայտնել են, որ բյուջե է մուտքագրվել 25 միլիարդ դրամ գումար, մինչդեռ «Նաիրիտի» պարտքը կազմում է ընդամենը 5 միլիարդ դրամ:
«Մենք շարունակելու ենք մեր ակցիաները, առանց դրանց ոչնչի հնարավոր չէ հասնել: Մենք պահանջում ենք նախագահի եւ վարչապետի հետ հանդիպում: Մենք այլեւս ոչ ոքի հետ հանդիպման չենք գնալու, կամ գնում ենք հանդիպման այն դեպքում, երբ հստակ գիտենք, որ մեզ ժամանակացույց են ներկայացնելու»,-հայտնեց Անուշ Հարությունյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Նաիրիտիցիները որոշեցին հինգշաբթի օրերը հավաքվել կառավարության շենքի դիմաց՝ վարչապետին հանդիպելու պահանջով, իսկ մնացած մյուս օրերին հավաքվել նախագահական նստավայրի դիմաց:
Մանրամասն՝ տեսանյութերում
Նշենք նաեւ, որ այսօր նախագահականի մոտ բողոքի ցույց անող Նաիրիտցիները ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակ գնելու նպատակով գումար էին հավաքում. «Կգրենք՝ ծաղկեպսակ գործազուրկներից»,- կատակով ասում էին նրանք:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ