Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ավելի խոր ճգնաժամի մեջ ենք հայտնվելու». «Իրատես de facto»

Մարտ 31,2015 13:34
Vahagn Xachatryan

«Չկա հստակ հաշվարկ, թե Հայաստանը տնտեսապես ինչքան կորուստ է ունեցել ԵԱՏՄ-ին անդամակցելով, ինչպես նախապես չէր հաշվարկվել, թե ինչ ենք շահելու»,- ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։ Մինչ այդ միությանն անդամակցելը որոշ գործարարներ խանդավառված էին, թե մեծ շուկա է իրենց առջև բացվելու, հիմա նրանք շատ մեծ դժգոհություններ ունեն։

– Ո՞րն է այս հիասթափության պատճառը։

– Երբ պատրաստվում էինք անդամակցելու, բացի չհիմնավորված հայտարարություններից, խոստումներից, փաստարկված ոչինչ չենք տեսել իշխանության կողմից։ Չի եղել հստակ հաշվարկ, թե անդամակցությունից հետո Հայաստանի համար ինչ օգուտներ կլինեն։ ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար տարիներ շարունակ նույն շուկան է եղել (նկատի ունեմ ԱՊՀ շուկան եւ առանձին երկրների հետ ազատ առեւտրի համաձայնագրերը)։ Այս շուկայից օգտվելու այլ արտոնություններ չէին տրվելու անգամ այս պայմանագրով։ Հակառակը, Հայաստանի համար առավել վատ պայմաններ են ստեղծվել։ Մեզանում մաքսադրույքաչափերն ավելի ցածր են, քան ԵԱՏՄ-ում։ Ձեր նշած «խանդավառությունը» պայմանավորված էր արտահանման մեծացմամբ, որ մեր գործարարները կարող են այդ շուկա առանց մաքսազերծման, ազատ մուտք գործել, բայց մի շատ կարեւոր բան մշտապես մոռանում են։ Հայաստանը ուղիղ սահման չունի ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ։

Մեծագույն խնդիրը սա է, ու հիմա դժվարության առջեւ են կանգնել։ Խաղի կանոնները փոխվել են, եղածն էլ ավելի մեծ խնդիրներ է ստեղծել։ Սրան ավելացել է նաեւ Ռուսաստանի այսօրվա տնտեսական վիճակը։ Եթե անգամ ԵԱՏՄ անդամ էլ չլինեինք, Ռուսաստան ապրանք արտահանելն այսօր ձեռնտու չէ։ Սա է պատճառը, որ համատարած դժգոհություն կա։ Ես չգիտեմ՝ ինչով է պայմանավորված եղել այդ խանդավառությունը, ի վերջո, գործարար մարդիկ են ու պետք է կարողանային այդ հաշվարկները կատարել։ Անցյալ տարի հուլիս-օգոստոսից արդեն ամեն ինչ տեսանելի էր։ Ռուսական շուկա մուտք գործելը լուրջ խնդիրներ է հարուցում։ Մեկ այլ հանգամանք էլ պետք է հաշվի առնել. Ռուսաստանը, ԵԱՏՄ-ն ստեղծելով, ցանկանում էր նախ իր շուկան պահպանել։ Հետո էլ որոշում ընդունեց երկու ամիս սառեցնել գների բարձրացումը։ Սա նշանակում է, որ եթե մենք ապրանք ունենք ռուսական շուկայում բարձր գնով վաճառելու, չենք կարողանալու այդ հնարավորությունից օգտվել։ Այս ամենը հանգեցրեց այսօրվա իրավիճակին։

– Հայաստանի ղեկավարությունը վերստին ԵՄ-ի հետ բանակցությունների մասին հայտարարեց։ Սա նշանակում է, որ Հայաստանը հասկացել է, որ ԵԱՏՄ-ի անդամակցությունն իրեն ձեռնտու չէ՞։

– ԵՄ-ն Հայաստանից վերջնականապես չէր հրաժարվել։ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի ներգրավվածության ակնկալիքները դեռեւս պահպանվում են։ Այդ իսկ պատճառով նրանք որոշել են տնտեսական մասը՝ ազատ առեւտրի խոր եւ համապարփակ համաձայնագիրը, հանել եւ թողնել համագործակցության այլ բնագավառներ՝ կրթություն, առողջապահություն, մարդու իրավունքներ և այլն։ Սա նշանակում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ, ինչից Հայաստանը չէր կարող հրաժարվել։ Այսօր ամենակարեւոր խնդիրը հենց գումարներ չլինելն է:

Ռուզան Խաչատրյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031