Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովում IDeA-ի նախաձեռնությամբ բացվեց «Մեծ Հաղթանակի ուղիներով» ցուցահանդեսը

Մարտ 31,2015 13:30

Հայաստանի Ազգային ժողովում այսօր բացվեց «Մեծ Հաղթանակի ուղիներով» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ազգային ժողովի եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից:

Բացմանը ներկա էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը, պատգամավորներ, հրավիրյալներ:

Ցուցադրված կտավներն ընտրվել են գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի եւ Վլադիմիր Նեկրասովի կողմից «То Armenia with Arts» հիմնադրամին նվիրաբերված գեղանկարների հավաքածուից: IDeA հիմնադրամը նպատակ ունի տարբեր ցուցադրությունների միջոցով Հայաստանի հանրությանը ներկայացնել հավաքածուն:

«Մեծ Հաղթանակի ուղիներով» ցուցահանդեսի համար հավաքածուից ընտրվել է հայ եւ ռուս 11 հեղինակի 15 կտավ, որոնցում ներկայացված է պատերազմի, հաղթանակի եւ խաղաղության թեմատիկան:

«Ցուցահանդեսը նվիրված է հաղթանակի 70-ամյակին, սակայն այն ավելին է, քան պարզապես ցուցահանդեսը: Հաղթանակի 70-ամյակին նվիրված յուրաքանչյուր նախաձեռնություն իր մեջ նաեւ կանխարգելիչ ուղերձ ունի,-նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:-Այս ստեղծագործությունները պատերազմի տարեգրությունն են, հերոսության, հայրենասիրության, նվիրումի տարեգրություն, միաժամանակ ձոն ՝ խաղաղությանը: Ցուցահանդեսի կազմակերպման հարցում համագործակցության համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամին եւ բարերարներին, ովքեր իրենց անձնական հավաքածուներից տրամադրել են այս կտավները»:

ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն իր խոսքում նկատեց, որ արվեստը հաճախ օգնում է ավելի լավ հասկանալ անցյալի իրադարձությունները: «Հաճախ նկարչի վրձինն ավելի պերճախոս է, քան ցանկացած խոսք, եւ կտավների միջոցով ավելի լավ ենք հասկանում այդ ժամանակաշրջանում մարդկանց զգացմունքները, զգացողություններն ու ապրումները: Շնորհակալ եմ կազմակերպիչներին՝ այս հրաշալի ցուցադրության համար, եւ կցանկանայի Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդներին շնորհավորել Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ»,- նշեց Ս. Նարիշկինը:

IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանի խոսքով՝ հիմնադրամը նախաձեռնել է հայ եւ ռուս գեղանկարիչների աշխատանքների ցուցադրությունը, ինչը հնարավորություն կտա վերահիշել մեր ժողովուրդների ընդհանուր անցյալի դժվար, բայց հաղթական էջերը: «Հիմնադրամը մտադիր է բարերարների հավաքածուն ներկայացնել հանրությանը՝ տարբեր ցուցադրությունների, այդ թվում՝ մարզերում կազմակերպվելիք ցուցահանդեսների միջոցով:

Սա հավաքածուի մասը կազմող կտավների առաջին ցուցադրություն է եւ, կարծում ենք, հետաքրքիր կլինի ծանոթանալ խորհրդային արվեստի այս բավականին հետաքրքիր շրջանի գործերին: IDeA հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բարերարներ Ռուբեն Վարդանյանին, Վլադիմիր Ավետիսյանին եւ Վլադիմիր Նեկրասովին՝ այս գեղեցիկ նախաձեռնության իրագործման համար»,-նշեց Արմեն Գեւորգյանը:

Գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի եւ Վլադիմիր Նեկրասովի կողմից «То Armenia with Arts» հիմնադրամին նվիրաբերված գեղանկարների հավաքածուն 100 կտավ է ներառում: Գործերի հեղինակները խորհրդային շրջանի շուրջ երեք տասնյակ գեղանկարիչներ են, այդ թվում՝ սոցռեալիզմի հայտնի ներկայացուցիչներ, որոնց աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ համամիութենական եւ միջազգային ցուցահանդեսներում: Հավաքածուում ընդգրկված են նաեւ տարբեր ժանրեր ներկայացնող աշխատանքներ:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031