Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Դումանյանը հրաժարվել էր ցորենի ալյուրի հարստացման ծրագրից

Մարտ 31,2015 13:13

Այդ գործընթացի մեջ չեն Ավստրիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, ՌԴ-ն եւ երկու տասնյակի շեմը գերազանցող շատ այլ զարգացած երկրներ: Իսկ Չիլիում, որտեղ այդ գործընթացը ներդրվել է՝ երեք անգամ ավելացել է հաստ աղիքի քաղցկեղը: Խոսքը ցորենի ալյուրի հարստացման վերաբերյալ նախագծի մասին է:

Հիշեցնենք, նման նախագծի ջատագովն է ՀՀ առողջապահության նախարարությունը, սակայն, նախագծի ընդունումը մեկ տարով հետաձգվեց`առկա դիմադրության եւ լրացուցիչ ուսումնասիրությունների համար: Ծրագիրը ֆինանսավորում է ՄԱԿ-ը: Կանադայում, որի որոշ շրջաններում ծրագիրն իրականացվում է, քաղցկեղը դարձել է ազգային աղետ`տղամարդկանց 40 տոկոսը տառապում է քաղցկեղով: Այս տվյալներն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ներկայացրեցին Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ և մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը, կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը և ՀՀ սպառողների ակադեմիայի հացամթերքի մասնագետ Վարդուհի Մելիքյանը:

«Եթե պատճառաբանվում է, որ երկաթի եւ ֆոլաթթվի բացակայությունը բերում է մի շարք խնդիրների, բայց մենք ունենք փաստեր, որ մեր ժողովրդի այն մասը, որը զրկված է միս եւ երկաթով հարուստ այլ սննդամթերք օգտագործելուց, օգտագործում են առավելապես լոլիկ եւ այլ բանջարեղեններ, որոնք փոխհատուցում են երկաթի պակասը»,- ասաց Ռուբեն Հայթյանը:

Նա նաեւ տարակուսանք հայտնեց շուկայում առկա հացամթերքների որակի վերաբերյալ ընդհանրապես, քանզի բոլորը մի ալյուր են օգտագործում, ալյուրը չի տեսակավորվում ու մենք չգիտենք, թե ի՞նչ ենք օգտագործում. «Ալյուրի վերամշակման գործընթացում կարեւոր նյութերը կորցնում ենք, հետո, փորձում ենք արհեստական ու վտանգավոր մեթոդներով լրացնել: Կանադայի եւ ԱՄՆ-ի որոշ հատվածներում օգտագործում են այդ հավելումները, բայց դրանք գոնե բնական են, իսկ մենք արհեստականով ենք հավելելու, բնականով չենք կարող, դա շատ թանկ է»:

Ռուբեն Հայթյանը տեղեկացրեց, որ Առողջապահության նախկին նախարարը`Դերենիկ Դումանյանը, կտրուկ հրաժարվել էր այդ գործընթացից:

Վարդուհի Մելիքյանն էլ տարակուսանք հայտնեց բերվող պաշտոնական թվերի առնչությամբ: Ֆոլաթթվի այն քանակը, որը առաջարկվում է ավելացնել ալյուրի մեջ, կազմում է այդ վիտամինի իբր պակասի ողջ քանակությունը. «Միայն հացի՞ միջոցով պիտի բավարարվի բնակչությունը, ո՞ւր եմ մյուս սննդատեսակները, ինչո՞ւ այդ մասին չի մտածում կառավարությունը»: Նա նաեւ նկատեց, որ կա հիվանդությունների մի շարք, որոնք առաջանում են երկաթի ավելցուկի դեպքում ու հարց հնչեցրեց`ինչի՞ կհանգեցնի միայն հացի միջոցով երկաթի պակասը լրացնելու միտումը. «Ինչո՞ւ են ուզում միայն հացով կերակրել մարդկանց, ինչո՞ւ են ուզում պարտադիր կերպով բոլոր հացատեսակների մեջ ավելացնել, թող տարատեսակ լինի, թող դասակարգվի, կան նաեւ մարդիկ, ում հակացուցված է նման հացատեսակը: Ով ինչի կարիքն ունի, թող նա գնի»:

Վարդուհի Մելիքյանին զարմացնում է, որ մենք մեր ազգի մասին ավելի քիչ ենք մտածում, քան միջազգային կազմակերպությունները: Մինչդեռ, հումքի որակի մասին ոչ ոք չի մտածում այլ ունեն հումք, որը ջանում են սպառել`ապրանքի արտաքին տեսակի վրա շեշտը դնելով:

Կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը զարմացած է տարբեր գինեկոլոգների հետ վերջին շրջանի իր զրույցներից: Հղի կանանց պարտադիր հինգ միլիգրամ ֆոլաթթու է նշանակվում, երբ, ըստ նրա, չորս միլիգրամն արդեն բացառիկ դեպքերի համար է նախատեսված: Ինչո՞ւ`նա չգիտե. «Ֆոլաթթուն սինթետիկ նյութ է դրա դեֆիցիտ օրգանիզմում անհնար է ունենալ»: Ըստ նրա, հետազոտություններ ընդհանրապես չկան`բնակչության շրջանում սակավարյունության վերաբերյալ: Առողջապահության նախարարության կողմից ներկայացվող հետազոտության հեղինակները, հետազոտության վերջում, չեն երաշխավորել դրա հավաստիությունը, ուստի, ինքը չի կարող վստահել դրան: Փոխարենը, նույն նախարարության պաշտոնական տվյալներով երիտասարդության շրջանում 28 տոկոս ճարպակալում կա: Կենսաֆիզիկոսը դա է խնդիր համարում ու հորդորում` դրա մասին մտածել:

Բանախոսները կարծում են, որ սա միտումնավոր պարտադրվող ծրագիր է`ԱՀԿ-ի, Համաշխարհային բանկի ու Յունիսեֆի կողմից, քանի որ սննդային հավելումներ են արտադրում, պիտի սպառեն: Եվրոպական մեծ երկրներին չեն կարողանում պարտադրել, աֆրիկյան երկրներում, մեզ նման երկրներում կարողանում են պարտադրել: «Եթե Չիլիի օրինակը կրկնվի, առողջապահության նախարարությունը, պատգամավորները պատասխան կտա՞ն: Իհարկե`ոչ: Ալյուր արտադրողները պիտի պատասխանեն, նրանց էլ պարտադրում են»,- ասաց կենսաֆիզիկոսը:

Բանախոսները հավելեցին, որ իրենք շարունակելու են հանրությանն իրազեկման գործընթացը, կլինեն տարբեր ակցիաներ, նաեւ`ստորագրահավաք, որպեսզի հնարավոր լինի կանխել այս «կուլտուրական ոչնչացումը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հացի մեջ անհրաժեշտ սննդանյութերի,վիտամինների ու հանքային աղերի պարունակությունը բարելավելու նպատակով պետք է միայն ալյուրին խառնել 30 տոկոսի չափով ցորենի թեփ՝հացը ավելի հարուստ կլինի սպիտակուցով՝16 տոկոս,B խմբի վիտամիններով,հանքային աղերով,բջջանյութով՝որը նպաստում է աղիների նորմալ աշխատանքին:Այդպես են վարվել Դանիայի իշխանությունները անցյալ դարի 30-ական թթ.,երբ ուսումնասիրել են բնակչության շրջանում հիվանդությունների ավելացման պատճառները:Մեր պապերը օգտագործել են ջրաղացի ալյուր՝թեփի հետ աղացած,որի շնորհիվ ավելի առողջ և երկար են ապրել:Թեփով հացը նաև օգտակար է գիրացման դեմ պայքարելու համար:

  2. Աշոտ says:

    Շնորհակալություն հեղինակին: Բայց էական սխալ կա, խնդրում եմ ուղղել: /չորս գրամն արդեն բացառիկ դեպքերի համար է նախատեսված/ 4միլիգրամ, ոչ թե գրամ: Ըստ մեր գործող չափորոշիչի և ԱՀԿ ուղեցույցի խորհուրդ է տրվում սովորական դեպքերում հղի կանանց նշանակել 0,4մգ: Ասուլիսին ես ուղղակի մեջբերում արեցի ՀԺԱՀՀ-2005թ.-ից, որի տվյալները օրինագծում որպես հիմնավորում են բերված: Մեջբերում հետազոտությունից. «Օրինակ՝ Երևանում սակավարյունության որևէ մակարդակ ունեցող երեխաների մասնաբաժինը հինգ տարիների ընթացքում եռապատկվել է՝ 13 տոկոսից (2000թ.) մինչև 45 տոկոս (2005թ.): Նմանապես Գեղարքունիքում, սակավարյունության որևէ մակարդակ ունեցող երեխաների մասնաբաժինը կրկնապատկվել է՝ 32 տոկոսից մինչև 63 տոկոս: Նման մեծ տատանումներն անհավանական են… Ինչպես նաև հնարավոր է սխալներ են տեղ գտել տվյալների հավաքագրման ընթացքում և սխալ են օգտագործվել սակավարյունության որոշման սարքերը կամ նշտարները: Երբ աղյուսակից բացառվում են Երևան և Գեղարքունիք մարզերը, ապա չի նկատվում ոչ մի էական փոփոխություն վերջին հինգ տարիների ընթացքում»: (Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն 2005, ՀՀ ԱՎԾ, ՀՀ ԱՆ, 2005թ., https://armstat.am/file/article/dhs_2005a_12.pdf, էջ 189) Ամենաէական հարցը, այն, որ ողջ բնակչությանը ուզում են պարտադրել դեղանյութ ընդունել, բաց եք թողել:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031