«Կարմիր խաչի Բաքվի պատվիրակները երեկ հանդիպել են հայ ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանին»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նրա փոխանցմամբ` Կարմիր խաչի պատվիրակները տեղեկություններ են փոխանցել Անդրանիկին իր ընտանիքի մասին, նա էլ որոշ ընտանեկան բնույթի տեղեկություններ է փոխանցել ՀՀ-ում գտնվող իր ընտանիքի անդամներին:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին ԼՂՀ ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն էր անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Գրիգորյանը:
Իսկ մարտի 23-ին ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին «հարցազրույց» հայ գերու հետ եւ ցուցադրել շփման գիծը «հատելու պահը»: ԼՂՀ ՊԲ-ն այդ տեսանյութը կեղծ է անվանել: Զառա Ամատունուց հետաքրքրվեցինք` միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի նման պահվածը իրավաչա՞փ է, նա պատասխանեց. «Մեր կազմակերպությունը նման գնահատականներ չի տալիս, քանի որ բոլոր տեսակի նկատառումները, որոնք վերաբերում են միջազգային մարդասիրական իրավական նորմերին, մենք ուղղում ենք անմիջապես իշխանություններին` փակ երկխոսության շրջանակներում»:
Հետաքրքրվեցինք` ի՞նչ փուլում է Անդրանիկ Գրիգորյանի գործի ընթացքը, հայրենադարձության մասին խոսք կա՞, համագործակցու՞մ են ՊՆ-ի հետ, Զառա Ամատունին պատասխանեց. «Մենք մշտապես երկխոսություն վարում ենք իշխանությունների, բոլոր ներգրավված կողմերի հետ: Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, ապա խոսքը վերաբերում է պարբերական տեսակցելու, իր և իր ընտանիքի միջև կապը պահելուն, իր կամքի հետ կապված աջակցելուն, եթե կողմերը համաձայնության գան»:
Կարդացեք նաև
Հարցրինք` Անդրանիկ Գրիգորյանը ցանկություն հայտնե՞լ է Հայաստան վերադառնալ, Զառա Ամատունին պատասխանեց. «Ռազմագերին ընտանեկան լուրեր է փոխանցել: Կամք ասելով ոչ միայն իր կամքի մասին եմ ասում, այլև հայրենադարձման: Երբ նման հարց լինի, Կարմիր խաչն իր անկախ միջնորդի ծառայությունն առաջարկում է: Մենք առայժմ կարող ենք փաստել, որ տեսակցել ենք, առայժմ հետագայի մասին խոսել չենք կարող»:
Հաջորդ տեսակցության մասին Զառա Ամատունին ևս ժամկետներ ու մանրամասներ չհայտնեց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ