Այսօր ՀՀ ԱԺ-ում անցկացվեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը:
Դեռեւս անցյալ տարի լիագումար նիստին ՀՀ ԱԺ Ֆրանկոֆոնիայի խմբի ղեկավար Մարգարիտ Եսայանը եվրոպական մի շարք երկրների պատվիրակներին ասել էր, որ 2015-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է եւ հրավիրել էր նրանց հաջորդ նիստն անցկացնելու Հայաստանում: Նրանք ընդունել էին հրավերը:
Համաժողովի ընթացքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խոսեց Ցեղասպանության ճանաչման մասին, ասելով, թե ինչպես են Թուրքիան, Ադրբեջանը փորձում խոչընդոտել մեր միջոցառումներին. «Գիտեք, թե ինչ է կատարվում այսօր Մինսկի վեհաժողովում տեղի ունեցած բոլոր առաջարկների վերաբերյալ: Գիտեք, թե ինչպիսի դիրքորոշում ունեն մեր հակառակորդները՝ Ադրբեջանը, ինչպես են նրանք ամեն անգամ խաղարկում այն իրավունքը, որն ունի ցանկացած անձ՝ իր ինքնորոշման վերաբերյալ: Տիկնայք եւ պարոնայք, մենք կարծում ենք, որ այս հավաքն այս ձեւաչափով շատ հետաքրքիր է, թույլ է տալիս բոլոր տիպի մտքերի փոխանակում, փորձի փոխանակում եւ մեծ ներուժն է բերում նրան, որ ավելի ամրապնդվի համերաշխությունը բոլոր ֆրանսախոս երկրների եւ իրենց խորհրդարանների միջեւ»:
Կարդացեք նաև
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Պոլ Վահլի խոսքերով՝ «Չնայած վերքի խորությանը, մենք կարծում ենք, որ ճիշտ ճանապարհն է ճանաչել Ցեղասպանությունը եւ գնալ առաջ: Այս տարի 2015-ին Ցեղասպանության 100-ամյակի օրը մենք դեռ չենք կարող ասել, որ ցեղասպանությունը ճանաչվել է: Իհարկե, ճիշտ է, ՀՀ նախագահ պարոն Սարգսյանը փաստում է Անկարայի ճանաչման ցանկության բացակայությունը, ինչը մեծապես ազդում է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վրա: Այսօր բարձրագոչ հայտարարություններն ավելի շատ յուղ են լցնում կրակի վրա եւ երբեմն կարող են բերել չստացված արդյունքների: Ապրիլի 24-ին մենք նպատակ ունենք նաեւ մեր մասնակցությունը բերել: Տարբեր երկրների նախագահների ներկայությունը ՀՀ-ում այդ հիշարժան օրը կարեւոր է: Այն միջոցառումները, որոնք ձեռնարկվում են Թուրքիայում, իմաստը ո՞րն է, որ նրանք այս հիշարժան օրվա նշանակության վրա ստվեր գցեն: Բայց մենք երբեք չենք մոռանա եւ ձեզ չենք մոռանա երբեւէ: Մենք այսօր նոր ժամանակաշրջան ենք ապրում, նոր բացահայտումներ ենք անում: Մեր միակ ունեցվածքը Երկիր մոլորակն է: Մի օր չկա, որ մարդիկ չապրեն մեծ եղեռններ, պատերազմի սարսափները: Տեսեք ինչ է կատարվում Ուկրաինայում: Մենք չպիտի մոռանանք, որ ամենաշատը տառապում են երեխաները: ԵՄ-ն ամեն անգամ իր հույսը դնում է նրա վրա, որ յուրաքանչյուր երկիր պիտի կարողանա ինքնուրույն որոշի իր սահմանները: Մենք չենք կարող նշանակություն չտալ դրան: Տեսեք, թե ինչ է կատարվում Թունիսում, ինչ սարսափելի բաներ են լինում: Տեսեք վերջերս ՌԴ-ում Բորիս Նեմցովի սպանությունը, տեսեք ամեն օր քանի երկիր է դառնում տարբեր ոճրագործությունների զոհ: Շատ կարեւոր է, որ ճանաչվի հայոց ցեղասպանությունը եւ նորից տիրի պատմական արդարությունը: Ուրեմն խոսք չկա ինչ-որ մասնակի ճանաչման մասին: Ապագա սերունդները պիտի սերտեն պատմության իրական դասերը, որպեսզի նման ոճրագործություններ նորից չկրկնվեն եւ նման իրավիճակ չստեղծվի այլեւս ազգերի միջեւ»,- ասաց Ժան-Պոլ Վահլը:
Համաժողովը շարունակվում է եւ այսօր նախատեսվում է ընդունել նոր բանաձեւ Հայոց Ցեղասպանության մասին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ