«Մեզ մոտ չկա աջ կիսապաշտպան, ձախ հարձակվող եւ այլն, ԲՀԿ-ն կուռ քաղաքական թիմ է»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը`պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկում-հարցին`ժամանակին Աբրահամ Մանուկյանը ԲՀԿ-ում առանցքային դերակատարում ուներ եւ առանցքային տեղ էր զբաղեցնում, ի՞նչ դիրք ունի նա այժմ ԲՀԿ-ում: «Աբրահամ Մանուկյանի հետ որեւէ խնդիր չկա, մենք մնում ենք աշխատանքային եւ գործընկերային հարաբերությունների դաշտում: Գործը կազմակերպելու ընթացքում կարող են տարբեր մոտեցումներ լինել, բայց անձնապես որեւէ մեկի հետ խնդիր չունենք: ԲՀԿ-ում բոլորն էլ փորձառություն, վաստակ ու ճանապարհ անցած մարդիկ են: Բոլոր նրանք, ովքեր կուսակցությունից կամ խմբակցությունից դուրս են եկել, մենք պահպանում ենք գործընկերային հարաբերությունները»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Միքայել Մելքումյանը նաեւ հավելեց, որ ինքը շարունակելու է հավատարիմ մնալ ԲՀԿ-ի ծրագրին եւ ապագային. «Ես կլինեմ վերջին մարդկանցից մեկը, եթե պիտի ինչ-որ բան լինի… Այսինքն, ԲՀԿ-ն պիտի լուծարվի, որ ես դուրս գամ»:
Միքայել Մելքումյանն ասաց նաեւ, որ նախկին եռյակի անդամ կուսակցությունների հետ նորմալ հարաբերությունների մեջ են, որոշ անձանց հետ նույնիսկ ընկերական հարաբերություններ ունեն: Ընդհանուր մոտեցումների դեպքում, որեւէ խնդիր չեն տեսնում նորից միասնական հանդես գալու հարցում:
Վերջին իրադարձություններից հետո, Գագիկ Ծառուկյանի հետ ե՞րբ եք հանդիպել`նաեւ նման հարց հնչեց: «Անձնական բաները չբացահայտեմ, Գագիկ Ծառուկյանը մեր ղեկավարն է եղել, ո՞նց կարող ենք չհարգել մի մարդու, ով մեր քաղաքական ճանապարհը հարթելու հարցում լրջագույն դերակատարում է ունեցել»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ