Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Վլադիմիր Պուտինը կարող է հունիսին այցելել Բաքու՝ մասնակցելու առաջին Եվրոպական խաղերի բացմանը:
Ռուսական «Ria» գործակալության փոխանցմամբ՝ Պեսկովը լրագրողների հետ զրույցում, մասնավորապես ասել է. «Իսկապես հրավիրատոմս կա: Պետք չէ բացառել, որ այդպիսի այցելություն կլինի, սակայն, երբ կայացվի վերջնական որոշումը, մենք այդ մասին հավելյալ կտեղեկացնենք»:
Պատմության մեջ առաջին անգամ անցկացվող Եվրոպական խաղերը լինելու են Բաքվում հունիսի 12-ից 28-ը: Հետագայում դրանք կանցկացվեն 4 տարին մեկ անգամ: Խաղերի ընթացքում 20 տեսակի սպորտերում խաղարկվելու են 253 մեդալներ: Խաղերից 12-ի արդյունքներով կորոշվեն 2016 թ. Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք օլիմպիադայի մասնակիցները:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին գումարված Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հերթական նիստի ընթացքում քվեարկությամբ որոշում էր կայացվել մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդգծել էր, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահությունն ամենաբարձր մակարդակով անվտանգության երաշխիքներ է խոստացել ապահովել մեր մարզիկների համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ