Սահմանային չդադարող լարվածությունը եւ արդեն գրեթե ամենօրյա ռեժիմով գրանցվող միջադեպերը, որոնց արդյունքում անթույլատրելի հաճախականությամբ զոհեր ենք տալիս, կարծես թե արդեն սովորական կենսաձեւ են դառնում։ Եթե ընդամենը մեկ տարի առաջ իշխանական ռազմական փորձագետները հավաստիացնում էին, թե նախկինում էլ է Ադրբեջանը նման պարբերականությամբ խախտել հրադադարի ռեժիմն ու դիվերսիաներ իրականացրել, պարզապես այդ մասին տեղեկատվությունն այնքան հասանելի չի եղել, որքան հիմա, ապա անցած օգոստոսից սկսած արդեն իրենք են բարձրաձայնում, որ Ադրբեջանի այս պահվածքն աննախադեպ է։ Սակայն հիմա, ի տարբերություն նախորդ տարիների, ո՛չ միջազգային կազմակերպությունները, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները այլեւս չեն արձագանքում սահմանային բոլոր միջադեպերին, եթե դրանց արդյունքում չեն գրանցվում մի քանի զոհեր։ Մինչդեռ նախկինում անգամ մեկ զոհը կամ վիրավորն արդեն իսկ լուրջ առիթ էր, որպեսզի կողմերին զսպող հայտարարություն արվեր։
Օրեր առաջ ՀՀ ՊՆ նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական սահմանին «դանդաղ պատերազմ» է, նախօրեին էլ նշել էր, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» է վարում, որի նպատակը Հայաստանը հյուծելն է։ Այն փաստը, որ ՀՀ ՊՆ խոսնակը հրապարակավ օգտագործում է «պատերազմ» բառը, ինքնին արդեն բավականին մտահոգիչ է, սակայն այնպիսի տպավորություն է, որ այդ մտահոգությունը հասու չէ մեր իշխանություններին՝ ի դեմս երկրի նախագահի եւ ԱԳՆ-ի, որոնք կարծես թե որեւէ տեսանելի քայլ չեն կատարում՝ հակամարտության խաղաղ կարգավորման երաշխիքներ խոստացող գերտերություններին ահազանգելու ուղղությամբ։ Կամ գուցե եւ անում են, սակայն գրանցված արդյունքն այնպիսին է, որ նրանք գերադասում են իրենց այդ քայլերի մասին հանրությանը չտեղեկացնել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում