Հայ-ադրբեջանական շփման գծից շարունակում են նորանոր լուրեր ստացվել հայ զինծառայողների զոհվելու մասին։ Կիրակի օրը հերթական զոհն ենք ունեցել, օրը ցերեկով մարտական դիրքում հակառակորդի կողմից խոցվել է ժամկետային զինծառայող, 20-ամյա Հովսեփ Անդրեասյանը։ Ընդ որում՝ որքան կարելի է հասկանալ լրատվությունից, ադրբեջանական դիվերսիայի որեւէ փորձ չի եղել, եւ տեղի է ունեցել հեռահար դիպուկահար կրակոց։
Զինվորի մահվան հանգամանքները, ինքնին, գալիս են վկայելու, որ տեղի ունեցածի մեջ մեղավոր են ոչ միայն ադրբեջանցի դիպուկահարները. գործ ունենք նաեւ մարտական դիրքի ինժեներատեխնիկական ոչ բավարար վիճակի կամ մարտական կարգապահության պակասի հետ։ Ի սկզբանե հասկանալի է, որ եթե առաջին գիծ է, ընդամենը մի քանի հարյուր մետր այնկողմ ադրբեջանցի դիպուկահարներ կան եւ հարմար թիրախ գտնելուն պես՝ նրանք կրակելու են։ Եվ ուրեմն հրամանատարության առաջին խնդիրն է մարտական դիրքը կառուցել, կահավորել այնպես, որ հերթապահություն իրականացնող զինվորը որեւէ կերպ տեսանելի չլինի հակառակորդի համար, որովհետեւ սա հեռահար խոցումից խուսափելու միակ եղանակն է։ Սա գիտեն բոլոր պրոֆեսիոնալ սպաները, հրամանատարները։
Մարտական դիրքերը հիմնականում կառուցված եւ կահավորված են հենց այս սկզբունքով։ Բայց ժամանակի ընթացքում, անձրեւի, հալոցքի, քամու հետ հողաթմբերը մաշվում են, պաշտպանիչ վահանակները տեղից ընկնում են, խրամատի մեջ հող է լցվում, ու ստորին մակարդակը բարձրանում է, դիտակետերի քողարկումները մաշվում են, ու եթե հրամանատարական կազմը ամենօրյա ուշադրություն չի դարձնում, ժամանակին չի արձանագրում եւ լուծում այս խնդիրները, տեղի են ունենում նման ողբերգական դեպքեր։ Ցանկացած զինվորական կասի, հնարավոր չէ, որ մարտական դիրքում ամեն ինչ արված լինի պատշաճ մակարդակով, եւ հակառակորդի դիպուկահարը կարողանա խոցել այնտեղ ծառայություն իրականացնող զինվորին։ Եթե ինժեներատեխնիկական իմաստով ամեն ինչ կարգին է, նշանակում է կարգապահության խնդիր կա եւ կարգապահական խախտման պատճառով է տեղի ունեցել ողբերգությունը, կարգապահության պակասի պատճառով է զինվորը տեսանելի դարձել հակառակորդին։
Վերջին շրջանում զոհերի մասին տեղեկատվության առատությունը այդպիսի լուրերը մի տեսակ սովորական է դարձրել լրահոսի համար։ Բայց անկախ տեղի ունեցածի հանգամանքներից՝ ցանկացած զոհի մասին տեղեկատվություն պետք է ահազանգ լինի, որ բանակում կամ տվյալ հենակետում ինչ-որ բան այնպես չէ։ Եթե ամեն ինչ կարգին լինի եւ պատշաճ մակարդակի, նման դեպքեր չեն լինի՝ գոնե այսպիսի առատությամբ։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում