«Փոլիսի ֆորում Արմենիա» կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ կազմակերպությունը Հայաստանի կողմից վերջերս 500 միլիոն դոլար արժողությամբ եվրապարտատոմսերի թողարկումը դիտարկում է որպես անպատասխանատու եւ երկրի համար վնասակար:
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը և կապիտալի շուկայի մասնակիցներին դադարեցնել ֆինանսավորել Հայաստանը կառավարող ռեժիմը՝ հաշվի առնելով միջոցների յուրացման ակնհայտ ապացույցները և աղետալի տնտեսական և սոցիալական քաղաքականությունը, որ իրականացնում է Հովիկ Աբրահամյանի ոչ կոմպետենտ և կոռումպացված կառավարությունը: Հայաստանի ապագա ժողովրդավար կառավարությունները բոլոր հիմքերը կունենան՝ կուտակվող այս պարտքերը համարելու ոչ լեգիտիմ և հրաժարվելու դրանց վճարումից»,- ասվում է հայտարարությունում:
Այս մասին Aravot.am-ը զրուցեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի հետ: Նա նշեց, որ Հայաստանում արտարժույթի լուրջ խնդիր է առկա. «Դա պայմանավորված է երկու կարեւոր հիմնախնդիրների լուծմամբ, մեկը՝ բյուջեի հարցն է, մյուսը՝ Կենտրոնական բանկի կառույցների համալրման հարցն է: Հնարավոր է, որ տարվա կտրվածքով բյուջեում ճեղքվածք առաջանա»:
Տնտեսագետի խոսքերով՝ Հայաստանում նաեւ վարկերի օգտագործման արդյունավետության խնդիր կա. «Կարծում եմ՝ սա պարտադրված վիճակ է Հայաստանի համար: Բայց պատկերացրե՛ք, եթե դրանք չլինեն ինչպիսի վիճակ կստեղծվի: Այդ պատճառով՝ ես չէի ցանկանա դա քաղաքականացնել»:
Կարդացեք նաև
Նա համարում է, որ դա խնդիրը չի կարող երկար ժամկետով լուծել, բայց կարող է հիմք հանդիսանալ նաեւ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության համար:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ