Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված Ավետիսյանների գործով Շիրակի մարզպետը խիստ պահանջներ ներկայացրեց ռուս պատգամավորներին. (Տեսանյութ)

Մարտ 30,2015 21:15

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում սպանդի ենթարկված Ավետիսյանների շիրիմին այցելելու նպատակով երեկ Գյումրի էին ժամանել ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի հարցերով հանձնաժողովի բոլոր անդամները:

Վերջիններս, սակայն, գերեզմանոց այցելելուց առաջ, եղան Շիրակի մարզպետի առանձնասենյակում, որտեղ և գեներալ մարզպետը բավական խիստ տոնով մի քանի պահանջ ներկայացրեց ռուս պատգամավորներին: Ֆելիքս Ցոլակյանը նախևառաջ շեշտեց, որ հայ հասարակությունը տեղեկատվության պակաս ունի Ավետիսյանների սպանության գործի բացահայտման ընթացքի մասին:

«Ամենագլխավորը տեղեկություն տալն է, առայժմ դա չենք տեսնում: Այն, ինչ լսում ենք, լսում ենք Հայաստանի քննչական կոմիտեի կողմից, սակայն մեծ բան չէ: Իսկ ռուսական կողմը ոչինչ չի ասում: Ես տեղյակ եմ, գիտեմ, որ տարբեր քրեական գործեր են հարուցվել, փոխել են 102-րդ ռազմաբազայի ղեկավարությանը, Ռուզինսկին հեռացել է Հայաստանից, նոր ղեկավար է նշանակվել, ո՞վ է նշանակվել…Հարկ է, որ այս ամենը իմանա ժողովուրդը…Ժողովուրդը պիտի իմանա, թե ովքե՞ր են պատժի ենթարկվել, ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել ռազմաբազայում: Ավետիսյանների հարազատները բազմաթիվ հարցեր ունեն, մեզ են դիմում հարցերով, բայց մենք հայտնվում ենք շատ վատ վիճակում»,- ասաց մարզպետը:

Ռուս պատգամավորները հերթով ելույթ ունեցան, սակայն, ամենաբովանդակալիցը, Ավետիսյանների սպանության գործի ընթացքի մասին որոշակի տեղեկություններ հաղորդողը ՌԴ պետդումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Ավետիսյանների քննության գործով միջխորհրդարանական աշխատանքային խմբի ռուսական կողմի ղեկավար Օլեգ Լեբեդևի խոսքն էր:

Նա անմիջապես տեղեկացրեց, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարը հեռացվել է Հայաստանից, ՌԴ պաշտպանության նախարարության այն բոլոր աշխատակիցները, որոնք մեղավոր էին այս հանցագործության կատարման համար, պատժվել են, մեկը տուգանքի է ենթարկվել, մյուսը պաշտոնազրկվել… Մարզպետը ընդհատեց նրան, ասելով, որ իրենք շատ լավ գիտեն Ռուզինսկու Գյումրու հեռանալու մասին, սակայն կուզենային, որ ռուսական կողմը այդ մասին հայտներ: Օլեգ Լեբեդևն ասաց, որ ամենօրյա ահռելի աշխատանք է կատարվում հանցագործության բացահայտման ուղղությամբ:

Նա շեշտեց, որ իրենց համար ամենակարևորը պատճառը գտնելն է, թե ինչո՞ւ Պերմյակովը սպանեց Ավետիսյանների ընտանիքին: Նա տեղեկացրեց, որ ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարին անընդհատ զեկուցվում են գործի մանրամասները, 4000 հոգի հարցաքննվել են: Ըստ Օլեգ Լեբեդևի, իրեն հաճախակի են հարցնում թե այդքան շատ մա՞րդ են ընդգրկված գործում, սակայն, ըստ նրա, սկսել են նրանից, թե որտե՞ղ է սովորել Պերմյակովը, ո՞ւմ հետ է սովորել, ի՞նչ ձևով է եկել Հայաստան, ո՞ւմ հետ է շփվել:Ըստ պատգամավորի,  նրանք, ովքեր ամենաքիչը վերջին կես տարվա ընթացքում մտերմիկ կապեր են ունեցել Պերմյակովի հետ, բոլորը հարցաքննվում են: Նա հայտնեց, որ 19 տարբեր փորձաքննություններ են նշանակվել:

Պատգամավորներից մեկը՝ Միխայել Ֆոդորովիչն ասաց, որ ռուս պատգամավորական խումբը Ավետիսյանների սպանությունից հետ Պետդումայի նախագահի հանձնարարությամբ եկել է Հայաստան, միգուցե ավելի շուտ պիտի գային, սակայն եկել են հայ ժողովրդից ներողություն խնդրելու: Նա, շարունակելով Շիրակի մարզպետի միտքը, ասաց, որ քննչական գործողությունների մասին ոչ միայն պետք է տեղեկացնել հայ ժողովրդին, այլև ռուսներին, որոնք նույնպես ծանր են տանում կատարվածը:

Մանրամասները ՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այս ամենը մարդկանց աչքերին թոզ փչել է: Եթե Պերմյակովը չդատվի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՔԻ ներքո, ապա ռուսները կարող են վեշները հավաքել ու գնալ: Օր ու գիշեր Ադրբեջանին զինում են. ռուսներին ձեռք չի՛ տալիս խաղաղություն/Արցախի հարցի լուծում. այլապես ու՞մ պետք կլինի ռուսի սապոգը Անդրկովկասում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031