Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանի նկատմամբ հակազդեցության պատճառները

Մարտ 30,2015 20:30

«Իշխանությունը չունի հասարակական դժգոհության պարագայում ռեակցիայի այսպես ասած մեթոդաբանություն, հակառակ դեպքում հարցը այլ կերպ կլուծվեր: Այժմ այն հանձնվել է կրիմինալ տարրերի քմահաճույքին»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչն է պատճառը, որ Հիմնադիր խորհրդարանը, չլինելով մեծաթիվ ուժ, նրա գործունեությունը լուրջ հակազդեցության է արժանանում, այսպես պատասխանեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Հիմնադիր խորհրդարանի նկատմամբ անընդհատ հակազդեցություն, բռնություններ են տեսանելի: Օրինակ՝ հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման մասնակիցները ՀՀ և ԼՂՀ սահմանի Բերձորի հատվածում ծեծի էին ենթարկվել, դրան հաջորդեցին շաբաթ օրվա՝ Գյումրիի դեպքերը. Գյումրու Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած սադրանքները, հանցագործությունը, մասնավորապես ելույթ ունեցողների վրա ձվեր շպրտելը, այնուհետ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու փաստը:

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ կրիմինալ տարրերը դիմում են նման գործողությունների՝ ապացուցելու իշխանություններին իրենց անփոխարինելի լինելն ու նվիրվածությունը. «Այդ երկու գործոնների համադրությամբ էլ ստանում ենք այս՝ բավականին դատապարտելի պատկերը»: Հետաքրքրվեցինք՝ ինչու՞ հատկապես Հիմնադիր խորհրդարանի դեմ են նման հակազդեցությունները, պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «Այսօր հասարակական ակտիվություն, բողոքի ակցիաներ կազմակերպող ուժը Հիմնադիր խորհրդարանն է, հետևաբար նրա դեմ են ուղղվում այս բոլոր գործողությունները»:

Մեր այն դիտարկմանը՝ ակցիաներ կազմակերպող կազմակերպություններ շատ են եղել, սակայն նման հակազդեցությունը  չի եղել, Ռուբեն Մեհրաբյանն արձագանքեց. «Ակցիաներն ունեին կոնկրետ նեղ ուղղվածություն, ինչ-որ մեկ-երկու հարցի շուրջ միավորված մարդկանց հետ գործ ունեինք: Բայց երբ ի հայտ են գալիս նաև քաղաքական պահանջներ, այդ ժամանակ ուղղակի իշխանությունը կորցնում է հավասարակշռությունը, և մենք ականատես ենք լինում այս չակերտավոր ավանդական արձագանքին»: Հստակեցմանը՝ փաստորեն իշխանությունները խուճապի մե՞ջ են, պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «Խուճապի մասին չէ խոսքը: Իշխանությունները հասարակական ակտիվություն քաղաքական օրակարգով տեսնելիս նման անհավասարակշիռ պահվածք է դրսևորում»:

Հարցին՝ Հիմնադիր խորհրդարանից չեն բացառել, որ ապրիլի 24-ին կդիմեն բռնի գործողությունների, իսկ իշխանությունների պահվածքն այնպիսին է, որ ցանկացած միջադեպի պատասխանատու այդ օրը լինելու է Հիմնադիր խորհրդարանը, հետևաբար ի՞նչ սպասել, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Նման հայտարարությունը լիակատար իրավունք է տալիս այդ բռնությունները կանխել, էլ չեմ ասում, որ նման կոչերն էլ օրենքի հետ խնդիր են ստեղծում: Ցանկացած դեպքերի ընթացքի թիվ մեկ պատասխանատուն եղել է, կա ու կմնա իշխանությունը. սա աքսիոմատիկ ճշմարտություն է»:

Հարցին՝ Հիմնադիր խորհրդարանը լրացնո՞ւմ է քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի բաց լինելը, պարոն Մեհրաբյանը նկատեց. «Ընդդիմադիր դաշտը միշտ էլ եղել է բաց և բացվել է 2011 թվականին քաղաքագիտական վերլուծությունով ու լցվել կեղծ ընդդիմությամբ: Ընդդիմադիր դաշտը բաց է. կան առանձին ընդդիմադիր կուսակցություններ, անհատներ, բայց դրանք առայժմ այդ դաշտը չեն ձևավորում: Հիմնադիր խորհրդարանը կկարողանա, կանի, նրանք պիտի առաջարկեն մի օրակարգ, որի հետ հանրությունը համաձայն լինի և անսալով իրենց կոչերին կազմակերպված գնա իրենց հետևից»: Հետաքրքրվեցինք՝ «100-ամյակն՝ առանց ռեժիմի» դա ի՞նչ է, օրակարգ չէ՞, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Դա կարգախոս է, օրակարգ չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031