«Հաստատվեց, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի գործով վարույթը հայկական կողմին չի փոխանցվելու, Պերմյակովը հայկական կողմին չի փոխանցվելու, ու հայկական կողմը կողքից նայելու է, թե ինչպես են ռուսական մարմիններն իրականացնում նախաքննությունն, ապա՝ դատաքննությունը: Հստակ է, որ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի խնդրանքը չի բավարարվելու»,- Aravot.am-ին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը ամիսներ առաջ դիմել էր ռուս գործընկերոջը Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով: Իսկ այդ նամակը մինչ օրս չի պատասխանվել:
Ինչ վերաբերում է ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու՝ Գյումրիում կատարած հայտարարությանը, որ Պերմյակովին կդատեն ՀՀ տարածքում՝ ռուսական դատարանի կողմից՝ ընդառաջելով հայ ժողովրդի խնդրանքին, Դանիել Իոաննիսյանն ասաց, որ այլեւս կարեւոր չէ, թե որ երկրում են դատելու. «Հայ ժողովրդի կամքին ընդառաջելու համար Պերմյակովին պետք է հանձնեին հայկական կողմին, դատաքննությունն էլ պետք է իրականացվեր Հայաստանի դատարանում»:
Դանիել Իոաննիսյանի խոսքով, Պերմյակովը զորամասից փախչելուց հետո մինչեւ Ավետիսյանների ընտանիքին սպանելը, 3-4 ժամ զենքով զբոսնել է, իսկ զորամասի հրամանատարությունը գիշերվա 3-3:30 հայտնաբերել էր դասալքությունը ու չի հայտնել հայկական կողմին. «Թաքցրել են հանցագործությունը: Որ խոսում են, թե ռուսական կողմը իրականացնելու է բազմակողմանի քննություն, եթե խոսքը բազմակողմանի քննության մասին է, ապա ռուսական կողմը պետք է ձերբակալեր բոլոր նրանց, որոնք գիտեին, որ Պերմյակովը փախչել է, որ զինված դասալիք ունեն եւ դա գաղտնի են պահել Հայաստանի ոստիկանությունից: Որովհետեւ այդ մարդկանց ապօրինի անգործության արդյունքում տեղի ունեցավ Ավետիսյանների սպանդը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ