Ռուսաստանի պետդումայի մշակույթի հանձնաժողովի ներկայացուցիչ, ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը այս աշնանը կթողարկի Սերգեյ Դովլաթովի ստեղծագործությունների հիման վրա պատրաստած «Հրաշալի դարաշրջանի վերջը» ֆիլմ: Ռուսական «Tass» գործակալության փոխանցմամբ՝ Գովորուխինը նաեւ հավելել է, որ աշխատանքներն արդեն ավարտված են:
Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2014 թվականի ամռանը: Հիմքում ընկած է Դովլաթովի «Կոմպրոմիս» պատմվածքների ժողովածուն: «Ուրիշ ստեղծագործություններից էլ մի փոքր հատվածներ կան: Գործող անձանցից մեկը լինելու է լրագրող, որը մեծամասամբ նման է հենց Դովլաթովին: Սյուժեի կենտրոնում Անդրեյ Լենտուլովի պատմությունն է: Նրան անկեղծ դատողությունների համար ստիպում են Լենինգրադից տեղափոխվել Տալլին, որտեղ էլ նա աշխատանքի է տեղավորվում տեղեկան թերթում»,- մասնավորապես ասել է Գովորուխինը:
Ֆիլմի «Հրաշալի դարաշրջանի վերջը» անվանումը վերցված է Դովլաթովի նույնանուն հոդվածից: Գլխավոր դերերում են Իվան Կոլեսնիկովը, Սերգեյ Գարմաշը, Ֆյոդր Դոբրոնրավովը եւ Դմիտրի Աստրախանը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ