Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակայինի մասին փաստաթուղթը ԱԺ-ն ՍԴ-ին նիստից մի քանի օր առաջ է ուղարկել

Մարտ 30,2015 18:56

Արդարադատության նախարարությունը կամ հետին թվով փաստաթուղթ է ներկայացրել, կամ, ըստ Դավիթ Խաժակյանի, օրենքը ԱԺ-ում արդեն քվեարկվել է առանց արդարադատության նախարարության որոշման

Սահմանադրական դատարանը (ՍԴ) վաղը` մարտի 31-ին նշանակված  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ դատական նիստը հետաձգել է մինչեւ հուլիսի 7-ը։ Այս որոշմամբ բավարարվել է Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի ներկայացրած դիմումը. հետաձգման հիմնավորման մեջ ասված է, որ նոր ստացված մեծածավալ փաստաթղթերի վերաբերյալ ամբողջական մոտեցումները ներկայացնելու համար ժամանակ է անհրաժեշտ ։

Նշենք, որ սա օրենքի փոփոխություններից հետո առաջին դատական նիստը պետք է լիներ. այդ փոփոխությունները Ազգային Ժողովի որոշ պատգամավորներ գտնում են եւս հակասահմանադրական:

«Ցավով պետք է նշեմ, որ Ազգային Ժողովը`որպես պատասխանող կողմ, այսինքն` օրենքն առաջարկող անձինք անգործություն են ցուցաբերել»,-  Aravot.am-ի հետ զրույցում նիստի հետաձգման մասին ասաց կուտակային կենսաթոշակային բարեփոխումների դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» խմբի անդամ Դավիթ Խաժակյանը: Նրա փոխանցմամբ` ՍԴ-ին օրենքը ներկայացնող կողմը շատ ուշ է ուղարկել պատասխանը. «Մասնավորապես ԱԺ-ն ու արդարադատության նախարարությունը, երբ հայցը ներկայացվել է, այդ դիմումն ուղարկվել է բոլոր կողմերին, որոնք պարտավոր էին պատասխանել հայցադիմումում ներկայացված ձեւակերպումներին: Արդարադատության նախարարությունն ու ԱԺ-ն դա արել են նշանակված դատական նիստից ընդամենը մի քանի օր առաջ, ինչը հնարավորություն չէր ընձեռում պատգամավորներին հայցը ներկայացնող կողմին համակողմանի դիտարկելու այս ամենը»:

Դավիթ Խաժակյանի ներկայացմամբ` արդարադատության նախարարության ներկայացրած փաստաթղթի ժամկետն ակնհայտ ցույց է տալիս, որ օրենքը պատշաճ կերպով չի անցել ընթացակարգը. «Այսինքն` սա խոսում է այն մասին, որ օրենքը ԱԺ-ում արդեն քվեարկվել է առանց արդարադատության նախարարության որոշման, կամ խոսում է այն մասին, որ նախարարությունն ուղղակի մեզ ներկայացրել է հետին թվով փաստաթուղթ, ինչը հակաիրավական է: Այս ամենը կարիք ուներ վերլուծության եւ ներկայացվեր ՍԴ»:

«ԴԵՄ ԵՄ»-ի անդամը նաեւ նկատեց, որ ՍԴ-ում նախատեսված է գործի քննության գրավոր ընթացակարգ, եղել է միջնորդություն, որպեսզի ՍԴ-ն այն բանավոր ընթացակարգով քննի, սակայն պատասխան այս առնչությամբ չի եղել: «Շատ կարեւոր է, որ բանավոր դատաքննություն լինի, որովհետեւ, եթե գրավոր լինի, հնարավոր է բազմաթիվ խնդիրներ այդպես էլ չվերհանվեն: Գրավոր նշանակում է փաստաթղթերի փոխանակում:  Պատկերացրեք `կողմը ներկայացնում է մի շարք հարցեր, իսկ կառավարությունն անդրադառնում է ընդամենը մի քանիսին, եւ այդպես էլ ավարտվում է: Մենք հիշում ենք, որ նախորդ դատաքննության ժամանակ շատ ակնառու էին կողմի փաստարկները եւ օրենքը պաշտպանող կողմի ուղղակի մերկապարանոց հայտարարությունները: Այսինքն` բանավորի դեպքում հանրությունն էլ տեսնում է գործընթացը, եւ դա ՍԴ-ի համար լրացուցիչ զսպաշապիկ է առավել պատշաճ որոշում կայացնելու առումով»:

Հիշեցնենք, որ ԱԺ մի խումբ պատգամավորներ դիմել են ՍԴ, օրենքի փոփոխություններից հետո, եւ պնդում են, որ այն հակասահմանադրական մի շարք կետեր ունի: Մասնավորապես, ինչպես հիշեցրեց Դավիթ Խաժակյանը,  մի քանի հակասահմանադրական կետեր պահպանվել են դեռ նախորդից եւ եւս մի քանի հակաասահմանադրական կետեր ավելացվել են փոփոխությունների ընթացքում: Նախ` խտրականությունն ըստ սոցիալական կարգավիճակի, այսինքն` պետական ոլորտի աշխատողները պարտադիր վճարում են կուտակային կենսաթոշակային ֆոնդին, իսկ մասնավորը` ոչ: Ինչպես նաեւ պահպանվել է տարիքային խտրականությունը: «Բացի այս,  օրենքն Ազգային Ժողովում ընդունվել է մի շարք խախտումներով, որոնք համաձայն ՀՀ Սահմանադրության, պետք է անվավեր ճանաչվեր, քան որ օրենքը չի անցել անհրաժեշտ ընթացակարգը` սկսած մարդու իրավունքների պաշտպանի գնահատականից, հանրային լսումներն ու այլ բազմաթիվ խախտումներ են արձանագրվել: Այս ամբողջը որպես մեկ փաթեթ վիճարկվում է Սահմանադրական դատարանում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031