Այսօր` մարտի 30-ին, տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:
Կառավարության քննարկմանն է ներկայացվել «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: «ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ԼՂՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում են փոփոխություններ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններին վերաբերող որոշ կետերում:
Քննարկվել է նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ապահովել գույքի (այդ թվում` դրամական միջոցների) սեփականատիրոջ իրավազորությունների բնականոն իրականացումը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հաճախորդի հաշիվները սպասարկող բանկը կամ վարկային կազմակերպությունը կարող է արգելանք դնել հաճախորդի դրամական միջոցների վրա այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ:
««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծով առանձին կատեգորիաների անձանց սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու առաջարկ է արվում, մասնավորապես՝
Կարդացեք նաև
1) զոհված զինծառայողների ընտանիքների՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անդամներին ամենամսյա պարգևավճար կնշանակվի (ներկայացված դիմումների հիման վրա)՝ անկախ աշխատելու հանգամանքից:
2) զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անդամներին մինչև 2012 թվականի հունվարի 1-ը նշանակված կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակները կփոխարինվեն ամենամսյա պարգևավճարներով:
Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:
Կառավարության հաստատմանն էր ներկայացվել առողջությանը պատճառած վնասի ծանրությունը պարզելու նպատակով դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը և տարբեր վնասվածքների հետևանքով առաջացած ընդհանուր աշխատունակության կայուն կորստի տոկոսները: Դատաբժշկական փորձաքննություն իրականացնող փորձագիտական հիմնարկների կողմից իրականացվող դատաբժշկական փորձաքննությունների միասնական կարգի բացակայության պատճառով ստեղծվել են երկընտրելի գնահատողական չափորոշիչներ, ինչը պատճառ է հանդիսանում կրկնակի, լրացուցիչ և հանձնաժողովային փորձաքննությունների նշանակման և անցկացման, որը հանգեցնում է ժամանակի վատնման և ֆինանսական չարդարացված լրացուցիչ ծախսերի կատարման, քրեական գործերի նախաքննության ժամկետների ձգձգման: Ընդունված որոշումը միտված է կարգավորելու բոլոր հարցերը:
Գործադիր մարմնի հավանությանն են արժանացել Հադրութի շրջանի Տողի, Ուխտաձորի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խրամորթի ենթաշրջանների գյուղատնտեսության զարգացման 2015թ. ծրագրերը: Մոտավորապես 150մլն դրամի շրջանակներում իրականացվելիք ծրագրերով, առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման արդյունքում ակնկալվում է բնակչության կենսապայմանների աստիճանական բարելավում և բնակչության արտահոսքի կանխում գյուղական բնակավայրերից: Օրինակ բերելով նախորդ ենթաշրջանային ծրագրերի փորձը՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ նոր ծրագրերը կխթանեն գյուղատնտեսության զարգացումը շրջաններում:
Վտանգավոր սննդամթերքի, անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ առնչվող վտանգավոր նյութերի, սննդային և կերային հավելումների օգտահանման ու ոչնչացման գործընթացն առավել օպերատիվ և նպատակային կազմակերպելու և հստակեցնելու անհրաժեշտությունից ելնելով գործադիր մարմինը փոփոխություններ և լրացումներ է կատարել համապատասխան որոշման մեջ: Կառավարությունը հաստատել է նաև գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը:
Գործադիր մարմինը փոփոխություններ է մտցրել հանրապետության շրջանների 200 և ավելի բնակչություն ունեցող համայնքների խմելու ջրի մատակարարման համակարգերի զարգացման ծրագրում: Նախատեսված ծրագրով 22 համայնքներից 16-ում նախատեսված աշխատանքներն ավարտված են: Աշխատանքի խոշոր ծավալներով պայմանավորված, 6 համայնքում դրանք կերկարաձգվեն և կավարտվեն առաջիկա տարիներին:
ԼՂՀ-ում ռադիոհեռուստատեսային բնագավառում հեռարձակման զարգացման և թվային համակարգի ներդրման ծրագրով սահմանված է, որ բնակչության ավելի քան 90 տոկոսին պետք է հասանելի լինի թվային ազդանշանը, սակայն ծրագրի որոշ դրույթներ դեռևս ընթացքի մեջ են, ինչով պայմանավորված 2014 թվականի նախատեսված միջոցառումների մի մասը հետաձգվելու է 2015-2016թթ.: Վարչապետն ընդգծել է, որ դա ծրագրի իրականացման վերջին երկարաձգումն է, և հորդորել է հետամուտ լինել այս տարեվերջին այն ավարտին հասցնելու գործին: Արայիկ Հարությունյանի խոսքով` կառավարությունը, անհրաժեշտության դեպքում, միջամտելու է սոցիալապես անապահով խավի համար ծրագրով անհրաժեշտ սարքավորումներ ձեռքբերելու հարցում:
Կառավարության որոշման համաձայն` 2015 թվականի մայիսի 9-ի՝ Շուշիի ազատագրման 23-ամյակի կապակցությամբ և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ 100-հազարական դրամ միանվագ օգնություն կհատկացվի Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թվականների) մարտական գործողությունների մասնակիցներին և զոհվածների ընտանիքների անդամներին, իսկ 50-հազարական դրամ` Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և մասնակիցներին հավասարեցված անձանց:
Կառավարությունը հաստատել է ԼՂՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա ընդունելության՝ ըստ մասնագիտությունների անվճար և վճարովի բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման տեղերը և հեռակա ուսուցման վճարովի տեղերը: Որոշման համաձայն՝ ԱրՊՀ-ում բակալավրի կրթական ծրագրով 25 մասնագիտությունների գծով նախատեսված է 200 անվճար և 465 վճարովի տեղեր, <Հայաստանի ազգային ագրարային համալսարան>-ի Ստեփանակերտի մասնաճյուղում` 90 անվճար և 190 վճարովի, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 10 մասնագիտությունների գծով` 120 անվճար և 135 վճարովի տեղեր: ՀՀ 13 բուհերում 49 մասնագիտությունների գծով հատկացված են 60 անվճար և 20 վճարովի տեղեր:
Կառավարության ղեկավարը դժգոհություն է հայտնել, որ պահանջարկ ունեցող մասնագիտությունների ընտրության հարցում համապատասխան օղակներում բացատրական աշխատանք գրեթե չի կատարվում, այդ պատճառով գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և բնապահպանության ոլորտներում անհրաժեշտ մասնագետների պակասը չի լրացվում:
Կառավարության կողմից հաստատվել է նաև ԼՂՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա ասպիրանտուրայի մասնագիտությունների ցանկը, անվճար և վճարովի ուսուցման տեղերը և պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով (վճարովի) առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը:
Նոր ուսումնական տարվանից ԼՂՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) հաստատությունների թիվը ավելանալու է մեկով` գործելու է Շուշիի արհեստագործական նոր ուսումնարանը` ուսուցման նոր մեթոդներով: Վարչապետի խոսքով` կրթօջախի վարպետները վերապատրաստվել են Ֆրանսիայում և ժամանակակից տեխնոլոգիաներով ու փորձով պատրաստ են իրենց ունեցած գիտելիքները փոխանցել ուսումնարանի սաներին, ովքեր ուսումնառության տարիներին հնարավորություն են ունենալու համատեղելու ուսումն ու պրակտիկան: Ուսումնարանը ունենալու է հարմարավետ հանրակացարան: Վարչապետը հորդորել է շրջվարչակազմերի ղեկավարներին բացատրական աշխատանք տանել դպրոցականների և նրանց ծնողների շրջանում` ճիշտ մասնագիտություն ընտրելու հարցում:
Հարկային ոլորտը կարգավորող օրենքների պահանջներից ելնելով կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել և փոփոխության ենթարկել մի շարք որոշումներ:
Կառավարության որոշմամբ 2015 թվականի ապրիլի 1-ից գործողության մեջ է դրվելու ԼՂՀ անշարժ գույքի գնահատման նոր ստանդարտ, որը նպաստելու է հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատում իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի աշխատանքի որակի, ճշգրտությանը, արդյունավետության բարձրացմանը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Շահումյանի շրջանի Քնարավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նպատակային նշանակության 3,1 հա թփուտը փոխադրվել է էներգետիկայի օբյեկտների հողերի ցանկ` այնտեղ էլեկտրակայան կառուցելու նպատակով:
Օրակարգային հարցերի սպառումից հետո, կառավարության ղեկավարը անդրադարձել է ԱԺ-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործընթացում հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների աշխատանքներին: Կառավարության որոշմամբ՝ տրված են կոնկրետ հանձնարարականներ, որոնց կատարման համար անհրաժեշտ է համագործակցված աշխատանք կատարել մինչև ընտրությունների ավարտը՝ ընտրական հանձնաժողովներին աջակցելու և ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար:
Վարչապետը շեշտադրել է ոստիկանության և շրջանների վարչակազմերի աշխատանքների կարևորությունը՝ նշելով, որ այդ մասով աշխատանքների մեծ մասը արդեն ավարտված է, սակայն անհրաժեշտ է շարունակել հանձնարարականները ժամանակին և ամբողջությամբ կատարել՝ ընտրությունների կազմակերպման գործընթացում ներգրավված բոլոր մարմինների սերտ համագործակցությունը և կազմակերպչական բոլոր հարցերը բարձր մակարդակով ապահովելու համար: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է դիտորդների և հյուրերի համար պատշաճ ընդունելություն կազմակերպել :
Կառավարության ղեկավարը անդրադարձել է նաև հանրապետությունում ստեղծված ֆինանսական իրավիճակին: Վերջին ամիսներին աշխատավարձերի, թոշակների, պետական այլ պարտավորությունների կատարման՝ սովորական ժամկետներից ուշացումները, վարչապետի խոսքով, պայմանավորված են ամսվա կտրվածքով գումարների հավաքագրման գործընթացով: Նա նշել է, որ աշխատավարձերի, թոշակների և նպաստների ավելացումները ծանրացրել են պետության բեռը, սակայն կառավարությունը ձգտում է անել հնարավորինս, որ քաղաքացիների մոտ դժգոհություններ չլինեն:
Հայցելով քաղաքացիների ներողամտությունը վճարումների ձգձգման համար՝ վարչապետը հավաստիացրել է, որ ապրիլից ամեն ինչ կկարգավորվի: Նա հանձնարարել է նաև, որ աշխատավարձերը բաշխվեն նախ կրթության, առողջապահության համակարգերի, ապա նոր միայն պետական կառավարման մարմինների աշխատակիցներին:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին