Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում ընդդիմություն չկա». ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Մարտ 30,2015 17:44

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանի համոզմամբ, Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը պարտվելու է:

Հիշեցնենք, որ ընտրությունները նշանակված են մայիսի երեքին, իսկ այսօրվանից քարոզարշավը մեկնարկել է:

Ըստ պատգամավորի, ընտրողները բարդ իրավիճակում են հայտնվել, որովհետեւ պարզ տեսնում են, ընդդիմադիրների՝ խորհրդարան մտնելու շարժառիթները: «Մի մասն ուզում է ճանաչվի, մյուս մասը միայն մանդատ է ուզում ստանա: Ընտրության ելքն արդեն որոշված է: Ժողովուրդը ընդդիմությանը չի ընտրի, որովհետեւ պառակտված են, միասնական ճակատով չեն ներկայանում: Մեկն ասում է՝ ես եմ ընդդիմություն, մյուսն ասում է՝ ես եմ ընդդիմություն: Նման պարագայում ընդդիմությունը ձայն չի հավաքի, առավելագույնը միասին կհավաքեն 5 % տոկոս ձայն»,- Aravot.am-ին ասաց պատգամավորը:

Նա այս ընտրություններին չի մասնակցի. անիմաստ է համարում. «Խորհրդարանական ընդդիմություն չկա: Ես միայնակ էի խորհրդարանում, որոշեցի մնալ արտախորհրդարանական ընդդիմություն, քանի որ քսաներկու տարի է ընդդիմության մեջ եմ, չեմ շեղվել իմ սկզբունքներից: Իսկ երիտասարդ կուսակցությունները անփորձի կամ պրեստիժի համար խորհրդարան մտնելու տպավորություն են ինձ վրա թողնում: Նրանց ցանկությունը անձնական է, ոչ թե հանրային: Ընդդիմադիր կեցվածք ունեցող պատգամավորներ առաջիկա խորհրդարանում չենք ունենա: Այդ պատկերը տեսնելով չցանկացավ ոչ մի քաղաքական ուժի հետ պայքարի գնալ: Որովհետեւ իմ խնդիրը միայն խորհրդարան մտնելը չէ, իսկ իրենց խնդիրը ամեն գնով միայն խորհրդարան մտնելն է»:

Նա ընդդիմությանը որակեց կեղծ եւ իշխանության կողմից կառավարելի. «Ընդդիմություն գոյություն չունի»:

Պարոն Բադասյանը նկատեց, որ ի տարբերություն ընդդիմությանը, Արցախում իշխանական կուսակցությունները համախմբված են ու ժողովրդին չեն խաբում. «Ինչպիսին կան, այդպես էլ ներկայանում են ու միասնական ճակատով: Իսկ ընդդիմությունը լեզու չի գտնում: Այդ ընդդիմությունը 2012-ին մեկ թիմ էր, ի՞նչ պատահեց, որ երկու տարի անց շեղվեցին: Այդ կուսակցությունները դրսից կամ ներսից ստվերային ղեկավարող կողմը հակադիր մարդիկ են, պարզ երեւում է, որ նրանց տերերը թույլ չեն տալիս, որ միասնական հանդես գան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031