Ի՞նչ խնդիրների է հանդիպել հայկական բիզնեսը հունվարի 2-ից սկսած: Հիշեցնենք, որ հենց այդ ժամանակ Հայաստանը պաշտոնապես անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: «Խնդիրները հիմնականում տեխնիկական եւ իմացական բնույթի են, քանի որ մենք մտնում ենք նոր նորմատիվ-իրավական դաշտ»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը`«Եվրասիական տնտեսական միության շուկան առանց խոչընդոտների» թեմայով քննարկումից առաջ` հավելելով, որ տարբեր միջոցառումների ժամանակ փորձում են այդ հարցերը լուծել, սակայն, պրակտիկ գործունեությունն ամեն անգամ նոր լուծումներ է պահանջում:
«Մեր խնդիրները հիմնականում գալիս են ՌԴ շուկայի գնողունակությունից, ռուբլու արժեքից, ինչն այս մի քանի ամիսների ընթացքում բավական զսպել է մեր արտահանման ներուժը: Այսօր հույս ունենք, որ ռուբլին կայունանում է, ՌԴ-ում գների ազատականացում կիրականացվի եւ հայկական ապրանքների հետ աշխատող մեր գործընկերները կկարողանան կայուն ու երկարատեւ պայմանագրեր կնքել»,- ասաց Արսեն Ղազարյանը`նկատելով, որ այս պատճառով է հունվար-փետրվարին դեպի ՌԴ եւ ԱՊՀ տարածք արտահանումների լուրջ նվազում եղել: Մնացյալ` իրավապայմանագրային հարթության խնդիրներն, ըստ նրա, հեշտությամբ կլուծվեն:
Բոլոր ցուցանիշները եւ վերլուծությունները հուշում են, որ այս տնտեսական տարին բարեհաջող չի լինելու: Արսեն Ղազարյանն այդ ամենով հանդերձ, պնդում է. «Անկումային տարի չենք ունենա: Կունենանք ՀՆԱ-ի ավելի նվազ աճ, քան կանխատեսվող 0,5-2 տոկոսն է. այնուհանդերձ, տարին պետք է համարել ռեսուրսների կուտակման, վերադասավորման եւ պլանավորել 2016-ի զարգացումները: Սա շատ նման է 2009-ի ճգնաժամային իրավիճակին, երբ մինչեւ հունիս-հուլիս մեզ մոտ կատաստրոֆա էր»:
Հայաստանի արտաքին պարտքի աճը, բարձր տոկոսադրույքով թողարկված կես միլիարդ դոլարի պարտատոմսերը մարելու հեռանկարը Արսեն Ղազարյանին չի մտահոգում, քանի որ մեր երկիրը կոմպակտ շուկա է եւ համաշխարհային տնտեսության մեջ էական ազդեցություն չի ունենում: Նրան առավել մտահոգում է մեր տնտեսության մեջ ռեսուրսների ներգրավումը. «Իսկ պարտքերը մի գեղեցիկ օր կամ ներում են, կամ ջրում են, կամ կիսում են»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ