ՀՀ վարչական դատարանը բավարարեց «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հ/կ ղեկավար Կարեն Հեքիմյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱԳՆ-ի:
Հիշեցնենք, որ Կարեն Հեքիմյանն ԱԳՆ-ից պահանջում էր. «Վերականգնել իր իրավունքները, որոնք խախտվել են ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանատան անարդար և կողմնակալ գործողություններից։ Վերականգնել իր և ՀՀ բարի համբավը, որի վրա փորձ է արվում ստվեր գցել «անարժանահավատ» (կեղծ) փաստաթղթերի իմաստով։ Միջոցներ ձեռնարկել ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանատան անարդար և կողմնակալ գործունեության արդյունքում իր կողմից կրած նյութական վնասները վերականգնելու համար։ Միջոցներ ձեռնարկել ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանատան գործունեությունը նպատակաուղղելու իրավական դաշտ «Դիվանագիտական կապերի մասին» Վիեննայի Կոնվենցիային համահունչ»: Դատարանի վճռով ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է ընթացք տալ Կ.Հեքիմյանի` 21.07.2014 թվականի դիմումին և պատասխանել դրան գրավոր: Հօգուտ Հեքիմյանի ԱԳՆ-ից կբռնագանձվի 4.000 դրամ:
Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Հեքիմյանը նշեց. «Կսպասեմ, որ վճիռը օրինական ուժի մեջ մտնի: Եթե դատավճիռը չկատարեն, ապա հարկադիր կատարման ծառայության միջոցով կփորձեմ հասնել նրան, որ ԱԳՆ-ն իմ պահանջներին ընթացք տա: Ստացվում է, որ իմ պահանջը տրամաբանական էր այն իմաստով, որ ՀՀ ԱԳՆ-ն պետք է պաշտպանի իմ` ՀՀ քաղաքացու իրավունքը, ինչը նաև դատավճռով իրավաչափ համարվեց»: Կարեն Հեքիմյանը նշեց, որ ԱԳՆ ներկայացուցիչները պարտաճանաչ գալիս էին դատարան և առարկություններ ներկայացնում. «Իմ պահանջն է, որ ՀՀ ԱԳՆ-ն պաշտպանի ՀՀ քաղաքացիների շահերը, իրենք քանի որ առարկում են դրա դեմ, ուրեմն չեն ուզում, որ ՀՀ ԱԳն-ն պաշտպանի ՀՀ քաղաքացիների իրավունքները: Կամ իրենք հայերեն լավ չեն հասկանում, կամ էլ իմ պահանջը միտումնավոր խեղաթյուրում են, քանի որ վիզայի հետ կապված պահանջ չկա»:
Aravot.am-ը ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Անի Խլղաթյանից հետաքրքրվեց` վճիռը բողոքարկելու՞ են, նա պատասխանեց. «Որ բողոքարկենք, կիմանաք, հարցը քննարկման ենթակա է և այս պահին հրապարակման ենթակա ինֆորմացիա չէ: Մենք դեռ ժամանակ ունենք:
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը` Կարեն Հեքիմյանը նշում է, որ իրենք առարկում էին իր այն պահանջին, թե ՀՀ ԱԳՆ-ն պետք է պաշտպանի ՀՀ քաղաքացիների իրավունքները, Անի Խլղաթյանն արձագանքեց. «Նման բան չկա, մենք առարկել ենք հայցապահանջին, քանի որ պարզաբանել ենք, որ ՀՀ ԱԳՆ-ն իրավասու չէ այն կտրվածքով, որ պահանջը վիզայի տրամադրման մերժման ընթացակարգի հետ էր կապված: Մնացածը դատական բողոքարկման մյուս ատյաններում կտեղեկացվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ