Էստոնիայի իշխանություններն ու լրատվամիջոցները ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու վերաբերյալ հարյուրավոր էլեկտրոնային նամակներ ստանալու պատճառով հանկարծակիի են եկել: Էստոնական լրատվամիջոցներն այս շաբաթ հոդվածներ են տպագրել հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու կոչով աննախադեպ քանակությամբ էլեկտրոնային նամակների տարափի մասին: Հոդվածների տակ էստոնացիները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Եվ այսպես՝ «2 քայլ, 1 րոպե, հանուն 1,5 միլիոնի» ակցիայի համակարգող խումբը համարում է, որ ակցիան Էստոնիայում հասել է իր արդյունքին: Մեկ շաբաթ անընդմեջ հայ երիտասարդ պատմաբանների գրած նամակը հարյուրավոր մարդիկ ուղարկել են Էստոնիայի իշխանություններին ու արդյունքում այդ երկրում սկսվել է քննարկում հայոց ցեղասպանության վերաբերյալ: Էստոնական թերթերից մեկին անվտանգության մասնագետ ասել է, որ հայկական ցեղասպանությունը ճանաչելու ու դատապարտելու այս նախաձեռնությունը հնարավոր չէ որեւէ կերպ կանգնեցնել, որովհետեւ նամակները իշխանություններն ու լրատվամիջոցները ստանում են տարբեր էլեկտրոնային հասցեներից եւ սա սպամ չէ:
Նույն հոդվածում հայկական համայնքի ղեկավարը հայտարարել է, որ իրենք որեւէ կապ չունեն այս նախաձեռնության հետ: «2 քայլ, 1 րոպե, հանուն 1,5 միլիոնի» ակցիայի համակարգող խումբը ցավով արձանագրում է նաեւ, որ Էստոնիայի հայ համայնքի նախագահ Ռազմիկ Իվանյանը ճիշտ չի ընկալել ակցիայի նպատակն ու թերթերից մեկին տված հարցազրույցում հայերի փոխարեն ներողություն է խնդրել Էստոնիայի իշխանություններին: Ավելին՝ Իվանյանը հայտարարել է, որ ամեն ինչ կանեն կազմակերպիչներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար:
«2 քայլ, 1 րոպե, հանուն 1,5 միլիոնի» ակցիայի համակարգող խումբը տարբեր երկրներում բնակվող հայորդիներին հորդորում է զերծ մնալ անպատասխանատու հայտարարություններից եւ հանդես գալ բացառապես միայն սեփական նախաձեռնությունների համար: Բացի այդ խումբը Ռազմիկ Իվանյանի համար պարզաբանում է, որ էլեկտրոնային նամակ գրելը հանցագործություն չէ, յուրաքանչյուր քաղաքացի, մարդ իրավունք ունի նամակ գրել յուրաքանչյուրին: Եվ այսպես ամփոփելով Էստոնական շաբաթը «2 քայլ, 1 րոպե, հանուն 1,5 միլիոնի» ակցիան շարունակում է էլեկտրոնային նամակների հաղթարշավը:
Կարդացեք նաև
Այս շաբաթ՝ մարտի 30-ից ապրիլի 5-ը հայտարարում ենք Գերմանիայի շաբաթ: Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հայ երիտասարդ պատմաբանների գրած նամակը գերմաներեն, նաեւ էլեկտրոնային հասցեները կարող եք գտնել այս հղումով:
Հիշեցնենք, որ «2 քայլ, 1 րոպե, հանուն 1,5 միլիոնի» ակցիան ամեն շաբաթ հայտարարում է հայոց ցեղասպանությունը չճանաչած երկրի շաբաթ ու այդ երկրի իշխանություններին ու լրատվամիջոցներին ուղարկում երիտասարդ հայ պատմաբանների գրած նամակները: Ակցիան տարածվում է սոցիալական կայքերով ու բոլորին կոչ անում մասնակցել՝ իրենց էլեկտրոնային հասցեից նամակ ուղարկելով հայտարարված հասցեներին:
Երիտասարդ առաջնորդների դպրոց,
Երիտասարդ պատմագետների ասոցիացիա,
Աջակցությամբ Ամերիկայի հայկական համագումարի