Լրահոս
Օրվա լրահոսը

Տատյանա Վալովայա. Եկող տարի հայ գործարարները կօգտվեն ԵՏՄ-ի առավելություններից

Մարտ 30,2015 17:10

«Մենք նպատակ ունենք լսել հայ գործարարներին ու հասկանալ`զարգացման համար ի՞նչ խնդիրներ կան`իրենց տեսանկյունից»,- այսօր, Երեւանում ընթացող «Եվրասիական տնտեսական միության շուկան առանց խոչընդոտների» թեմայով քննարկումից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան: Լրագրողները հետաքրքրվել էին` ի՞նչ բարդություններ կան ԵՏՄ-ում`բիզնեսի զարգացման համար, դրանցից որոնք է հնարավոր կարճ ժամանակահատվածում լուծել:

Տատյանա Վալովայան նկատեց, որ Եվրասիական տնտեսական միության անցումային փուլի ավարտին ենք ու նման քննարկումները կարեւոր են նրանով, որ տարբեր խնդիրներ, տարբեր երկրներում այլ կարեւորություն ունեն: Օրինակ, կան ութ ապրանքատեսակներ`ալկոհոլ, ծխախոտ, դեղորայք եւ այլն, որոնց համար չեն գործում ընդհանուր մաքսային կանոնները: Որպեսզի ասենք հայկական ալկոհոլը օրինական կերպով հայտնվի ՄՄ անդամ երկրների շուկաներում, անհրաժեշտ է ակցիզներ գնել, դրանք համապատասխանեն չափանիշներին եւ այլն: Այժմ քննարկումներ են տարվում, նման խնդիրները կարգավորելու եւ դյուրացնելու համար:

Լրագրողները հետաքրքրվեցին, նաեւ թե որքանո՞վ է հնարավոր առաջիկայում ԵՏՄ տարածքում միասնական արժույթի անցնելը: Հիշեցնենք, այդ մասին օրեր առաջ հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Տատյանա Վալովայան նկատեց, որ դա ՌԴ նախագահի առաջարկն է ու երբ ՌԴ-ն խոսում է միասնական արժույթի մասին, դա բնավ չի նշանակում, որ վաղը պետք է անցնել միասնական արժույթի. «Խոսքը նրա մասին է, որ ֆինանսական, մակրոտնտեսական ոլորտում պետք է ԵՏՄ անդամ երկրների միջեւ փոխհամագործակցությունն ամրապնդենք»: Տիկին Վալովայան նկատեց նաեւ, որ ՌԴ ռուբլու արժեզրկման արդյունքում ԵՏՄ անդամ երկրների արտահանողները խնդիրների առջեւ կանգնեցին: Այս տեսանկյունից, ՌԴ ռուբլու արժեզրկմանը դիմակայելու հարցում, ԵՏՄ անդամ երկրների առավելությունն այն է, որ համատեղ կարող են խնդիրը հաղթահարելու ելքեր փնտրել: «Ֆինանսական համագործակցությունն այդ ուղին է»,- ասաց նա:

Ամեն դեպքում, Տատյանա Վալովայան կարծում է, որ դեռ վաղ է միասնական արժույթի մասին խոսելը: Նա բերեց ԵՄ-ի օրինակը, երբ միասնական արժույթի`եվրոյի գոտի անցնելը, տասնամյակներ տեւեց. «Մինչ ֆինանսական միություն ստեղծելը, պետք է տնտեսական միություն ստեղծել: Պետք է լիարժեք, միասնական շուկա ստեղծել, լիարժեք տնտեսական միություն ստեղծել, մեծացնել ապրանքաշրջանառությունը, փոխադարձ ներդրումները ու դրա հիման վրա անցնել միասնական արժույթի»: ԵՏՄ-ում, այս առումով, ուսումնասիրում են ԵՄ-ի փորձը եւ հետեւություններ են անում, թե ինչպե՞ս առավել արդյունավետ անցնեն այդ ճանապարհը: Տատյանա Վալովայան չգիտե`որքա՞ն ժամանակ կպահանջվի դրա համար:

Թե ինչո՞ւ առաջարկը հնչեց ՌԴ-ի կողմից, տիկին Վալովայան ասում է, որ ՌԴ-ում տեսնում են թե իր տնտեսական խնդիրներն ինչպես են անդրադառնում միության անդամ երկրների վրա: Այդ է պատճառը, որ փորձում են ՌԴ իրավիճակը մեղմելու տարբերակներ գտնել:

Նկատի ունենալով, որ անցած տարի, ԵՏՄ անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է եւ ՌԴ տնտեսության առջեւ դեռ լուրջ մարտահրավերներ կան, լրագրողները հետաքրքրվեցին`ի՞նչ կանխատեսումներ կան առաջիկայի մասով: Տատյանա Վալովայան հորդորեց ապրանքաշրջանառության անկման մասով դատողություններ չանել զուտ թվերով: Նա պնդում է, որ ապրանքաշրջանառության կառուցվածքը ԵՏՄ-ում բարելավվել է`բնական պաշարների չափաբաժինը կրճատվում է, փոխարենը ավելանում է գյուղատնտեսական, արդյունաբերական, մեքենաշինական եւ այլ արտադրանքների չափաբաժինը:

ԵՏՄ անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառության նվազման միտումը նա բացատրում է նաեւ համաշխարհային շուկայում որոշ ապրանքատեսակների գների անկմամբ: Հետեւաբար, այս իմաստով, Տատյանա Վալովայան իրավիճակն այդքան էլ անմխիթար չի համարում: Ավելին, նա կարծում է, որ նման անկումներից հետո միանգամայն հավանական եւ արդյունավետ են կտրուկ վերելքները, քան տարիներ շարունակ զարգացման 0,5 տոկոսի սանդղակում մնալը: «Այս տարին բարդ է լինելու, բայց հիմնաքարային է լինելու հաջորդ տարի՝ ապրանքաշրջանառության աճի իմաստով: Եկող տարի Հայաստանն արդեն իրական արդյունքներ կստանա թե ԵՏՄ մյուս երկրներից արտահանումների առումով, թե հայկական գործարար շրջանակներն արդեն կկարողանան օգտվել այն առավելություններից, որը ընձեռում է ԵՏՄ-ն»,- խոստացավ Տատյանա Վալովայան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031