Գյումրու Թատերական հրապարակում Ժիրայր Սեֆիլյանի ելույթի ժամանակ դանակահարված Հրաչիկ Միրզոյանը դեռ 10 օր բուժում կստանա Գյումրու բժշկական կենտրոնում: Նա այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը կայուն է, 3-4 օրից նոր միայն կտեղափոխվի հիվանդասենյակ: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը: «Հիմնադիր խորհրդարանի» անդամին դանակահարելու փաստի առթիվ թեեւ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը», սակայն միջադեպի մասնակիցները դեռ հայտնաբերված չեն:
Նշենք, որ միջադեպից մի քանի ժամ անց «Հիմնադիր խորհրդարան» -ը տարածեց այն անձի լուսանկարը, որը, ըստ Հրաչիկ Միրզոյանի, դանակահարել է իրեն: Aravot.am-ը «Հիմնադիր խորհրդարան» ի Գյումրու պատասխանատու Արամ Հակոբյանին հարցրեց, թե դուք՝ որպես գյումրեցի, ճանաչո՞ւմ եք այդ անձին: «Հրաչիկը ինքն է ճանաչել՝ տեսնելով լուսանկարը: Այո, ես իմացել եմ, որ նա ատամնաբուժ Գեւորգի տղան է, անունը Ռուդիկ: Բոլորն էլ գիտեն ով է դանակահարողը, ոստիկաններն էլ լավ գիտեն, հետախուզում են դրան, դեռ չեն հայտնաբերել: Ոստիկանները գնացել են, տանը չի եղել, ինչի՞ պիտի մնա տանը… Ինձ տարան հարցաքննության քննչական բաժին, ասում էին նկարագրի դեպքի մանրամասները՝ ինչպե՞ս տեղի ունեցավ, ես ցուցմունք տվել եմ»:
Հետաքրքրվե՞լ եք, թե ինչով է զբաղվում այդ երիտասարդը, ո՞ւմ մոտ է աշխատում, ում է ծառայություններ մատուցում: «Ինչո՞վ պիտի զբաղվի, այդ ամբողջ շայկան ձրիակեր, պորտաբույծ մարդիկ են , դրանք մարդ էլ չեն, անհայտ կենդանական ծագում ունեն, Գինեսի ռեկորդակիր պիտի համարես այն բժշկին, որը նրանց կենդանական տեսակը կհայտնաբերի… Դրանք ազգ, հայրենիք չունեն»,- զայրացած ասաց Արամ Հակոբյանը:
Ի դեպ, մենք Գյումրու բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ Հրաչիկ Միրզոյանին հարցաքննել են վիրահատությունից առաջ, նա հայտարարություն է տվել այդ օրը: Նրա փայծաղը վիրահատելուց, հեռացնելուց հետո քննչականից նրա մոտ ոչ մեկը չի այցելել, չի հարցաքննել, ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ հիվանդը վերակենդանացման բաժանմունքում է:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ