Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ իրավաբանի՝ «Հ/կ-ների մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը հ/կ-ների մեծամասնության կողմից ընդունելի է

Մարտ 30,2015 15:43

ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որի նախնական տարբերակը բազմաթիվ հասարակական կազմակերպությունների մոտ բողոքի առիթ էր դարձել:

Կազմակերպությունները մասնավորապես մտահոգված էին,  որ օրենքի հայեցակարգային տարբերակում առաջ քաշված մի շարք կետերի` մասնավորապես իրենց գործունեության վերաբերյալ պարտադիր տարեկան հաշվետվությունը ներկայացնելու արդյունքում, իրենք կարող են կորցնել ինքնուրույնությունը, եւ վտանգ կար, որ պետական վերահսկողությունը եւ պետության կողմից իրենց գործունեության մեջ միջամտելու լծակներն ավելի կուժեղանային: Օրենքի նախնական տարբերակում հ/կ ներկայացուցիչները միակ կետը, որ համարում էին ընդունելի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունն էր:

Օրենքի նախագծի նախնական եւ վերջնական տարբերակները համեմատելու համար Aravot.am-ը զրուցեց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն հ/կ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի հետ:

Մեր զրուցակիցը նշեց, որ կազմակերպությունների գործունեության հրապարակայնությունը եւ հաշվետվողականությունը խնդիրներից մեկն էր. «Ներկա օրենսդրությունն էլ է պահանջում որոշակի թափանցիկություն եւ հրապարակայնություն, անգամ գործող օրենքը նախատեսում է, որ լիազոր մարմնի ներկայացուցիչը ներկա գտնվի կազմակերպության ժողովին: Նախագծի նախնական տարբերակում հրապարակայնության եւ հաշվետվողականության պահանջը մի փոքր ավելի խիստ էր դրված, սակայն վերջին տարբերակով հ/կ-ները հասան նրան, որ անգամ այսօրվա գործող մեխանիզմը հանեցին, եւ լիազոր մարմնի ներկայացուցիչը ոչ թե ներկա է գտնվում ժողովին, այլ իրավունք ունի փաստաթուղթ պահանջելու: Պահանջի իրավունք ունի նախարարությունը, տրամադրման իրավունք ունի հ/կ-ն, որը նորմալ է, քանի որ պետք է հսկել նրանց գործունեության իրավականությունը»:

Օրենքի նախագծի նախնական տարբերակում պարտադիր աուդիտի վերաբերյալ կետ կար, որը հ/կ-ների պահանջով նախարարությունը հանել է վերջնական տարբերակում: Բոլոր հասարակական կազմակերպությունները պետք է պարտադիր աուդիտ ներկայացնեին, սակայն հիմա, ինչպես նկատեց Հերիքնազ Տիգրանյանը, պարտադիր աուդիտ կարող են ներկայացնել այն կազմակերպությունները, ովքեր ստացել են պետական կամ համայնքային ֆինանսավորում:

Օրենքի հայեցակարգային տարբերակում տեղ գտած խնդրահարույց մյուս խնդիրն էլ հ/կ-ներում կամավորներ ներգրավելու հարցն է. «Այսօր գործող օրենսդրությունը հնարավորություն չի տալիս, որպեսզի հ/կ-ները ազատորեն օգտագործեն կամավորների աշխատանքը, քանի որ օրենք չկա կամավորների մասին եւ ցանկացած կամավոր կարող էր որպես թաքնված աշխատուժ համարվել: Նախագծով առաջարկվում է հ/կ-ներին իրենց աշխատանքներում ներգրավել կամավորների եւ նրանք ոչ թե վարձատրվող աշխատանքներ կատարեն, այլ, եթե կամավորը 5 օր անընդմեջ գտնվի կազմակերպությունում, ապա նրա հետ կնքվի ոչ աշխատանքային պայմանագիր: Եւ եթե կամավորը իր կատարած աշխատանքի հետ կապված փաստացի ծախսեր է կատարում, դրանք փոխհատուցվեն: Պայմանագրի առկայությունը հենց կփակի այն խնդիրը, որ նրանք եղել են թաքնված աշխատողներ, դա նման է հաշվառելուն»,-նկատեց իրավախորհրդատուն:

Ինչ վերաբերում է ֆինանսական կայունության խնդրին, ներկա գործող օրենքը հնարավորություն չի տալիս անմիջականորեն ձեռնարկատիրությամբ զբաղվել: Մինչդեռ, ինչպես նշեց մեր զրուցակիցը, առաջարկվող նախագծով հնարավորություն է տրվում հ/կ-ներին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել կամ վճարովի ծառայություններ մատուցել:

Ամենակարեւոր կետը Հերիքնազ Տիգրանյանը համարում է դատական մատչելիության իրավունքը. «Այս նախագծում դա չեք տեսնի, վերջին տարբերակում այդ իրավունքն ամրագրվում է ոչ թե հ/կ-ների մասին օրինագծով, այլ վարչական դատավարության օրենսգրքում պետք է կատարվեն փոփոխություններ»:

Այս առաջարկները՝ նախնական տարբերակից մինչեւ վերջնական տարբերակի հասնելը, շատ են քննարկվել, վստահեցնում է իրավաբանը եւ հ/կ-ների համար լիբերալ տարբերակ է ընդունվել. «Այս պահի դրությամբ հ/կ-ները հասել են իրենց ուզածին՝ ե՛ւ ձեռնարկատիրությամբ զբաղվելու առումով, ե՛ւ ֆինանսական կայունության առումով, ե՛ւ դատական մատչելիության առումով: Այս պահի դրությամբ հ/կ-ները անհանգստանալու կարիք չունեն՝ ինչպես տարիուկես առաջ, հայեցակարգային տարբերակի ժամանակ: Այն ինչը հիմա կայքում տեղադրված է, կարծում եմ, հ/կ-ների մեծամասնության կողմից ընդունելի տարբերակ է»:

Իրավաբանի խոսքով՝ այս ամբողջ ընթացքում խնդիրը եղել է ձեւակերպումների մեջ, որպեսզի դրանց գաղափարը ճիշտ լինի, տարակարծությունների տեղիք չտա. «Այս ամենի հետ մեկտեղ կա նաեւ հարկադիր լուծարման պահանջ: Եթե հ/կ-ն նշված գործունեություններից մեկը չանի օրենքի շրջանակներում, նախարարության կողմից զգուշացման դեպքում չվերացնի խախտումները, ապա այն ենթակա է հարկադիր լուծարման»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031