Ծաղկաձորում լրատվամիջոցների հետ հանդիպեցին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավագիտության դոկտոր, դոցենտ Արթուր Ղամբարյանը, ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ Տիգրան Թամամյանը, քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ավագ քննիչ, իրավագիտության թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը:
Երկօրյա սեմինարի ժամանակ նրանք ներկայացրեցին քննիչ-ԶԼՄ-ներ փոխհարաբերությունները, ՀՀ քննչական կոմիտեի գործունեության առանձնահատկությունները, գործառույթները, նախաքննության գաղտնիք եւ նախաքննության տվյալ հասկացությունների մասին եւ քննիչից տեղեկություն ստանալու լրատվամիջոցի իրավունքի մասին հարցերի շրջանակը: Արթուր Ղամբարյանն անդրադարձավ նաեւ քննիչների կողմից տակտիկական հնարքների մասին հարցադրմանը, քննիչների հարցաքննության արդյունավետության բարձրացման հարցերին:
Նշվեց, որ միայն անցյալ տարի մինչդատական վարույթում 5 հազար կարճում է տեղի ունեցել, 54 մասնակի արդարացում:
Կարդացեք նաև
Լրատվամիջոցներին հետաքրքրում էր դեպքի վայրից անմիջապես տեղեկատվություն ստանալը չխոչընդոտելու հարցը, պատկան մարմնի կողմից քննչական գործողությունների ժամանակ լրատվամիջոցների մասնակցության հնարավորությանը: Քննիչների դիտարկմամբ, դեպքի վայրը անհրաժեշտ պաշտպանության տակ է գտնվում, եւ ապացույցները պետք է պահպանվեն, իսկ լրատվամիջոցների դիտարկմամբ, հաճախ խտրականություն է դրվում լրատվամիջոցների դեպքի վայրում գտնվելու եւ տեղեկատվություն տրամադրվելու ժամանակ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջը:
Կայքը դեռ գործարկման մեջ էր, այնտեղ կտրվեն համապարփակ տեղեկություններ ոչ միայն Քննչական կոմիտեի լիազորությունների, կառուցվածքի, ընդհանուր համակարգի, հանրությանը հետաքրքրող քրեական գործերի քննության ընթացքի մասին, այլ նաեւ քաղաքացիները կիրազեկեն իրենց իրավունքների ու պարտականությունների մասին։ Ի դեպ, կայքէջում կդյուրացվի նմանատիպ գործերի որոնումը, առանձնացվել են մարզերը: