Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Թուրքիան որ մեզ է մեղադրում, դա արհամարհանք ու ծաղր է»

Մարտ 30,2015 15:12

«Ապրիլի 24-ին մենք սեղանին պիտի դնեինք այն փաթեթը, թե ինչպես պետք է հարցը լուծվի: Բայց մենք ավելի շատ գնում ենք հին սովետական հոբելյաններ նշելու տարբերակով, հնարավորինս շատ աղմուկ, բայց ոչ ռեալ քայլեր», – այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ընդառաջ Հայոց ցեղասպանության 100-ամյակին այսպիսի կարծիք հայտնեց «Մոդուս վիվենդի» կազմակերպության ղեկավար Արա Պապյանը:

Նա նկատեց, թե հարցը իրավական դաշտ տեղափոխելու առումով որևէ ռեալ քայլ չի արվել: Դիտարկմանը, թե այդ առումով պետական մակարդակով քայլեր կատարելու մասին խոսվում է, պարոն Պապյանն ասաց. «Հարցը իրավական դաշտ տեղափոխելու առումով բացի հռչակագրից, ոչինչ չենք տեսնում: Իսկ այդ իրավաբանները մարդիկ են, որոնք իրենց աշխատանքից հետո հասարակական հիմունքով են աշխատում այդ ուղղությամբ: Դա այդպես չի արվում, այլ պետք է միջոցներ տրամադրվեին, ներգրավվեին մասնագետներ, որպեսզի ամբողջ իրենց ժամանակը կարողանային տրամադրել այդ գործին»:

Պարոն Պապյանը նկատում է, թե տարբեր երկրների խորհրդարաններին Հայոց ցեղասպանության հետ կապված բանաձև ընդունել տալն ավելի թանկ է նստում Հայաստանի վրա, քան նման մի խումբը պահելը:

Aravot.am-ի դիտարկմանը` Թուրքիայի նախագահ Էրդողանը ֆրանսիական հեռուստաընկերության եթերում Հայաստանին մեղադրել է Գալիպոլիի տոնակատարությունը խանգարելու փորձի մեջ, և վկայակոչելով իր անցյալ տարվա ապրիլի 23-ի ուղերձը` հայտարարել, թե «մենք միշտ խաղաղ ցանկություններով պարզել ենք մեր ձեռքը, բայց այն մշտապես մնացել է օդում», պարոն Պապյանն արձագանքեց. «Դա անհեթեթ մեղադրանք է, քանի որ որևէ փաստացի հիմք չունի: Ապրիլի 24-ը մշտապես, վաղուց ի վեր հոգեհանգստի օր է եղել, այնուհետև հիշատակի և ոգեկանչման օր: Որևէ այլ օր չի եղել: Իսկ Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությունները մշտապես նշել են մարտի 18-ին, քանի որ բուն ճակատամարտն այդ օրն է եղել: Անգամ դասագրքերում է մարտի 18 եղել: Հիմա ո՞նց եղավ, որ այս տարի ապրիլի 24-ին բերեցին, այն էլ այն պարագայում, որ այդ օրը որևէ կարևոր իրադարձություն Գոլիպոլիում չի եղել: Իրենք միտումնավոր ապրիլի 23-25-ին են նախաձեռնել:

Օրինակ` արքայազն Չարլզը չի գնում Թուրքիայի համար, այլ գնում է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի միավորման օրվա տոնակատարություններին մասնակցելու ապրիլի 25-ին: Իսկ եթե պետք է Թուրքիա գնա, կարող է ապրիլի 24-ին գալ Հայաստան, հարգանքի տուրք տալ, ապրիլի 25-ին գնալ Թուրքիա, մասնակցել լուսաբացի միջոցառումներին: Իսկ որ Թուրքիան մեզ է մեղադրում, դա ավելի վատ է, դա ավելին է, քան մերժելը, արհամարհանք ու ծաղր է, բաց վերքի վրա աղ լցնել»:

Մեր հստակեցմանը, որտե՞ղ ենք թերացել, որ այժմ դեռ մի բան էլ Թուրքիան է հայտարարում, թե ձեռք մեկնողն իրենք են, մենք էլ չարձագանքողը, Արա Պապյանը պատասխանեց. «Երբ մենք Թուրքիայի հետ ներգրավվում էինք տեղեկատվական պայքարի մեջ, նամակներ, հրավիրել և այլ, հաշվի պիտի առնեինք մի հանգամանք, որ Թուրքիայի հնարավորությունները` իր ձայնը լսելի դարձնել ավելի են, քան մերը: Հետևաբար` նամակագրական դաշտը լավ է, երբ սեր ես խոստովանում, բայց քաղաքականության մեջ չի աշխատի: Ֆրանսիական հեռուստաընկերությունը քանի հոգի էր նայում, քանի հոգի լսեց Էրդողանին ու հավատաց, որ իրենք են խաղաղության ձեռք մեկնողը: Մեր տեսակետը որտե՞ղ հնչեց, մենք ասում, մենք լսում ենք: Իսկ եթե հարցը կարողանայինք տեղափոխել իրավական դաշտ, եթե միջազգային դատարանը վերահաստատեր Վիլսոնի իրավարար վճիռը ու Թուրքիան օկուպանտ երկիր ճանաչվեր, նա չէր կարող մեղադրել մի երկրի, որի տարածքների ութսուն տոկոսը գրավել է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031