Լրահոս
Օրվա լրահոսը

Թրայան Հրիսթեա. «Հայկական ապրանքները Եվրամիության շուկայում մրցակցային առավելություն են ստանում». «Ազատություն»

Մարտ 30,2015 14:21

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեայի բացառիկ հարցազրույցը «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին:

«Ազատություն» – Եվրամիության և Հայաստանի միջև բանակցությունների, երկխոսության նոր փուլ է սկսվել, որը կարող է ի վերջո ավարտվել ինչ-որ համաձայնագրի կնքմամբ: Բացի այդ խոսակցություններ կան Հայաստանի և Եվրամիության միջև անցկացվող այսպես կոչված` «ոլորտների ճշգրտման վարժության» մասին, և ես փորձում եմ հասկանալ, թե դա իրենից ինչ է ներկայացնում: Այսինքն` խոսք է գնում համագործակցության ուղղությունների ճշգրտման մասին, այնպես չէ՞: Կարո՞ղ եք մի փոքր մեկնաբանել սա:

Հրիսթեա – Իրականում «ոլորտների ճշգրտման վարժությունն» ավարտված է, մեզ հաջողվեց այն վերջնական տեսքի բերել բոլորովին վերջերս: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում. դա վերաքննության պես մի բան է: Մենք մեր հայաստանցի գործընկերների հետ քննարկում ենք, թե ո՞ր ոլորտներում է հնարավոր համագործակցել, որոնց մասին կողմերը մտադիր են պայմանավորվածություններ ձեռք բերել և դրանք ամրագրել առաջիկայում բանակցվելիք և կնքվելիք համաձայնագրում: Պարզ ասած` սա լինելու է «ճաշացանկի» նման մի բան, կամ այն ամենի ցուցակ, ինչ մենք ներառելու ենք համաձայնագրում: Այսինքն` ի՞նչ ոլորտներում Հայաստանը կցանկանար տեսնել Եվրամիության ներգրավվածությունը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ճանապարհին:

«Ազատություն»․ – Այդ հարցը շարունակելով` դուք, օրինակ, տեսե՞լ եք ինչ-ինչ սահմանափակումներ, երբ փորձել եք Հայաստանի հետ քննարկել մարդու իրավունքների, ժողովրդավարության և նմանօրինակ զգայուն հարցերը, արդյո՞ք դժկամություն կամ դիմադրություն չեք զգացել Հայաստանի իշխանությունների կողմից, թե՞ նրանք ամբողջությամբ համաձայնել են համագործակցել այս ոլորտում:

Հրիսթեա. – Թույլ տվեք անկեղծ լինել և վերհիշել, թե ինչ տեղի ունեցավ Վիլնյուսում` Արևելյան գործընկերության գագաթաժողովում անցած տարի: Իրականում հենց հայկական կողմն է խնդրել, որպեսզի Եվրամիությունը շարունակի ներգրավվածությունը այն ոլորտներում, որոնք վերաբերում են օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարական հաստատություններին, մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին և քաղաքացիների ազատ տեղաշարժին: Այդ մասին համաձայնությունը արդեն իսկ ձեռք է բերվել անցած տարի` Վիլնյուսում:

Ինչ վերաբերում է սահմանափակումներին` հարցն այն է, թե ի՞նչ նոր պարտավորություններ է ստանձնել Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը ինտեգրվելու գործընթացի շրջանակում: Եվ այդ տեսանկյունից` առևտրի, մասնավորապես` մաքսային ոլորտի և տեխնիկական չափանիշների հարցում, իհարկե, սահմանափակումներ լինելու են, որովհետև դրանք արդեն կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության կողմից: Սա չի կարող Հայաստան – ԵՄ համաձայնագրի մաս կազմել, մնացած ոլորտները` այո, ոչ մի սահմանափակում: Իհարկե, մեր Արևելյան գործընկերության հիմնական առանձնահատկություններից մեկը «քաջալերման քաղաքականության» իրականացումն էր, կամ այսպես կոչված` «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը…

«Ազատություն»․ – Բայց այժմ դուք ունեք ոչ թե «ավելի ավելիի դիմաց», այլ «ավելին` ոչ մի բանի դիմաց», այնպես չէ՞…

Հրիսթեա․ – Ես չէի ցանկանա, հանդիսանալով դեսպան, մեկնաբանել դա: Կգերադասեմ գործածել ընդունված եզրույթները: Եվ այսպես` «քաջալերման քաղաքականությունը», որը նույնն է, թե` «ավելին ավելիի դիմաց», փորձում է քաջալերել այն երկրներին, որոնք ավելի շատ քայլեր են իրականացնում բարեփոխումների ուղղությամբ: Եվ քանի որ մենք Վիլնյուսում համաձայնություն ձեռք բերեցինք Հայաստանի իշխանությունների հետ, որ նրանք կշարունակեն բարեփոխումները, իսկ մեր ամեն տեսակի աջակցությունը և ֆինանսական միջոցները կուղղենք, որպեսզի աջակցենք այդ գործընթացին, կարելի է ասել, որ շատ բան չի փոխել, մեկ բացառությամբ` մենք վերանայելու ենք այն աջակցությունը, որը հարկ կլիներ տրամադրել, եթե ստորագրվեր Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիրը և անհրաժեշտ լիներ դրանից բխող բարեփոխումներ իրականացնել:

Իսկ քանի որ դա տեղի չունեցավ և այդ ոլորտը երկու կողմերի վերահսկողությունից դուրս է մնացել, դա, փաստորեն, չեղյալ է համարվում: Մյուս բոլոր պայմանավորվածությունները, որոնց շուրջ արդեն իսկ բանակցություններ ենք վարել, ուժի մեջ են մնում: Ավելին` անցած տարվա նոյեմբերին մենք հայկական կողմի հետ կնքեցինք այսպես կոչված` «աջակցության շրջանակ» կոչվող փաստաթուղթը, որը հնարավորություն է ստեղծում երկկողմ հարաբերությունների շրջանակում Հայաստանին աջակցություն ցուցաբերել` հենց բարեփոխումներն առաջ մղելու համար:

«Ազատություն»․ – Դա բավական զգալի գումար էր կազմում, այնպես չէ՞:

Հրիսթեա․ – Այո: Ավելին` բնակչության մեկ շնչին հասնող աջակցության չափով այն երկրորդն է` Մոլդովայից հետո:

«Ազատություն»․ – Պարոն դեսպան, ես կցանկանայի նաև խոսել տնտեսության մասին: Այն բանից հետո, երբ Հայաստանը մտավ ԵՏՄ, Ռուսաստանի տնտեսությունը սկսել է կտրուկ անկում ապրել: Վրաստանը, Մոլդովան` այն երկրները, որոնք ավելի մոտ են Եվրամիությանը` կնքելով Ասոցիացման համաձայնագրերը, այդքան չեն տուժել, որքան Հայաստանը: Արդյոք դա չի՞ նշանակում, որ Հայաստանը սխալ քայլ է կատարել ընտրելով Եվրասիական տնտեսական միությունը: Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը:

Հրիսթեա․ – Չէի ասի, որ դա ճիշտ որոշում էր, կամ սխալ: Կասեմ միայն, որ դա սուվերեն որոշում էր, որը պետք է հարգել: Սա, իրականում հենց այն է, ինչ մենք անում ենք: Սակայն խոսենք այն մասին, թե մենք ինչ ենք առաջարկում Հայաստանին տնտեսական զարգացման առումով: Իմ կողմից արդեն հիշատակված Եվրամիության աջակցության շրջանակով ձեռք բերված պայմանավորվածությունների մի մասը, իրականում շատ կարևոր մասը, ուղղվելու է մասնավոր հատվածի զարգացմանը:

Իսկ դա նշանակում է, որ մենք աջակցելու ենք փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտի կարգավորման շրջանակային օրենսդրության զարգացմանը, աջակցելու ենք սթարթափներին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, հեռանկարային ուղղություններին, որտեղ հնարավոր է արագացնել տնտեսական աճը: Մենք ունենք մասնագիտական և կրթական վերապատրաստման ծրագրեր, որոնք այժմ մտնում են նոր փուլ և մենք կցանկանայինք տեսնել, որ մեր այդ ծրագրերի շրջանավարտները աշխատաշուկայում գտնում են իրենց տեղը:

«Ազատություն»․ – Այստեղ, Հայաստանում:

Հրիսթեա․ – Այստեղ, Հայաստանում: Մենք ուզում ենք համոզված լինել, որ նրանց ձեռք բերած մասնագիտական կարողությունները կիրառություն են գտնում հայաստանյան աշխատաշուկայում: Մեր աջակցության մեկ այլ շատ կարևոր բաղադրիչի մասին խոսեմ, որը կապված է ավելի վաղ մեր քննարկած թեմաների հետ: Դա այսպես կոչված` GSP+ ծրագիրն է: Սա մի ծրագիր է, որով այսպես ասած` «Ընդհանուր նախապատվություններ» են տրվում: Եվ Հայաստանի համար գործում դրա լրացուցիչ նախապատվությունների համակարգը` այսպես ասած` «Ընդհանուր նախապատվություններ»+, որի պարագայում Հայաստանին հատուկ արտոնություններ են տրվում, եթե երկիրը շարունակում զարգացնել կառավարման արդյունավետությունը, օրենքի գերիշխանությունը, ժողովրդավարական հաստատությունները:

Այլ կերպ ասած` իրականացնում է այն պարտավորությունները, որոնք ստանձնել է նախկինում իր կողմից ընդունված 27 միջազգային կոնվենցիաներով, և դրա դիմաց ստանում է բավական մեծ թվով ապրանքատեսակներ առանց մաքսատուրքերի Եվրամիություն արտահանելու արտոնություն: Խոսքը վերաբերում է բավական մեծ տեսականու, ինչը նշանակում է, որ հայկական ապրանքները Եվրամիության շուկայում մրցակցային առավելություն են ստանում, քանի որ դրանց դիմաց ներմուծման հարկեր չեն վճարվում:

«Ազատություն»․ – Եվ այդ արտոնությունները կտրվեն, եթե Հայաստանը իրականացնի կոնկրետ քայլե՞ր…

Հրիսթեա․ – Այդ արտոնություններն արդեն իսկ տրվել են Հայաստանին, այս պահին GSP+ համակարգը գործում է: Պարզապես մենք անցկացնելու ենք այսպես կոչված դիտարկում կամ վերանայում, և հերթական նման դիտարկումը տեղի կունենա շատ շուտով: Մենք դիտարկելու ենք վերոհիշյալ 27 միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը, այդ մասին քննարկումներ ենք անցկացնելու տարբեր հանձնաժողովներում` ոչ միայն Եվրահանձնաժողովում, այլ նաև Եվրոպական խորհրդարանի մասնագիտացած հանձնաժողովում և անդամ երկրների մակարդակում, ինչից կախված է GSP+ -ի ռեժիմի հետագա պահպանումը: Ահա թե ինչու կարևոր է, որ մարդու իրավունքների այդ ամբողջ զամբյուղը այստեղ գործի:

«Ազատություն»․ – Սա շատ կարևոր կետ է, պարոն դեսպան: Ես կցանկանայի պարզաբանել սա մեր լսարանի համար: Սա, փաստորեն, նշանակում է, որ եթե Հայաստանը իրագործում է իր ստանձնած բոլոր պարտավորությունները, որոնց մասին նշվեց…

Հրիսթեա․ – Այո, 27 միջազգային պայմանագրերով ստանձնած․․․

«Ազատություն»․ – Այո, և եթե Հայաստանն իրականացնում է այդ պարտավորությունները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, ապա որոշակի հայկական ապրանքատեսակներ կարող են արտահանվել Եվրոպական միություն առանց հարկեր վճարելու: Սա հսկայական արտոնություն է, այնպես չէ՞:

Հրիսթեա․ – Այո, հույս ունենք, որ այդպես է և հենց այդ պատճառով էլ իրականացնում ենք այդ ծրագիրը:

«Ազատություն»․ – Եվ դա այժմ գործո՞ւմ է:

Հրիսթեա․ – Այո, եթե չեմ սխալվում` արդեն երկրորդ տարին է, որ դա գործում էր: Հայաստանի պարտավորությունների կատարման մասին զեկույցը ներկայացվելու է Եվրոպական խորհրդարանում 2016 թվականի հունվարի 1-ին:

«Ազատություն»․ – Կներեք ընդհատելու համար: Փաստորեն, եթե, ասենք, քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունները շարունակվեն, կամ նրանց դեմ բռնությունների գործով հետաքննությունը առաջ չի շարժվում, արդյո՞ք դա կազդի այս GSP+ արտոնությունների վրա, թե՞ ոչ:

Հրիսթեա․ – Այնքանով, որքանով դրանք մտնում են Հայաստանի ստանձնած պարտավորությունների մեջ` ըստ այդ 27 միջազգային պայմանագրերի, այո: Ես կցանկանայի նշել, որ, ծրագիրը կա` քանի դեռ շարունակվում է, օրինակ, խտրականության բացառումը, ընտանեկան բռնության դեմ պայքարը, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, կալանավայրերում վատ վերաբերմունքի, իրավապահների կողմից խոշտանգումների կիրառման բացառումը և նման այլ հարցեր, որոնք այս պարտավորությունների մեջ են մտնում: Եվ, որքան հասկանում եմ, Հայաստանում կա քաղաքական կամք այս ուղղությամբ առաջընթաց ապահովելու համար:

«Ազատություն»․ – Ապրանքների և ծառայությունների ի՞նչ քանակի մասին է խոսքը GSP+-ի դեպքում:

Հրիսթեա․ – Դա կարող է կազմել Հայաստանի կողմից արտահանվող ապրանքների մինչև 60 տոկոսը:

«Ազատություն»․ – Փաստորեն, չնայած այն բանին, որ Հայաստանը չստորագրեց Ասոցիացման համաձայնագիրը, Եվրամիության հետ որոշակի պայմանավորվածությունները պահպանվում են և այս նոր համաձայնագրով…

Հրիսթեա․ – Այո, մենք որպես մեկնակետ վերցնելու ենք Ասոցիացման համաձայնագիրը, վերցնելու ենք այն Գործողությունների ծրագիրը, որի գնահատմանն էլ հենց ուղղված է այս զեկույցը, և միակ բանը, որ մնում է հետագա առաջընթաց ապահովելու համար, դա բարեփոխումների շարունակականությունն է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031