Կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Նաիրա Մկրտչյանի համոզմամբ, Հայաստանը Չինաստանի համար վստահելի տնտեսական գործընկեր է: Նա վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականության լուրջ ձեռքբերումներից է համարում Սերժ Սարգսյանի վերջին այցը Չինաստան ու այցի շրջանակներում կնքված տասից ավելի համաձայնագրերը:
Այսօր «Հայացք» ակումբում փորձագետը կարեւորեց հատկապես Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին հուշագիրը, ՀՀ ԿԲ եւ Չինաստանի ժողովրդական բանկի միջեւ հայկական դրամ-չինական յուան երկկողմանի կարգավորումների համաձայնագիրը, ատոմային էներգիայի եւ իրավական ոլորտներում, ինչպես նաեւ տեխնիկատնտեսական համագործակցության, Չինաստանի կողմից արտոնյալ վարկի տրամադրման եւ այլ ոլորտներում ձեռք բերված համաձայնագրերը:
«Ֆինանսական համագործակցության զարգացման համար բարենպաստ կլինեն ազգային արժույթների փոխադարձ փոխանակումները: Չինաստանն արդեն տասնյակ երկրների հետ անցել է արժույթների փոխանակմանը»,- ասաց փորձագետը:
Անդրադառնալով Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախագծին` հիշեցրեց, որ այդ նախաձեռնությունը Չինաստանի նախագահինն էր, որը դեռ 2013-ին հայտարարել էր, որ Մետաքսի ճանապարհը ռազմավարական նախաձեռնություն է. «Այն ճանապարհների փունջ է, որը կմիացնի արեւմտյան, արեւելյան եւ կենտրոնական Ասիայի երկրները Եվրոպայի հետ: Սա տնտեսական համագործակցություն է եւ բաց է բոլոր երկրների համար: Արդեն ավելի քան 60 երկիր հայտնել է այս նախագծին միանալու իր ցանկության մասին»:
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի ընթացքում Չինաստանի նախագահի հետ քննարկել է նաեւ հյուսիս- հարավ տրանսպորտային միջանցքի, Հայաստանն ու Իրանը միացնող երկաթուղու կառուցման ծրագրերը. «Սա լրիվ ընկնում է Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու մեջ»:
Նա նաեւ հավելեց, որ ԵՏՄ-ն եւ Մետաքսի ճանապարհի կառուցումը լիովին համատեղելի տնտեսական գործընթացներ են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ