Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գյուղատնտեսության զարգացման համար հարկավոր է համախմբվել»

Մարտ 30,2015 13:27

Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը, գյուղատնտեսական ռիսկերի նվազեցումը, վերամշակման ոլորտի զարգացումը, գյուղատնտեսության ոլորտում մասնավոր հատվածի ներգրավվածության բարձրացումը, հակակարկտային ցանցերի տեղադրումը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրումը եւ այլ ռազմավարական խնդիրներ ընդգրկված են «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված Գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թթ. կայուն զարգացման ռազմավարության նախագծում: Այս եւ այլ բազմաթիվ խնդիրներ այսօր լրագրողների հետ զրույցում առանձնացրեց Օքսֆամ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, պարենային անվտանգության ծրագրի պատասխանատու Ալեքսեյ Պետրոսյանը:

SAM_3848

Ռազմավարության նախագծի մշակման գործընթացին նվիրված հանրային քննարկման ժամանակ Ալեքսեյ Պետրոսյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ առանձնացվել են մոտ 20 ռազմավարական խնդիրներ. «Բացառիկ խնդիրներից մեկն էլ պարենային անվտանգության եւ գյուղատնտեսության զարգացման մեջ կանանց ներգրավվածության դերի զարգացումն է»:  Ռազմավարության ծրագրի մեջ ներառված են գյուղատնտեսության ապահովագրության հիմանական մոդելները:Ալեքսեյ Պետրոսյանը նշեց, որ ռազմավարական ամենակարեւոր քայլը կոոպերատիվների ստեղծման միջոցով մշակովի տարածքների աճի խթանումն է. «Երկրորդ կարեւոր խնդիրը, որի վրա դեռ շատ աշխատանք կա կատարելու, վերամշակության ոլորտի, արժեշղթայի զարգացումն է՝ ինչպես կապել գյուղացիներին, վերամշակողներին՝ մասնավոր հատվածի հետ»: Ինչ վերաբերում է վարկավորման հետ կապված խնդիրներին՝ Ալեքսեյ Պետրոսյանը տեղեկացրեց, որ ներգրավվել են միկրովարկային կառույցներ եւ կարեւոր շեշտադրում է կատարվել գյուղացիական վարկերի սուբսիդավորման վրա:

Հարցին, թե որքանո՞վ կավելանա գյուղացիների եկամուտը ծրագրի ներդրումից հետո, զրուցակիցը դժվարացավ պատասխանել, սակայն հույս հայտնեց, որ այն կլինի զգալի. «Շատ բան կախված է մեր հսկողությունից դուրս հանգամանքներից՝ գլոբալ զարգացումներից, վերջին տնտեսական դրությունից»:

SAM_3849

Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանն էլ, հարցին, թե հնարավոր չէ՞ որ սա լինի հերթական փաստաթուղթը, որն այդպես էլ իրականություն չի դառնա, պատասխանեց, որ, իհարկե, կան դեռ ուղղություններ, օրինակ օրգանական գյուղատնտեսության ուղղությունը, որտեղ համապատասխան միջոցների բացակայության պատճառով աշխատանքներ չեն տարվում, բայց կան գերակա ուղղություններ, որոնց շուրջ պարբերական աշխատանքներ են տարվում: Փոխնախարարը օրինակ բերեց, որ անցյալ տարի  մոտ 90 գյուղացիական կոոպերացիաներ են ստեղծվել:

Վայոց Ձորում գտնվող Վանքաձոր գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահ Նունե Ավագյանն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով կոոպերատիվների կարեւորությանը եւ գյուղատնտեսության ոլորտում դեռեւս չլուծված խնդիրներին, նշեց, որ կոոպերատիվները հենց մարտահրավերներին եւ ռիսկերին դիմակայելու համար լավ հնարավորություն են: Ըստ զրուցակցի՝ կոոպերացիաներից առաջ հնարավոր չէր համախմբվել եւ շուկայական հարաբերություններ ստեղծել. «Անհատը դա կարող է անել, բայց նա այդ շահույթը երբեւէ չի ստանա»: Այնուամենայնիվ, կոոպերացիաները զարգանալու շատ տեղ ունեն. «Պետք է անպայման գնալ ռազմավարական ծրագրերի հետեւից, պետք է լավ կառավարել ագրոբիզնեսը, շուկայական հարաբերությունները պետք է գրագետ կատարել: Կոնկրետ գյուղեր ունեն իրենց սպեցիֆիկան: Գյուղատնտեսության զարգացման համար պետք է զբաղվել այն գործով, ինչը առավել շահույթ է բերում, կոնկրետ ուղղություն ձեռք բերել: Կոոպերացիաների հաջողությունը նրանում է, որ մարդիկ շահույթները եւ ռիսկները միասին են կիսում, մարդիկ համախմբված աշխատում են: Գյուղատնտեսության զարգացման համար հարկավոր է համախմբվել»:

Տեղեկացնենք, որ ռազմավարությունը մշակվել է վերջին մեկ տարվա ընթացքում, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավվել են գյուղատնտեսության եւ պարենային անվտանգության ոլորտի շահառուներ, փորձագետներ, տեղական եւ միջազգային հ/կ-ներ:
Ծրագիրը դեռեւս հանրային քննարկումների փուլում է:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031