Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը ներկա չէր Աստանայի հանդիպմանը: Այս հարցին այսօր «Հայելի» ակումբում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը պատասխանեց. «Քաղաքական բացատրություն դրան չկա: Մենք ամեն ինչի մեջ քաղաքականություն ենք փնտրում: Բայց կան դեպքեր, որ քաղաքականություն փնտրել պետք չի: ԵՏՄ անդամ երկիր է Հայաստանը: Իմ տեսակետից, կան անձնական որոշակի խնդիրներ, որոնք քաղաքականությունից դուրս են: Մեծ տերություններ են մասնակից, ինչ-որ խնդիրներ են լուծում: Ես մասնակից չեմ, որ հստակ իմանամ, սա իմ տրամաբանությունն է: Դատելով նրանից, որ Պուտինը երկար հիվանդացավ, հետո հեռախոսազրույց ունեցավ Սերժ Սարգսյանի հետ, որը ցույց տվեց, որ իր եւ Սերժ Սարգսյանի անձնական հարաբերություններում խնդիրներ չկան»:
Ըստ Արամ Կարապետյանի, Պուտինն արդեն այն Պուտինը չի, որ բոլոր հարցերը կարողանա միանգամից լուծել: Աշխարհն արդեն մտնում է պոստպուտինյան դարաշրջան:
Խոսելով Ադրբեջանին նոր խմբաքանակի ռուսական զենք վաճառելու մասին՝ Արամ Կարապետյանն ասաց. «ՌԴ-ն մեր ստրատեգիական դաշնակիցն է եւ այդ առումով անհասկանալի են իր քայլերը: Դա ճիշտ է, երբ բարձրացվում է փորձագետների մակարդակով, ընդդիմության: Ես չեմ հասկանում իշխանության բարձրացրած հարցը: Իշխանությունը նրա համար է, որ իր ստրատեգիական դաշնակցի հետ գտնի լուծման ձեւերը: Պարզ է, որ ՌԴ-ն ունի իր շահը: Բայց կա ՀՀ իշխանություն,բա Լավրովի հետ հարաբերությունները, հանդիպումները, Սերգեյ Իվանովի հետ ամենաջերմ հարաբերությունները…»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ